Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ ռեկտոր. Գիտնականները քաղաքական գործիչներին պետք է հասկացնեն, որ փոքրաքանակ ժողովուրդները տեղ ունեն արեւի տակ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 05,2012 11:14

 

Այս պահին Երևանի պետական համալսարանի «Եղիշե Չարենց» դահլիճում ընթանում է «Կովկաս-կասպյան տարածաշրջանի էթնիկ ժողովուրդները» թեմայով միջազգային համաժողովը: Ողջունելով համաժողովների մասնակիցներին` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց, որ փոքրաքանակ, հատկապես` Կովկասի բնիկ ժողովուրդների պատմությանը եւ մշակույթին նվիրված գիտաժողովները մեկ անգամ եւս հաստատում են այն իրողությունը, որ քաղաքակրթության մեջ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի տնօրինել իր ճակատագիրը. «Այդ առումով կարեւոր են նմանատիպ գիտաժողովների արդյունքները, որոնք հնչեցնում են բնիկների խնդիրները` պատռելով այն սավանը, որով փաթաթում են նրանց քաղաքակրթությունը եւ փորձում առանձնացնել ընդհանուրից: Գիտնականների խնդիրն է` քաղաքական գործիչներին հասկացնել, որ փոքրաքանակ ժողովուրդները իրավունք ունեն արեւի տակ տեղ ունենալ»:

Գիտաժողովի կազմակերպչական կոմիտեի քարտուղար, «Արմակադի» հիմնադիր Խաչիկ Գեւորգյանը ելույթում ասաց, որ հանդիպումը ԵՊՀ իրանագիտության ամբիոնի կողմից վերջին տասը տարիների ընթացքում կազմակերպված 9-րդ միջազգային համաժողովն է, որին մասնակցության հայտ են ներկայացրել բազմաթիվ երկրների տարբեր գիտական դպրոցների գիտնականներ, հասարակական-քաղաքական գործիչներ եւ լրագրողներ. «Գիտաժողովի կազմակերպման եւ անցկացման երաշխավորն այն միջազգային հեղինակությունն ու վարկն է, որը վայրելում է ԵՊՀ իրանագիտության ամբիոնը` միջազգային ակադեմիական ասպարեզում, իսկ այդ հեղինակության առհավատչյան «Իրան եւ Կովկաս» միջազգային պարբերականն է»:

Պարոն Գեւորգյանի տեղեկացմամբ` «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հետ համատեղ մեկ տարի առաջ կազմակերպվեցին զազայագիտական եւ թալիշագիտական համաժողովները, իսկ «Իրանագիտության կովկասյան կենտրոնը» տպագրում է գիտաժողովներին ներկայացրած գրքերն ու պարբերականները:

Խաչիկ Գեւորգյանի խոսքով` վերջին տարիներին լեզվաբանական, մարդաբանական, քաղաքագիտական, գրականագիտական, կրոնագիտական եւ պատմագիտական հետազոտություներին զուգահեռ` ԵՊՀ իրանագիտության ամբիոնը տարածաշրջանի բնիկ ժողովուդների մշակույթի, լեզվի եւ պատմության հետազոտության կարեւորագույն կենտրոն է դարձել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031