Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Ես անձամբ գիտեմ, թե ովքեր են դեմ քվեարկել»

Հոկտեմբեր 05,2012 13:41

Aravot.am-ը այսօր ԱԺ-ում հրավիրած ճեպազրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրի քվեարկության ժամանակ ինչո՞վ էր պայմանավորված, որ Դուք պարբերաբար զանգեր էիք կատարում եւ ՀՀԿ պատգամավորներին «բերման ենթարկում» քվեարկության, Ձեզ պարբերաբար զեկուցում էին: Նա պատասխանեց. «Ես հիմա որ այստեղից էլ դուրս գամ, անընդհատ զանգեր եմ կատարում: Որեւէ մեկը բերման չի ենթարկվել: Մենք լավ գիտեինք՝ ովքեր են բացակայում, նրանք, ովքեր գործուղումների մեջ էին՝ պիտի չլինեին, ովքեր հիվանդ էին՝ պիտի չլինեին: Ինչ որ սկզբում եղել է՝ մինչեւ վերջ էլ այդքանը ապահովել ենք: Իհարկե, դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Եթե վտանգներ ենք տեսնում, բնականաբար, արժե համախմբել, բայց սա այդ դեպքը չէր»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ համաձա՞յն եք Ձեր գործընկեր Համլետ Հարությունյանի այն դիտարկմանը 6 դեմ քվեարկած պատգամավորների առնչությամբ, որ «Գյուղ չկա, որ շուն չունենա»: Նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ նա պատգամավոր է, եւ գնահատում եմ, որ մտահոգ է այդ տեսակետից: Բայց ես կարծում եմ, որ ռազմավարություններ կա, որ ոչ բոլորը կարող էին տեղյակ լինել: Ինձ համար ընդունելի չէ, որ դեմ են: Համենայնդեպս, մենք էլ մեր ռազմավարությունն ունեինք: Դա Հանրապետականին վայել չէ, որ ինչ -որ մեկը կարող է դեմ քվեարկել: Բայց նաեւ այստեղ խնդիրը այլ հարթության մեջ է: Շատ մի պեղեք, որովհետեւ պեղումներից չեմ կարծում, որ քաղաքականությունը շահում է»:

Լրագրողները ճշտեցին՝ չնայած Դուք կհերքեք, բայց ճի՞շտ է, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել է այն 6 դեմ քվեարկած պատգամավորների վարքագիծը: Ձեր կարծիքով ո՞ր խավը պետք է լինի դա՝ նա պատասխանեց, որ չի ուզում այդ դետեկտիվությունը արգելակել. «Կասեմ հետեւյալը, որ մենք նախքան հարցը քննարկելը եւ քննարկումից հետո որեւէ որոշում չենք կայացրել, բայց փորձել ենք, որպեսզի մեր բոլոր պատգամավորները հասկանան խնդրի էությունը: Ես անձամբ գիտեմ ովքեր են, որ դեմ են քվեարկել: Մեր մասին շատ այդքան ջերմ մի մտածեք: Ինչը կատարվում է, շատ վճռական գործողությունները կատարված են»:

Հարցին՝ որքանո՞վ եք հնարավոր համարում, որ Գագիկ Ծառուկյանը կսատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ նախագահական ընտրություններին՝ նա պատասխանեց, որ Գագիկ Ծառուկյանը դեռեւս հայտ չի ներկայացրել:

Լրագրողները եւս մեկ անգամ պարոն Սահակյանին խնդրեցին վերահաստատել՝ հիմա հավատո՞ւմ եք, որ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության հեղինակը ինքն է, ճշտեցի՞ք Ձեր համար: Նա պատասխանեց. «Ճշտելու խնդիր չկա: Պարզելու համար պիտի վերահաստատվեր այդ ամենը: Համենայնդեպս, Ռոբերտ Քոչարյանից դեռեւս ոչ մի արձագանք չկա: Հավատալ-չհավատալն ինքնին փուչիկ է, որեւէ արժեք չի ներկայացնում»: Դիտարկմանը, որ Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է դա՝ նա պատասխանեց. «Ես իմ խոսքի մեջ նաեւ դա եմ ասել, որովհետեւ դա քաղաքական սկզբունք է՝ չխոչընդոտել լիազոր մարմնի գործունեությունը: Մենք որեւիցե նախադեպ չունենք, որ խոչընդոտենք դատաքննական կամ իրավական գործառույթները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031