
«Curiosity» մարսագնացի «ոտնահետքը» թույլ կտա գիտնականներին առավել լավ պատկերացում կազմել հողի շերտի մասնիկների մասին
Մարսագնացի «ռոբոտային ձեռքը» գալիք մի քանի օրվա ընթացքում Մարսի հողի մի քանի նմուշ կվերցնի
ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերագնացության ազգային վարչության համաձայն, «Curiosity» մարսագնացը պատրաստ է շաբաթ օրը Կարմիր մոլորակի հողի առաջին նմուշը վերցնելուն:
ՆԱՍԱ-ի պաշտոնյաներն այս մասին հայտարարություն են տարածել հինգշաբթի օրը: Նրանց համաձայն, մարսագնացի «ռոբոտային ձեռքը» գալիք մի քանի օրվա ընթացքում Մարսի հողի մի քանի նմուշ կվերցնի, ապա կմշակի դրանք՝ որոշելու, արդյոք մոլորակի վրա երբևէ կյանք է գոյություն ունեցել:
«Curiosity»-ի առաքելության ղեկավար Մայքլ Ուոթկինսի համաձայն, առաքելության առաջին երկու ամիսների ընթացքում մեծ առաջընթաց է գրանցվել, և այժմ մեկնարկում է առաքելության կարևորագույն փուլը:
Դեպի Մարս մոլորակ երկու տարի տևողությամբ գիտական լաբորատորիա ուղարկելու առաքելության հիմնական սարքը «Curiosity» լաբորատորիան է, քանի որ այն նախագծված է հեռակարավարման միջոցով վերլուծական սարքերի մեջ նյութեր առաքելու համար:
ՆԱՍԱ-ի համաձայն, Մարս մոլորակի հողում պարունակվող հանքային նյութերի վերլուծությունը կարող է բացահայտել մոլորակում նախկինում եղած միջավայրի մասին տեղեկություններ, իսկ քիմիական վերլուծությունը թույլ կտա ստուգել, արդյոք մոլորակում առկա են կյանքի գոյության համար անհրաժեշտ բաղադրամասեր:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»