Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. Բավական երկար ենք հանդուրժել Ադրբեջանի լկտի պահվածքը

Հոկտեմբեր 05,2012 13:12

ԵԽԽՎ-ում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցան լսումներ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով: Լսումների ժամանակ բոլոր երկրների պատվիրակները, բացառությամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի, ընդգծեցին ադրբեջանցի մարդասպանի գործողությունների անթույլատրելիությունն ու դատապարտեցին այն, իսկ ադրբեջանցի պատվիրակներն էլ պնդեցին, թե մարդասպանին ներում շնորհելը «Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է»: «Առավոտի» հարցին, թե իր կարծիքով, ինչու է Ադրբեջանը շարունակում իրեն այդպես պահել՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանն ասաց. «Զարմանալ պետք չէ, այդ երկիրը ոչինչ չունի այն արժեհամակարգից, որ կոչվում է եվրոպական եւ ոչինչ չունի բարեկրթության եւ մարդու իրավունքների այն տեսլականից, որին հասել են եվրոպական երկների մեծ մասը եւ որին ձգտում է Հայաստանի Հանրապետությունը: Կարծում եմ, այդ լկտի պահվածքի պատճառներից առաջինն այն է, որ բավականին երկար ենք հանդուրժել այդ պահվածքը:

Իսկ երբ եւ որ իրավիճակներում Ադրբեջանն իրեն այդպես չի պահել: Դա նրա մշտական վիճակն է եւ վաղուց ժամանակն է արժանին մատուցել եւ կոնկրետ դիրքորոշմամբ հակադարձել մեր հարեւանին:

Ի դեպ, ինձ բավականին ուրախացրեց հատկապես ԵԽԽՎ-ում ֆրանսիացի պատգամավոր Ռուդի Սալենի խոսքը: Պարոն Սալենը ԵԽԽՎ-ում հարցի քննարկումների ժամանակ խիստ պատկերավոր հիշեցրեց իր եվրոպացի գործընկերներին, որ Սաֆարովը կացնի 16 հարված էր հասցրել քնած հայ սպային: Պատգամավորը, դիմելով ադրբեջանցի պատվիրակներին` ասել է, թե Ադրբեջանը ճիշտ կանի դադարեցնի իր այսպես կոչված «քարոզչությունը», «Լսելով ձեր բոլոր փաստարկները, ես ինձ հարց եմ տալիս` կարո՞ղ է Ադրբեջանը օրինական հիմքերով գտնվել այս դահլիճում»:

Ես շնորհակալություն եմ հայտնում ֆրանսիացի պատգամավորին` այդ սթափ եւ իրատեսական մոտեցման համար: Կարծում եմ, մեր եվրոպացի գործընկերները պետք է միահամուռ այդպես վարվեն եւ Ադրբեջանի հանդեպ խստագույն սանկցիաներ կիրառեն: Արդեն իսկ աշխարհի համար պարզ է` Ադրբեջանը սպառել է իր զինանոցը եւ պետք է խստագույնս պատասխան տա եւ միջազգային կառույցների եւ ԵԽԽՎ-ի առաջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031