Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհանդես՝ Սանկտ Պետերբուրգում

Հոկտեմբեր 05,2012 14:30

Տեր Սարգիս Չոպուրյանը (ձախից), բարերար Հրաչյա Պողոսյանը, միտրոպոլիտ Վլադիմիրը եւ գրող Արմեն Մերուժանյանը:

Օրերս  Սանկտ Պետերբուրգի հայ-ռուսական մշակույթի «Վերնատուն» կենտրոնում կայացավ Արմեն Մերուժանյանի «Հայ մարշալները, գեներալները եւ ծովակալները Սանկտ Պետերբուրգում» գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է տեսել բարերար, Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի ասպետ Հրաչյա Պողոսյանի հոգածությամբ, որն իր գործունեությամբ բամիցս ապացուցել է, որ «հավատն առանց գործի մեռած է»: Ասվածի վառ վկաներն են Սանկտ Պետերբուրգում եւ Հայաստանում նրա նախաձեռնությամբ վեր հառնող հուշակոթողները: Գիրքը հրատարակվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ տեր Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի, Սանկտ Պետերբուրգի եւ Լադոգայի միտրոպոլիտ Վլադիմիրի օրհնությամբ: Վերջինս մի քանի օր առաջ ընդունեց հայ համայնքի ներկայացուցիչներին: Միտրոպոլիտն իր խոսքում կարեւորելով գրքի հրատարակությունը՝ ընդգծեց, որ այն արժեքավոր դեր ունի հայ եւ ռուս ժողովուրդների, ինչպես նաեւ մեր եկեղեցիների բարեկամական փոխհարաբերությունների արժեհամակարգում: Արմեն Մերուժանյանին նա պարգեւատրեց «Սուրբ Եկեղեցու փառքին նվիրաբերած ավանդի համար» պատվոգրով, իսկ Հրաչյա Պողոսյանին՝ «Պետրոս Առաքյալ» I կարգի մեդալով:

Գրքում տեղ են գտել մարշալներ Դմիտրի Յազովի եւ Վլադիմիր Միխալկինի, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանի, ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի ՀՀ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանի ողջույնի խոսքերը: Սեպտեմբերի 29-ին նշվում է Ս. Գեւորգ զորավարի տոնը: Եվ պատահական չէր, որ միջոցառումն սկսվեց եկեղեցու նախատոնական արարողությունից հետո. հայ ժողովուրդն իր հոգեւոր գիտակցությամբ այն սրբերի հետ է կապվել, որոնց հավատքի օրինակը համընկել է իր հոգեւոր փորձառության հետ: Գիրքը կոչված է ընդգծելու Սանկտ Պետերբուրգում ծառայած եւ ապրած հայ մարշալների, գեներալների եւ ծովակալների գործունեության դերը ռուսական կայսերական բանակում, սովետական բանակում, ՀՀ զինված ուժերում, նաեւ՝ Սանկտ Պետերբուրգի դերը անհատի ձեւավորման եւ զինվորական գործունեության հարցում: Հեղինակի աշխատությունը կարեւոր ներդրում է հայ-ռուսական փոխհարաբերությունների արժեհամակարգում, փաստագրական մի վկայություն՝ երկու ժողովուրդների անքակտելիորեն միահյուսված պատմության:

 ԴՈՆԱՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031