«Հայ ֆեստ» 10-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանականերում նշվել է «Կովկաս» մշակութային հիմնադրամի 15-ամյակը: Նիդերլանդներում գրանցված հիմնադրամի անդամները երեքն են` Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան: Այսօր Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կայացած ասուլիսի ժամանակ հիմնադրամի նախագծերի ղեկավար Յուրի Մգերբրիշվիլին ասաց, որ հիմնադրամը 1997 թվականից ի վեր իրականացրել է բազմաթիվ միջմշակութային նախագծեր, ցուցահանդեսներ, փառատոններ: Այդ ամենը ուղղված է ոլորտի զարգացմանը. «Կա մշակութային տոնավաճառ, որը լինում է երկու տարին մեկ: Այդտեղ ներկայացվում է ժամանանակակից արվեստը, իսկ ընթացքում` լինում են մշակութային մենեջերների հանդիպումներ ու քննարկումներ: Մենք դրան մասնակցում ենք, եւ կարծում եմ` մեծ ձեռքբերում է»:
«Կովկաս» հիմնադրամի նախագահ Լեւան Խեթագուրին, խոսելով իրենց ապագա անելիքների մասին, ասաց, որ 2013 թվականին կայանալիք մշակութային տոնավաճառին իրենք նույնպես մասնակցելու են. «Երեկ` կլոր սեղանի քննարկման ժամանակ, խոսվել է նաեւ այն մասին, որ լինեն անընդհատ հանդիպումներ հայ եւ վրաց թատրոնների միջեւ: Եկող տարվա ընթացքում, երեւի թե, նման հանդիպում կլինի Վրաստանում, իսկ «Հայ ֆեստը» կա ու կա: Մենք նպատակ ունենք Թիֆլիսը դարձնել մշակութային հանդիպումների վայր: Մեր ծրագրերում կարեւորը ոչ թե քաղաքականությունն է, այլ արվեստը»:
Երեկ «Կովկաս» հիմնադրամի նախագահ Լեւան Խեթագուրին եւ նախագծերի ղեկավար Յուրի Մգերբրիշվիլին անցկացրել են «Հայաստան-Վրաստան կատարողական արվեստի պլատֆորմ» խորագիրն ունեցող վարպետության դասընթացներ: Ծրագրին մասնակցել են նաեւ Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը, Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը, Ղազախստանի թատերական ինստիտուտի պրոֆեսոր Սանիյա Կոպտինան…
Խեթագուրիի խոսքով, վարպետության դասերի արդյունքում որոշվել է մշակել նոր նախագծեր:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ