Հինգշաբթի օրը բացվել է Բաքվի միջազգային մարդասիրական երկրորդ համաժողովը։ Ֆորումի համահիմնադիրներն են Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները։
Այդ համաժողովի մասնակիցների թվում են անվանի պետական գործիչներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, արվեստի եւ գիտության աշխարհի հեղինակավոր ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։
Համաժողովը բացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, իսկ Վլադիմիր Պուտինի ուղերձն ընթերցել է Ռուսաստանի նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։
Համաժողովի մասնակից Լատվիայի նախկին նախագահ Վալդիս Զատլերսը լրագրողների հետ զրուցում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին։
Կարդացեք նաև
«Հարկ է ամեն ինչ անել այդ հարցը լուծելու համար։ Մենք միշտ հանդես ենք գալիս դիվանագիտական եւ խաղաղ կարգավորման օգտին, Լեռնային Ղարաբաղի մասին պետք է միշտ խոսել, այն հրատապ դարձնել, ցանկացած «սառեցված» հակամարտություն, ըստ էության, չլուծված խնդիր է մնում», – ասել է Զատլերսը։
Նույն թեմային է անդրադարձել նաեւ նրա գործընկերը` Էստոնիայի նախկին նախագահ Առնոլդ Ռյույտելը։ Նրա խոսքերով` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չափազանց բարդ խնդիր է։
«Կողմերը պետք է համաձայնության հասնեն, որ լուծում գտնեն։ Ընդ որում, հարկ է հաշվի առնել պատմական հանգամանքները եւ ամեն ինչ անել մարդկային կորուստներից խուսափելու համար», – ասել է Ռյույտելը։
Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի փոխանցմամբ` պետք է լուրջ աշխատանք տանել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ քաղաքացիական երկխոսությունը վերականգնելու համար։
«Վերջին շրջանում Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները խիստ սրվել են», – ասել է Շվիդկոյը եւ ավելացրել, որ երկխոսությունը վերականգնելու համար նախեւառաջ երկու երկրների նախագահների քաղաքական կամքն է անհրաժեշտ։
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանն էլ ասել է, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծել մոտ ապագայում։
«Նախ հարկ է կարգավորել գրավված տարածքների հարցը։ Ամբողջ աշխարհում փախստականների ամենամեծ թիվն Ադրբեջանում է, եւ չի կարելի երկար ժամանակ մերվել այդ իրողության հետ», – ասել է Գուսմանը` ավելացնելով, թե «դեռ կա խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու ժամանակ»։
Բաքվի միջազգային մարդասիրական երկրորդ համաժողովի աշխատանքն այսօր է ավարտվում։
Արմեն Քոլոյան
«Ազատություն» ռադիոկայան