ՀՀ կառավարության երեկվա նիստում հայտարարվեց ՀՀ արտգործնախարարության 14241,9 քմ մակերեսով շենքի վաճառքի մասին: Այն գնել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը։ Էռնեկյանին պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձեւով օտարվել է 51 մլն 271 հազար 6 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով։ Հավանաբար, ԱԳՆ-ի շենքի փոխարեն կառուցվելու է 5-աստղանի հյուրանոց։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ շենքի վաճառքը լավ գաղափար չէ։ «Այստեղ, ըստ երեւույթին, ֆինանսական ուժեղ շահագրգռվածություն եւ հաշվարկներ կան։ Բայց մի բան կարող եմ ասել, որ նախարարությանը այստեղից այնտեղ, երեւանցիների լեզվով կոպիտ ասած, տշելը, այդքան էլ ճիշտ չէ: 5 տարին մեկ տեղափոխում են այդ շենքը: Թեեւ մյուս կողմից եթե նախարարությունը լավ աշխատի, ապա ախոռում էլ կաշխատի։ Հաճախ արտաքինը չէ, որ որոշում է ներքին բովանդակությունը։ Բայց հետաքրքիր է՝ կարո՞ղ է մի օր էլ ՀՀ կառավարության շենքը վաճառեն»,-կատակի տալով՝ պատասխանեց Նավասարդյանը։
«Ժողովուրդ»