Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2015-ին CD-ների արտադրություն չի՞ լինի

Հոկտեմբեր 05,2012 14:27

Շահեն Շահինյանը (ձախից)՝ տեր եւ տիկին Կութիետաների հետ:

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան վերջին շրջանում համագործակցության հուշագրեր է ստորագրել Մոսկվայի, Տալլինի, Ռիգայի, Վիլնյուսի, Թբիլիսիի նույնանուն երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ: Երեկ էլ Երեւանի կոնսերվատորիան հյուրընկալել էր Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի երաժշտության ֆակուլտետի դեկան, դոկտոր Ռոբերտ Կութիետային: «Առավոտն» ակնկալում էր հերթական հուշագրի վավերացում, սակայն Երեւանի կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը հայտնեց, որ կոլեգայի առաջին այցը ընդամենը ճանաչողական  նպատակ ունի եւ մեր կոնսերվատորիայի համար պատիվ է ծանոթանալու հետագայում գուցե համագործակցություն հաստատելու 1919 թ. Լոս Անջելեսում հիմնադրված աշխարհի լավագույն բարձրագույն կրթօջախներից մեկի՝ հայաշատ Կալիֆոռնիայի համալսարանի հետ:

Կոնսերվատորիայի դահլիճում կայացավ Ռոբերտ Կութիետայի հանդիպումը պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ, որից հետո հյուրի պատվին տրվեց համերգ:

Դոկտորն ասաց, որ վերջին 4 ամիսների ընթացքում այցելել է աշխարհի 14 քաղաքների հեղինակավոր մշակութային կրթական հաստատություններ, այդ թվում՝ Նյու Յորքի, Բոստոնի, Պեկինի եւ այլն: «Հիացական կարծիքներ եմ լսել Երեւանի կոնսերվատորիայի ուսումնական ծրագրերի, դասավանդման եւ այլնի  մասին ու, բնականաբար, մեծ էր ցանկությունս լինել նաեւ այստեղ: Շրջագայություններիս արդյունքում եկել եմ այն եզրահանգման, որ աշխարհում բոլորս հայտնվել ենք մշակութային խաչմերուկում: Սա չի նշանակում, թե ամեն ինչ կանգ է առել, բայց սկսվել է շարժում, ինչը, ընդունենք թե չընդունենք, ուզենք թե չուզենք, չենք կարող կանգնեցնել»,- նշեց պարոն Կութիետան: Փաստեց, որ տարբեր երկրներում տարբեր են թե ուսումնական ծրագրերը եւ թե ձգտումը՝ դառնալ պրոֆեսիոնալ երաժիշտներ. օրինակ, Թաիլանդում իրարից ընդամենը 20 կմ հեռավորությամբ գտնվող երկու կոնսերվատորիաներից մեկում դիմողների թիվը սակավ է, մյուսում՝ հակառակը: Կամ Պեկինի կոնսերվատորիայում, ապագա երաժիշտների մեծ մասը նախընտրում է երաժշտագետի մասնագիտությունը, նաեւ ինտենսիվ ստեղծագործում են՝ իբրեւ երաժշտական գործիք օգտագործելով համակարգիչը:

Ռոբերտ Կութիետան սեփական հետազոտությունների արդյունքում համոզվել է, որ համակարգչով ստեղծագործելը արդյունավետ է: «Այսօր համակարգչի միջոցով կարելի է սերտ կապ պահպանել երաժշտի ու կոմպոզիտորի միջեւ: Հենց YouTube-ով կարելի է ծանոթանալ ցանկացած ստեղծագործողի ու կատարողի, ներկա գտնվել համերգի, ի վերջո՝ համակարգչով կարելի է կրթվել, երաժշտական բարձրագույն գիտելիքներ ստանալ եւ ստեղծագործել… Չնայած թվարկածներիս, իմ համոզմամբ, ամենակարեւորը բնությունից օժտված լինելն է, համարձակությունը եւ հետեւողականությունը: YouTube-ում, որտեղ նյութեր զետեղելն ու այցելելը  անվճար է,  առկա են երաժշտական տարբեր ոլորտների նյութեր՝ տասնյակ հազարներից մինչեւ միլիոնավոր դիտումներով… Չե՞ք կարծում, թե կգա ժամանակ, որ այլեւս CD-ների արտադրություն չի լինի: Ես հայտարարում եմ, որ դա 2015-ին է լինելու»,- ասաց դոկտոր Կութիետան:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031