Տեսեք. եթե որեւէ խոշոր, անգամ՝ միջին չափերի մի շինություն պետք է կառուցվի, դրա վերաբերյալ հանրային քննարկումներ են կազմակերպվում, ներկայացվում են մանրամասներ, նախապես, անպայմա՛ն նախապես հանրության շահագրգիռ կամ հետաքրքրված հատվածին բացատրություններ ու պարզաբանումներ են տրվում։
Իսկ այս դեպքում վաճառքի է հանվել, արդեն նաեւ համարյա վաճառվել է պետության կարեւորագույն հաստատություններից մեկի՝ արտաքին գործերի նախարարության շենքը, իսկ հանրությունն այդ մասին տեղեկանում է պոստ ֆակտում։ Այլ կերպ ասած՝ մարդկանց դնում են փաստի առաջ։ Որքանո՞վ կարող է ընդունելի լինել նման գործելակերպը։
Երկրորդ. ի դեպ, դատելով կառավարության որոշման մեջ «Մելլաթ» բանկի հիշատակումից, վաճառվում է ոչ միայն ԱԳՆ-ի, այլեւ Էներգետիկայի նախարարության շենքային տարածքը։ Ըստ այդմ, հարց է ծագում, թե գնորդի կողմից կառուցվելիք մեկ այլ շենքը ի՞նչ հնարավորություններ է ունենալու։ Այսինքն՝ այդ շենքը քանի՞ հարկանի է լինելու, ինչքա՞ն օգտագործելի եւ օգտակար մակերես է ունենալու, ի՞նչ ճարտարապետական տեսք է ունենալու վերջապես։
Ամենակարեւո՛րը, կառուցվելիք ու հետո կառավարությանը հանձնվելիք շենքի շինարարությունը որքա՞ն է արժենալու, կա՞ դրա նախահաշիվը։
Սրանք եւս շատ էական հարցեր են, որովհետեւ նախ՝ այդ շենքը պետք է 14241 քառակուսի մետրից շատ ավելի մակերես ունենա, որպեսզի այնտեղ տեղավորվեն ոչ միայն այս գործարքով «տնանկ» դարձող արտաքին գործերի ու էներգետիկայի նախարարությունները, այլեւ սփյուռքի ու արդարադատության գերատեսչությունները։ Ինչ-որ կասկածելի է, թե այդքան ահռելի շենք կառուցվի։
Եվ հետո, եթե կառուցվի էլ, ապա որքա՞ն կարժենա։ Հնարավո՞ր է, կառուցվի-կառուցվի, ու վերջում պարզվի, որ շինարարությունն արժեցել է ուղիղ 51 միլիոն 271 հազար դոլար, այսինքն՝ այնքան, որքան գնահատված է գործարքը։ Ի վերջո, եթե չկա այդ շենքի գոնե նախագծի էսքիզը, դժվար է ասել, թե այն մոտավորապես որքան «կնստի»։
Երրորդ. լավ, ենթադրենք, 51 միլիոն դոլարի կեսը միայն կծախսվի Վ.Սարգսյան 3 հասցեում մի նոր կառավարական մասնաշենք կառուցելու համար։ Իսկ ի՞նչ են արվելու մնացած միլիոնները, ինչի՞ վրա է ծախսելու կառավարությունը։
Չորրորդ. եթե հուզական ընկալմանն առնչվող մի շարք հանգամանքներ առժամանակ մի կողմ ենք դնում, անհասկանալի է գործարքի փոխշահավետությունը։ Լավ, եթե գնորդը ավելի քան 51 միլիոն դոլարի ազատ շրջանառու միջոցներ ունի կամ կարող է այդքան միջոցներ ներգրավել, ապա ինչո՞ւ միանգամից «հինգ» աստղանի հյուրանոց չի կառուցում հենց արդարադատության նախարարության այրված շենքի տեղում։
Չէ՞ որ դա հենց Երեւանի կենտրոնում է, շատ նախընտրելի վայրում, էլ չասած, որ «Սեւան» նախկին հյուրանոցի տարածքն էլ հենց կողքն է, կարելի է գնել ու մի ժամանակակից հսկա հյուրանոցային համալիր կառուցել։
Հինգերորդ. եթե վաղը մեկ այլ մեծահարուստ, ասենք, այս օրերին այնքան հոլովված Հանթսմանը, մի 200 միլիոն դոլար առաջարկի, ապա կառավարությունը պատրա՞ստ է զիջել նաեւ Կառավարական թիվ 1 մասնաշենքը։ Ի՞նչ պակաս հյուրանոցային համալիր կլինի։
Իսկ, օրինակ, ԱԱԾ շե՞նքը։ Այստեղ կարելի է հոյակապ հյուրանոցային համալիր կառուցել, անգամ համապատասխան անվանում կհուշենք՝ «Ձերժինսկի»։ Իսկ օպերայի՞ շենքը։ Իսկ Մատենադարա՞նը։ Վա՞տ տարածքներ են։ Հասկանալի է, թերեւս, որ սրանք հռետորական հարցեր են։
Վեցերորդ. մի այնպիսի «նրբազգացությամբ» է կառավարության որոշման մեջ նշվում, որ գործարքի պարտադիր պայմաններից մեկը Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ շենքի պատմաճարտարապետական տեսքի պահպանումն է, որ կարելի է կարծել, թե մի մեծ լավություն է արվում։ Այսինքն՝ ի՞նչ, կարող է շենքի «պատմաճարտարապետական տեսքն» էլ չպահպանեի՞ն։
Թեպետ, տեսնելով, թե ինչ արվեց հուշարձան համարվող «Փակ շուկայի» հետ, կարող է եւ չպահպանեին ու չպահպանեն։ Շատ էլ որ որոշման մեջ գրված է՝ «պարտադիր պահպանելով»։
Յոթերորդ. բարոյահոգեբանական տեսանկյունից սա ուղղակի նվաստացուցիչ գործարք է, որը չի կարող չդիպչել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվությանը։ Արտաքին գործերի նախարարությունը ոչ միայն պետական կարեւոր հաստատություն է, այլեւ որոշակի իմաստով մեր պետության դեմքն է։ Այն դեմքը, որի հետ շփվում են միջազգային կառույցների, օտարերկրյա տերությունների բարձրաստիճան ներկայացուցիչները, դիվանագետները։ Արժե՞ վաճառքի հանել «դեմքը»։
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայոց աշխարհ»