ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի կարծիքով, եթե քաղծառայողի աշխատավարձը Հայաստանում 40.000 դրամ է, նվազագույն աշխատավարձը չի կարող լինել 72.5000 դրամ: «Առաջին կարգի մասնագետն իր որակավորմամբ ավելի բարձր է, քան նվազագույն աշխատավարձ ստացողը, անտրամաբանական է ուղղակի»,- այսօր «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ բացատրեց պարոն Հակոբյանը: Նրա գնահատմամբ, աշխատավարձի չափը կախված է նաեւ աշխատանքի արտադրողականությունից. «Նվազագույն աշխատավարձը պետք է համապատասխանի նաեւ տվյալ տնտեսական ժամանակահատվածում աշխատանքի արդյունավետությանը, անկախ նրանից, թե դա համապատասխանո՞ւմ է նվազագույն սպառողական զամբյուղին, թե՝ ոչ»:
Հակոբ Հակոբյանը նաեւ նկատեց, որ աշխատավարձը 72.500 դրամ հասցնելու դեպքում պետական բյուջեի ծախսերը կավելանան մոտ 300 միլիարդ դրամով:
Ասուլիսի մյուս մասնակիցը՝ Վազգեն Սաֆարյանն էլ կարծիք հայտնեց, որ Հայաստանում պետք է փոխվի տնտեսական քաղաքականությունը. «Որ բյուջեի ծախսային մասը ոչ թե 1,1 տրիլիոն լինի, այլ ավելի շատ, որ լուծվեն սոցիալական եւ այլ խնդիրներ»: Նա նաեւ նկատեց, որ նվազագույն սպառողական զամբյուղը՝ 31.000 դրամը, բավականին քիչ է հաշվարկված:
Կարդացեք նաև
Վազգեն Սաֆարյանի գնահատմամբ, նվազագույն զամբյուղը 50.000 դրամից ավելի է. «Լուրջ խնդիրներ կան կառավարության առջեւ: Գործազրկությունն իրականում ավելի շատ է, քան այն թվերը, որ հրապարակվում են, կա արտագաղթ, որի ծավալները չեն նվազում: Խնդիրը ոչ թե սոցիալական քաղաքականության, այլ տնտեսական քաղաքականության մեջ է»:
Ըստ պարոն Սաֆարյանի՝ կառավարության որոշումը մինչեւ 2017 թվականը նվազագույն աշխատավարձը դարձնել 72.500 դրամ, այս տեմպերով բարդ է պատկերացնել. «Շրջադարձի համար անհրաժեշտ են լուրջ քայլեր»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ