Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շիրակ Թորոսյան. «Կունենանք կանխատեսելի Վրաստան»

Հոկտեմբեր 05,2012 12:23

Հատվածներ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանի հետ հարցազրույցից:

 – Վրաստանում ընդդիմադիր կոալիցիայի հաղթանակը ի՞նչ է տալու Ջավախքին։

 

– Դատելով նախընտրական շրջանում ընդդիմության տված խոստումներից, հնարավոր է, որ ընդդիմության հաղթանակը դրական ազդեցություն ունենա։ Ընդդիմությունը, բացի սոցիալ-տնտեսական բնույթի խոստումներից, ի վերջո, ընդունեց, որ Ջավախքում կան ազգային, լեզվական, կրթական խնդիրներ, որոնց առնչությամբ խոստումներ հնչեցին։ Իհարկե, ոչ այն ծավալով, որ բավարարեր ջավախքցիների պահանջները։ Քարոզարշավի ժամանակ նրանք

խոստացել են, որ հայ-վրացական համալսարան կհիմնեն, դպրոցներում հայոց լեզվի դասաժամերը կվերականգնեն, հայոց լեզվի կարգավիճակի առումով ևս որոշակի տեղաշարժեր կլինեն։

– Համոզվածություն ունե՞ք, որ այդ խոստումները կյանքի կկոչվեն։

– Դժվարանում եմ ասել՝ այդ խոստումները կիրականանա՞ն, թե՞ ոչ։ Լիահույս եմ այնքան, որ առաջին անգամ քարոզարշավի ժամանակ նման խոստումներ են հնչում։ Սա էր էական, սկզբունքային տարբերությունը նախորդ ընտրություններից։ Մինչ այս ընդդիմությունը նույնիսկ ազգային փոքրամասնությունների տարածաշրջաններ չէր գալիս, ի՞նչ է, դրանք գործող իշխանության մոնոպոլիանե՞րն էին։ Դրա համար էլ միշտ ասվում էր, որ ջավախքցիները կամ Մառնեուլի ադրբեջանցիները քվեարկում են միայն իշխանության օգտին, սակայն այս անգամ այդ կարծրատիպը կոտրվեց։ Նախնական տվյալներով՝ 65:30 հարաբերակցությամբ ընդդիմությունը ձայներ ստացավ Ջավախքում։ Իհարկե, ընտրությունների ժամանակ իշխանությունների կողմից այստեղ ճնշումներ են իրականացվել, նախնական տվյալներով՝ բավականին խախտումներ են եղել, որոնք արձանագրել է

ընդդիմադիրների շտաբը։ Սակայն, այդուհանդերձ, 100 տոկոս իշխանության քվեարկության փաստը տեղի տվեց, ու ընդդիմությունն էլ որոշակի ներկայություն ունեցավ Ջավախքում։

– Վահագն Չախալյանի առնչությամբ որևէ խոստում չի՞ հնչել։

– Իմ տեղեկություններով, Չախալյանի վերաբերյալ ևս ընդդիմությունը որոշ խոստումներ տվել է, մասնավորապես ազգային փոքրամասնությունների տարածքներում քաղաքական բռնությունը դադարեցնելու համատեքստով։ Սա անուղղակիորեն վերաբերում է նաև Չախալյանին։

– Հայաստանի համար Վրաստանի քաղաքական նոր իրավիճակը որքանո՞վ շահեկան կլինի։

– Եթե Վրաստանը կարողանա հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ, մեզ համար դա կարող է շահեկան լինել, որովհետև կունենանք ավելի ապահով տրանզիտ ճանապարհ, հնարավոր է երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվի։ Համենայն դեպս, խոստումներից ելնելով, նոր իշխանությունն ավելի բարյացակամ վերաբերմունք կունենա ջավախահայերի նկատմամբ, ինչի արդյունքում Հայաստանի համար նպաստավոր իրավիճակ կստեղծվի։ Հավանաբար, նաև ավելի կանխատեսելի Վրաստան կունենանք։

– Ի՞նչ եք կարծում, Վրաստանի նոր իշխանությունները, ի վերջո, Ձեզ կթույլատրե՞ն մուտք գործել Ջավախք (հիշեցնենք, որ Սաակաշվիլու իշխանությունը Շիրակ Թորոսյանին պերսոնա նոն գրատա է ճանաչել ու թույլ չի տալիս հայրենի Ջավախք այցելել):

– Դժվարանում եմ ասել՝ ինչպիսի ընթացք կունենա այդ հարցը։ Դատելով ստեղծված իրավիճակից և ազգային փոքրամասնությունների հանդեպ ընդդիմության պահվածքից, կարծում եմ՝ այդ խնդիրն էլ հավանաբար կլուծվի։ Վրաստանի արդեն այսօրվա իշխանությունն ընդունում է, որ ազգային փոքրամասնությունները խնդիրներ ունեն, ու եթե գիտակցում է սա, ըմբռնումով կմոտենա դրանք բարձրաձայնողներին՝ փորձելով ոչ թե կոշտ մեթոդներով պայքարել նրանց դեմ, այլ հարգել նրանց իրավունքները։ Իմ տպավորությամբ, իմ մուտքը Վրաստան, Զավախք հնարավոր կլինի։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031