«Օրինաչափություն է, որ իշխանություններն անձեռնմխելիությունից զրկում են պատգամավորների՝ նախագահական ընտրություններից առաջ եւ օրինաչափություն է, որ անձեռնմխելիությունից զրկում են ընդդիմադիր քաղաքական գործիչների»,- ամփոփելով ԱԺ քառօրյան՝ այսօր հրավիրած ասուլիսում այսպիսի գնահատական տվեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Վստահեցնելով, որ այդ արատավոր գործելակերպը եկել է 1996-ից՝ պարոն Հակոբյանը պատմեց. «Հիշենք, որ նույն կերպ են վարվել Վազգեն Մանուկյանի, Շավարշ Քոչարյանի հետ: Այն ժամանակ Դավիթ Վարդանյանը չկարողացավ ներկայանալ, որովհետեւ տասը կողոսկր էին ջարդել, Սեյրան Ավագյանին գցել էին գետնին եւ խոշտանգում էին»:
Ըստ նրա, պետք է շատ ուզենաս քաղաքական ենթատեքստ չտեսնել Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մեջ, որ չտեսնես. «Եթե երկու տարի համբերել էին, կարող էին 4 տարի էլ համբերել, մինչեւ նախագահական ընտրությունների ավարտը»:
Կարդացեք նաև
Նշելով ԵԽԽՎ-ում այս հարցի արծարծման մասին՝ նա ասաց, որ օտար երկրները կօգտվեն իրավիճակից: Ռուբեն Հակոբյանի գնահատմամբ՝ «Այն խաղի կանոնները, որոնք արդեն 5-6 տարի է՝ ձեւավորվել են այս երկու ուժերի միջեւ, ըստ էության, Վարդան Օսկանյանը զոհ է՝ այս խաղի կանոնների»: Հարցին՝ Գագիկ Ծառուկյանը պետք է լինե՞ր քննարկմանը՝ նա պատասխանեց «Ես կլինեի անպայման: Չեմ կարող ասել ինչու չի եղել, բայց եթե ոչինչ չի խանգարել, պետք է լիներ: Սա բարոյական հարց է»:
Aravot.am-ը ճշտեց՝ չե՞ք կիսում ԲՀԿ այն տեսակետը, որ սա ուղղված էր ոչ թե Վարդան Օսկանյանի, այլ՝ հենց ԲՀԿ-ի դեմ եւ ասելով, որ ընդդիմադիր գործիչների են անձեռնմխելիությունից զրկում՝ փաստորեն ԲՀԿ-ին եւ Վարդան Օսկանյանին ընդդիմությո՞ւն եք համարում: Պարոն Հակոբյանը պատասխանեց. «Սա կարող էր օգտագործվել, որ սա ուղղված է ԲՀԿ-ի դեմ, բայց սա ուղղված է Վարդան Օսկանյան անձի դեմ»:
Ըստ պարոն Հակոբյանի, ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն իրար հետ խնդիր չունեն, իրար հետ մշտապես համագործակցում են. «Միասին Գյումրիում քաղաքապետ են ընտրում, միասին կպաշտպանեն կարծեմ 34 ընտրատարածքի թեկնածուին: Ես ցավում եմ, որ Վարդան Օսկանյանի նման պրոֆեսիոնալ քաղաքական գործիչը զոհ գնաց այդ խաղի կանոններին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ