Վանի երիտասարդ գործարարների կազմակերպության նախագահ Քատրի Սալազը, որն իր բիզնեսը ծավալում է կրթության ոլորտում, այսօր հայ եւ թուրք գործարարների համար կազմակերպված համաժողովի ժամանակ խոսելով փակ սահմանների պարագայում համագործակցության եզրերի մասին, ասաց, «Մտածում ենք, որ եթե զարգացնենք առեւտրատնտեսական հարաբերությունները փակ սահմանների պարագայում, հույս կունենանք, որ դա կազդի երկու պետությունների արտաքին քաղաքականության վրա, եւ երկրները կսկսեն ավելի մեղմ վերաբերվել այդ հարցերին»:
Ըստ թուրք գործարարի՝ եթե երկու երկրների միջեւ սկսի գործել նորմալ առեւտրական կապեր, եւ Հայաստանը, եւ Թուրքիան սկսեն փող աշխատել, ապա կառավարությունները ազգայնական տրամադրություններին կսկսեն ավելի քիչ ուշադրություն դարձնել եւ ուշադրությունը կկենտրոնացվի ժողովուրդների բարեկամությանը. «Մենք ամեն ինչ անելու ենք որպեսզի հայ եղբայրների հետ այս ծանր պայմաններում առեւտրական հարաբերություները զարգացնենք եւ Հայաստանի հետ առեւտուրը կազմակերպենք այնպես, ինչպես օրինակ՝ դա արվում է արեւմուտքի երկրների հետ»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ