Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյուղնախարարի «մեծ» քայլերը հաճախ «նկատելի» չեն

Հոկտեմբեր 05,2012 14:14

Թեեւ ոլորտին վերաբերող գրեթե յուրաքանչյուր հարցի շուրջ նախարարը պնդում է, որ զգալի աշխատանքներ են կատարվել, մեծ քայլեր են արվել, իրականում այդ ոլորտներում առաջընթացը նկատելի չէ:

Այս տարվա սեպտեմբերին գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությունը հայտարարություն տարածեց, որ հայաստանյան վաճառքի կետերում հայտնաբերվել են ժամկետանց եւ մակնշմանը չհամապատասխանող ձվեր: Դրանք հիմնականում «Լուսակերտ» ՏԹՖ ընկերության, «Արզնի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի եւ «Աշտարակ ձու» ընկերության արտադրանքներն էին: Նշված ընկերությունները հանդես եկան հակափաստարկներով, ինչը նորից հերքվեց ծառայության կողմից: Թե ում փաստարկներն են ավելի հիմնավոր՝ շարքային քաղաքացու համար դժվար է հասկանալ:

Բնականաբար, իրեն հարգող սպառողը արդարացիորեն վիրավորված է զգում, որ արտադրողն իրեն խաբել է եւ թարմ ձվի փոխարեն ժամկետանց ձու է մատակարարել:

Այժմ դիտարկենք հարցի մյուս կողմը. Հայաստանում ձվերը հնանում եւ կորցնում են իրենց որակական հատկանիշները, քանի որ սեզոնային գերարտադրության ժամանակ, երբ նվազում են սպառման ծավալները, ձուն չի արտահանվում, Հայաստանն էլ մինչ օրս չունի ձվի փոշու արտադրություն: Իսկ ձվի ինքնարժեքն այնքան բարձր է, որ էժան վաճառելու դեպքում արտադրողը վնասով կաշխատի: Մեր հանրապետությունում վերջին մի քանի ամսում ձվի ինքնարժեքը գնալով բարձրանում է՝ կապված ներկրվող կերի գնի բարձրացման հետ: Հայաստանում չկա նաեւ տեղական կերի այն արտադրությունը, որը բավարարի ներքին սպառման գոնե կեսը: Բացի այդ, ձու արտադրողները պնդում են, որ ձվի գինը ավելի են բարձրացնում առեւտրի կետերը՝ մոտ 20 տոկոսով, եւ ավելի շատ շահույթ են ստանում, քան իրենք՝ արտադրողները: Իսկ այդ անհամաչափությունը չի արժանանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկման վարչության համարժեք վերաբերմունքին: Դեռեւս այս տարվա ձմռանը հայաստանյան թռչնամիս եւ ձու արտադրող ընկերությունները բարձրաձայնում էին ոլորտում ստեղծված անելանելի իրավիճակի մասին եւ պատկան մարմիններից պահանջում խնդիրների լուծում: Հայաստանի թռչնաբույծների ահազանգերին անդրադարձել է ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Մեր թերթին տված հարցազրույցում պարոն Կարապետյանը 02.03.

12թ.-ի «Խնդիրները մեզ էլ են մտահոգում» հրապարակմամբ անդրադարձել էր այս հարցին: Նա հավաստիացրել էր, որ ձվի արտադրության ոլորտում խնդիրներ չկան եւ չեն էլ կարող լինել, քանի որ նախարարությունը սերտորեն աշխատում է ձու արտադրողների հետ եւ ամիսը մեկ հանդիպում: Բայց պարզվում է, որ ձվի արտադրության մեջ երկու տարի է՝ լավ էլ խնդիրներ կան, որոնք չեն լուծվում: Նշված հարցազրույցում նախարարը մեր հարցին, թե ձվի գերարտադրության խնդիրը ինչպես է պատրաստվում լուծել կառավարությունը, պատասխանել էր, որ պետք է պլանավորվի ձվի արտադրությունը եւ անպայման պետք է ստեղծվի ձվի փոշու արտադրություն: «Այդ ուղղությամբ արդեն իսկ միջոցներ են ձեռնարկվում»,- հավաստիացնում էր նախարարը: Ձվի գերարտադրության սեզոնը նորից եկավ ու գնաց, բայց Հայաստանն այդպես էլ չունեցավ ձվի փոշու արտադրություն: Իսկ տեղական կերարտադրության զարգացման մասին նախարարն ասել էր. «Այդ ուղղությամբ մենք շատ մեծ քայլեր ենք կատարել, անցյալ տարի կառավարությունում հաստատվեցին ծրագրեր՝ ցորենի սերմարտադրության զարգացման ուղղությամբ, 2011թ.-ի գարու արտադրության ծրագիր, եգիպտացորենի արտադրության ծրագիր: Այդ ծրագրերով արդեն բավականին աշխատանք է կատարված: Անցյալ տարի մենք ունեցանք շատ մեծ առաջընթաց, ներկրված էլիտային սերմերի հաշվին կարողացանք բարձրացնել բերքատվությունը, հատկապես՝ եգիպտացորենի: Անցած տարի մենք ներկրել ենք մոտ 65 տ եգիպտացորենի էլիտային սերմացու եւ տվել ենք այն տնտեսություններին ու այն մարզերին, որոնք զբաղվում են դրա արտադրությամբ: Արդյունքները շատ գոհացուցիչ էին: Այս տարի ծավալները նորից կավելանան»: Նախարարի այս «գոհացուցիչ» արդյունքներն ընդամենը 0,5-0,8 տոկոսով են ավելացրել տեղական կերարտադրությունը. եթե անցած տարի տեղական կերը բավարարում էր ներքին սպառման 10 տոկոսը, ապա հիմա ընդամենը՝ 15-18 տոկոսը: Գուցե նախարարի «մեծ քայլերն» ու կատարած «զգալի» աշխատանքներն իրենց ցանկալի արդյունքը չեն տալիս, որովհետեւ նախարարության կողմից ներկայացված՝ Թռչնաբուծության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը մինչ օրս չի հաստատվել կառավարության կողմից, եւ ծրագիրը միայն թղթի վրա է «գործում»: Իսկ թե ինչու է կառավարությունը հապաղում հաստատել այս հրատապ ծրագիրը՝ անհասկանալի է:

Սեպտեմբերի 26-ին ԱԺ-ում 2011թ.-ի բյուջեի հաշվետվությունը ներկայացնելիս նախարար Կարապետյանը ներկայացնում էր, թե ինչ խոշոր ծրագրեր են իրականացրել կրծողների դեմ պայքարում: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը վերոնշյալ խնդիրների շուրջ հարց ուղղեց նախարարին, թե ինչո՞ւ է թռչնամիս եւ ձու արտահանող երկրից Հայաստանը դարձել ներմուծող երկիր, եւ նախարարի դիտարկմանը, թե հանրապետությունում անասնագլխաքանակի աճ կա, հակադարձել էր. «Անզեն աչքով երեւում է, որ անասնաբուծության բնագավառում անկում ունենք: Ձեր տված աճը, կարծում եմ, վերանայման կարիք ունի: Մենք շփվում ու տեսնում ենք, որ արտահոսք կա գյուղերից: Այսօր ես զարմանում եմ, որ ներմուծված միսը կրկնակի էժան է, քան տեղականը: Մենք չենք նպաստում, ներմուծմանն ենք զարկ տալիս, պայմաններ չենք ստեղծում: Ես ողջունում եմ մորեխների, կրծողների դեմ պայքարում այդքան գումար ծախսելը, բայց մինչեւ մորեխների դեմ պայքարելը՝ գյուղը կդատարկվի»: Պատգամավորի բարձրացրած այս եւ մյուս խնդիրներին ի պատասխան՝ նախարարը պատասխանեց, որ գյուղացուն մեծ աջակցություն է պետության կողմից 8 տոկոսանոց վարկեր տրամադրելը, եւ պատասխանը դարձյալ ամփոփեց իր հեղինակային նախադասությամբ՝ «Նախագծեր են պատրաստ, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»:

 ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031