Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանը դարձավ այն համակարգի զոհը, որի փառաբանմամբ զբաղված էր մի քանի տարի առաջ

Հոկտեմբեր 05,2012 12:02

 

Հատվածներ քաղտեխնոլոգ Սուրեն Սուրենյանցի հարցազրույցից:

 

Վարդան Օսկանյանի «հերոսացումը» ընդդիմության պատրանք չի՞ ստեղծում ԲՀԿի համար՝ այլընտրանքի նրա կարգավիճակը փոխելով և ընդդիմությանը որպես քաղաքական կատեգորիա լուսանցք մղելով։

– Այսօր գործընթացը պտտվում է ՀՀԿ-ԲՀԿ առանցքի շուրջը, և ենթադրել, որ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն կամ «Ժառանգությունը» կարող են լուրջ դերակատարություն ունենալ, բեկում մտցնել նախագահական ընտրարշավի մեջ, տեսական վարկած է միայն։ Հստակ է, որ Սերժ Սարգսյանն ընդդիմության խնդիրը լուծել է և հիմա փորձում է իրեն հարմար այլընտրանքների հետ մասնակցել նախագահական ընտրություններին։

Օսկանյանը հարմա՞ր այլընտրանք է։

– Գոնե խորհրդարանական վերջին նիստերը վկայեցին, որ ոչ ստանդարտ իրավիճակներում նա խուճապային քաղաքական գործիչ է և չունի կամային անհրաժեշտ հատկանիշներ։ Նման մրցակից ունենալը որևէ նախագահի համար լավագույն նվերն է։ Կա կոնկրետ անհրաժեշտություն՝ Սերժ Սարգսյանը որոշել է փակել Ռոբերտ Քոչարյանի հետդարձի բոլոր ճանապարհները։

Հայտնի քվեարկությունը վկայեց, որ ՀՀԿ խմբակցությունը միատեր ու միակա՞մ է։

– Քվեարկությունը պատասխանն էր Ռոբերտ Քոչարյանի, որ ասում էր, թե ինքն ուղղակի կամ անուղղակի ազդեցություն է ունեցել ՀՀԿ համամասնական ընտրացուցակի կազմման վրա։

Բայց դա այս ընտրություններին չէր վերաբերում։

– Այս ցուցակը կիսով չափ և ավելի կրկնում է նախորդին, բայց քվեարկությունը ցույց տվեց, որ ՀՀԿ-ի մասով Ռոբերտ Քոչարյանն ամբողջովին կորցրել է իր ազդեցությունը, և Սերժ Սարգսյանը լիովին տիրապետում է իրավիճակին։ Թեպետ միշտ բացասաբար եմ վերաբերվել Վարդան Օսկանյանի գործունեությանը, բայց այդքան հեշտ ու «միասնականորեն» գործընկերոջը հանձնելը պատիվ չի բերում որևէ մեծամասնության։

Ձեզ չի՞ թվում, որ Վարդան Օսկանյանին առաջինը հանձնեց ԲՀԿն։

– Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն նրան ակտիվ չպաշտպանեց, ընդամենը 3-4 ելույթ, որոնցով այդպես էլ չձևակերպվեց քաղաքական ասելիքը, ընդամենը շեշտադրվեցին նախկին վաստակն ու մարդկային որակները։ Նրանք հայտարարեցին, որ անորոշ ժամանակով բոյկոտում են ԱԺ աշխատանքները։ Բոյկոտը խորհրդարանական պրակտիկայում ծայրահեղ քայլ է և պիտի կոնկրետ օրակարգ ունենա, այլապես իմաստը չի հասկացվում։ Էլինար Վարդանյանը դատախազի պաշտոնանկության պահանջ հնչեցրեց, և չհասկացվեց՝ իր անձնակա՞ն տեսակետն էր, թե՞ խմբակցության։

Վարդան Օսկանյանն ասաց, որ սա փոթորիկ է մի մատնոց ջրում, այս մատնոցի պատմության ավարտը ո՞րն է լինելու։

– Կրկնում եմ՝ ես պատգամավորների փոխարեն այսքան հեշտ չէի հանձնի որևէ գործընկերոջ։

Մի մոռացեք, որ Հայաստանի խորհրդարանը Վանո Սիրադեղյանից սկսած (ճիշտ է, երկրորդ անգամից նրա դեպքում) հանձնում ու հանձնում է իր գործընկերներին։

– Վանո Սիրադեղյանի ժամանակ կար քաղաքական լուրջ թիմ, որը կարողացավ փաստարկված պաշտպանել նրան, իսկ մարտի 1-ին խորհրդարանն ուղղակի հաճույքով հանձնեց պատգամավորներին։ Ես չէի ցանկանա Հայաստանի նախկին արտգործնախարարին տեսնել այդ դերում, բայց նա դարձավ այն համակարգի զոհը, որի փառաբանմամբ զբաղված էր մի քանի տարի առաջ։

Եթե դեմ ես գնում համակարգին, համակարգը քեզ ճզմո՞ւմ է:

– Այո։ Կարիք կար, որ իր վերջին շրջանի օբյեկտիվ գնահատականները Վարդան Օսկանյանն ավելի համապարփակ դարձներ՝ խոսեր ոչ միայն այսօրվա իրականության մասին, այլև համակարգի արմատների՝ ընդունելով պատասխանատվության իր բաժինը։ Նրա պաշտոնավարման տարիներին համակարգը շատ ավելի տոտալիտար էր, քան այսօր, և այդ պատճառով շատերը նրա անկեղծությանը չեն հավատում ու չեն գնահատում։ Ի վերջո, այդպես էլ չհասկացվեց՝ ինչո՞ւ է պարոն Հանթսմանն այդքան մեծ գումարներ հանձնել Վարդան Օսկանյանի տնօրինմանը։ Դա բնավ չի նշանակում, որ պիտի սահմանափակել հասարակական կազմակերպությունների գործունեությունը, բայց որոշակի հարցեր մնում են։ Ակնհայտ է, որ ինչքան հիմնավորված չէր դատախազի միջնորդությունը, նույնքան էլ հիմնավորված չէին Օսկանյանի հակափաստարկները։ Որևէ հոդաբաշխ պատասխան չտրվեց՝ ինչո՞ւ է «Սիվիլիթասին» նվիրված գումարը հայտնվել Օսկանյանի հաշվեհամարներում։ Իսկ պատմության ավարտը տրվելու է ո՛չ խորհրդարանում, ո՛չ էլ իրավական համակարգում, խնդիրն ունի քաղաքական սկիզբ և քաղաքական էլ ավարտ պիտի ստանա։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031