Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կապանի նոր սողանքային գոտու հարցը հասել է կառավարություն

Հոկտեմբեր 05,2012 14:32

Եթե հարցը չլուծվի, Տավուշի սողանքի դեպքը կկրկնվի

Սեպտեմբերի 20-ին Կապանի վարչական տարածքում՝ Երեւան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի հարեւանությամբ, Շահումյան բանավան տանող ներհամայնքային ճանապարհի ձախ մասում, «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության հարակից տարածքում առաջացած հողի մակերեսի ճեղքվածքի պատճառները պարզելու համար Կապանի քաղաքապետարանը դիմել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: Նախարարին խնդրել էին արտակարգ իրավիճակը փորձաքննության ենթարկել՝ ռիսկայնությունը գնահատելու նպատակով: Նկատենք, որ որոշ մասնագետների համոզմամբ՝ հնարավոր փլուզման դեպքում հողի մեծ զանգվածը կլցվի եւ կփակի 200 մ հեռավորության վրա գտնվող միջպետական ճանապարհը, հողաշերտը կլցվի նաեւ «Դինո գոլդ մայնինգ քամփնի»-ի տարածք եւ բացի այդ, սողանքի մերձակայքում են տեղակայված էլեկտրացանցերի բարձրավոլտ հզորությամբ հենասյունը եւ «Հայջրմուղկոյուղի» ընկերության ջրամբարները:

Տեղում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 28-ին ԱԻՆ փրկարար ծառայության տարերային աղետների բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Մուրադյանի գլխավորած աշխատանքային խումբը՝ քաղաքաշինության նախարարության ինժեներատեխնիկական բաժնի պետի, ԱԻՆ օպերատիվ կառավարման վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի մոնիթորինգի եւ կանխատեսումների բաժնի պետի, Սյունիքի մարզային փրկարարական ծառայության աշխատակիցների, Կապանի քաղաքապետարանի, Սյունիքի մարզպետարանի, «Հայջրմուղկոյուղու» «Կապան» տեղամասի, «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության, Էլեկտրացանցի տարածքային կառույցի մասնագետների մասնակցությամբ, այցելել էին սողանքի վայր:

ԱԻՆ փրկարար ծառայության տարերային աղետների բաժնի պետ Արթուր Մուրադյանի խոսքով՝ «Սողանքային մարմինը բավականին ուշ է հայտնաբերվել, ինչն առաջացել է երկարատեւ գործընթացների արդյունքում: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ամենաքիչը մի քանի տարիների ընթացքում ձեւավորված սողանքային մարմին է, բայց ուշ է հայտնաբերվել, քանի որ «Դինո գոլդ մայնինգը» տարածքն ամբողջովին փակել է (դա Կապանի վարչական տարածքն է եւ տվյալ ընկերությանը չի պատկանում,- Մ. Ս.): Իսկ մեր մասնագետներն ընթացքում չեն կարողացել պարբերաբար ուսումնասիրություններ կատարել փակ տարածքում, ընկերության աշխատողներն էլ ուշ են դա նկատել, միայն այն ժամանակ, երբ տարածքում տեղակայված 35 հազար վոլտ սնուցող էլեկտրասյունը թեքված էր, իսկ լարը՝ կախված: Տեսնելուց հետո եղել են տեղում եւ արձանագրել, որ ճաքեր կան առաջացած եւ բավականին ակտիվ ու արտահայտված սողանքային երեւույթներ: Երկրաբանահետազոտական ուսումնասիրությունների արդյունքում գրունտային ջրերի առկայությունը դեռ պետք է ստուգվեն, բայց շատ հնարավոր է նաեւ, որ լանջի վերեւում տեղակայված, Սյունիք գյուղական համայնքը սնուցող խմելու ջրի ջրավազանի եւ նրանցից դուրս եկող խողովակների բացթողումներից կուտակված ջրերը նպաստած լինեն, այդ ջրավազանը եւ դրանից դուրս եկող խողովակաշարը պետք է հետազոտվի, որովհետեւ բավականին լուրջ վնասվածքներ կարող են լինել»: Տեղում նաեւ սողանքի տեղաշարժման ակտիվացման գրաֆիկ է կազմվել, եւ ըստ պարոն Մուրադյանի՝ օգոստոսի 23-ից մինչեւ օգոստոսի 28-ն ընկած ժամանակահատվածում միջին արագության տեղաշարժ գրանցվել է մեկ ուղղությամբ, իսկ մնացած երկու ուղղություններով տեղաշարժը բավականին նվազել է:

«Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հարցը բարձրացրել է կառավարությունում, որպեսզի մասնագիտական խումբ այցելի Կապան, տեղում համապատասխան ուսումնասիրություններ կատարվեն՝ հետագա կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով»,- ասաց Արթուր Մուրադյանը:

Սյունիքի մարզային փրկարարական վարչությունն իր հերթին է գրությամբ դիմել Կապանի քաղաքապետարան, որպեսզի վերջինս «Հայջրմուղկոյուղի» ընկերությունից համապատասխան տեղեկատվություն ճշտի սողանքային տեղամասով անցնող ջրագծերի եւ Սյունիք գյուղական համայնքը սնուցող ջրագծերի եւ ջրավազանի տեխնիկական վիճակի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացանք քաղաքապետարանից՝ հոկտեմբերի 1-ին իրենց կողմից գրություն է ուղարկվել ջրամատակարար ընկերությանը՝ նշված հատվածում ընկերության կողմից շահագործվող ջրագծերի եւ ջրավազանների եւ այլ ինժեներական կառույցների ցանկի, տեխնիկական տվյալների, ինչպես նաեւ դրանց վրա կատարված նորոգման եւ վերազինման աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով: Նաեւ առաջարկել են համապատասխան կառույցների հետ համատեղ կատարել հետազոտություն եւ փորձաքննություն՝ ջրային համակարգերի իրավիճակը գնահատելու եւ դրանց հնարավոր ազդեցությունը սողանքային երեւույթների վրա պարզելու համար: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանն էլ իր հերթին հավաստիացնում է, որ ընկերությանը պատկանող ջրամբարները եւ ջրատար խողովակները չեն կարող սողանքի պատճառ լինել, քանի որ 2 ջրամբարից մեկը չի գործում, մյուսն էլ կիսով չափ է լցվում, իսկ 100 մլմ տրամաչափ ունեցող խողովակաշարերը հողի շերտի վերեւում են եւ, եթե վթարներ լինեն կամ մաշված տեսք ունենան, անպայման տեսանելի կլինեին: «Մենք նման խնդիր չունենք, սողանքային գոտում կուտակված ջրերը մեզ հետ կապ չունեն, արդեն 30 տարուց ավելի է, որ այդտեղ ջրեր են կուտակվում, հնարավոր չէ, որ մեզ մոտ մի փոքր վթար լինի ու չերեւա, խողովակները հողի շերտի վրայով են անցնում ու տեսանելի են»,- «Առավոտին» փոխանցեց պարոն Գեւորգյանը: Իսկ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունից խնդրի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չհաջողվեց ճշտել:

Մեր ունեցած տեղեկություններով՝ սողանքային գոտու ներսի՝ ներքեւի, հատվածում շարունակվում են ստորգետնյա հանքում աշխատանքներ ու պայթեցումներ իրականացվել, սակայն ընկերությունից այդ տեղեկատվությունը հերքող կամ հաստատող որեւէ պատասխան չստացանք: Ընկերությունից միակ պատասխանը, որ ստացանք, այն էր, որ իրենք սողանքի հետ որեւէ կապ չունեն: Դեռեւս մասնագիտական փորձաքննություն եւ եզրակացություններ չկան, թե որքանով կարող է «Դինո գոլդի» գործունեությունը նպաստած լինել տվյալ սողանքի առաջացմանը: Իսկ ահա նոր սողանքային երեւույթի հարեւանությամբ գտնվող Շահումյան բանավանում մի քանի տարի առաջ տեղի ունեցած փլուզման ու սողանքային գոտիների առաջացման վերաբերյալ «Դինո գոլդի» գործունեության ազդեցության մասին կա հստակ եզրակացություն՝ 2008թ.-ին «Գեոռիսկ» հետազոտական ընկերության կողմից իրականացված ուսումնասիրությունների հաշվետվությունում: Ուսումնասիրությունների արդյունքները կարդացեք այսօրվա «Aravot.am» կայքում:

ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031