Երկար ժամանակ լռում էի, չցանկանալով միջամտել Շեւչենկոյի անվան դպրոցի մանկավարժական կոլեկտիվի ներքին գործերին, սակայն զգալով, որ կոլեկտիվի որոշ անդամների կողմից շարունակվում է զրպարտչական նամակների հոսքը դեպի կրթության նախարարություն եւ ԶԼՄ-ներ, որոշեցի հանդես գալ հոդվածով: Արդեն երկրորդ տարին է, ինչ օրինական ճանապարհով դպրոցի տնօրեն է նշանակվել տիկին Էլեոնորա Թումանյանը: Որոշ մանկավարժներ, զգալով նոր տնօրենի խստապահանջությունը, որոշեցին ըմբոստանալ նրա դեմ: Այդպես էլ այդ մանկավարժները չցանկացան գիտակցել, որ դպրոցի կոլեկտիվի մեծամասնությունը հարգանք է դրսեւորում դեպի նոր տնօրենը եւ սիրով համագործակցում նրա հետ՝ դպրոցը խոր ճգնաժամից դուրս բերելու համար: Ստեղծված վիճակից հուսալքման եզրին կանգնած տնօրենը վերջերս մի զրույցի ժամանակ անկեղծացավ. «Որոշ մանկավարժների թվում է, թե ես եկել եմ դպրոցում դահիճի դեր տանելու համար: Ոչ, ես էլ մարդ եմ, հասկանում եմ իմ առաքելության նպատակները: Վերջիվերջո, թե մանկավարժները եւ թե դպրոցի վարչական աշխատողները պիտի հասկանան, որ դպրոցը կրթության օջախ է եւ յուրաքանչյուր ոք որոշակի պարտականություններ ունի իր վրա դրված, որոնք պետք է անշեղորեն կատարեն, իհարկե, այդ թվում՝ նաեւ ես»:
Հիմա, հարգելի վաստակաշատ մանկավարժներ, գուցե նկատեք այն դրական փոփոխությունները, որոնք կատարվում են դպրոցում: Ներքին ուժերով վերանորոգվեցին մի քանի դասարաններ, բարձրացավ դպրոցի սանիտարական վիճակը, շնորհիվ դպրոցի տնօրենի հետեւողականության՝ դպրոցը համալրվեց անհրաժեշտ գույքով, ջանքեր է գործադրում դպրոցում կարգուկանոն հաստատելու համար:
Մնում է մեզ, հարգելի վաստակաշատ մանկավարժներ եւ վարչական աշխատողներ, վայր դնել պայքարի հնամենի զենքերը եւ համագործակցել տնօրենի հետ՝ դպրոցի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրները լուծելու եւ դպրոցի հեղինակությունը բարձրացնելու համար: Չպետք է մոռանալ, որ հարյուրավոր աշակերտներ եւ ծնողներ հետամուտ են դպրոցում կատարվող իրադարձություններին: Դպրոցը կրթության օջախ է եւ ոչ թե ասիական «քուչի» շուկա:
ՎԱԶԳԵՆ ԱՎԱԳՅԱՆ
Կարդացեք նաև
դպրոցի պահակ, բանաստեղծ
«Առավոտ» օրաթերթ