«Չերքեզի ձորը գեղեցիկ է գարնանը, թեև ձնծաղիկը թառամած է, բայց ղաթիփան՝ ուտելու դեղին ծաղիկը, մանուշակը և այլ գույնզգույն ծաղիկները կժպտին, կզարդարեն կանաչները: Ուտելու դեղին ծաղիկները խաղողի ողկույզի նման բերանս կքաշեմ ու կուտեմ: Առաջիցս կերթար Զավարյան, որ ծաղիկներ կհավաքեր ընտրությամբ»,- գրում է Ռուբեն Տեր–Մինասյանը իր հուշերում:
Կարծում եմ, այլ բառեր չարժեր փնտրել` պատմելու Ձորի երբեմնի գեղեցկության մասին: Գյումրու, որպես քաղաքի ձևավորման մասին մի շարք պատմաբաններ նշում են, որ 19-րդ դարասկզբին «Չերքեզի ձորում» ծվարած, մի քանի տասնյակ խրճիթներից բաղկացած բնակավայրը արհեստագործության շնորհիվ կարճ ժամանակամիջոցում վերածվեց եվրոպական նոր քաղաքներին բնորոշ հատկանիշներով օժտված բարեկարգ մի քաղաքի: Այսինքն ամենահին Գյումրին սկիզբ է առել ներկա քաղաքի կենտրոնական մասում ընկած «Չերքեզի ձոր» կոչվող երբեմնի ծառապատ ու գեղատեսիլ տարածքից, որն այսօր դատապարտված է ոչնչացման:
Առհասարակ, «Չերքեզի ձոր» տեղանվան վերաբերյալ կա պատմական երկու կարծիք: Համաձայն առաջինի, այն կապվում է Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու իրադարձությունների հետ: Չերքեզները (այդ անվամբ են Ռուսական կայսրությունում հայտնի եղել Հյուսիսային Կովկասի ժողովուրդները, որոնք 19-րդ դարում ավելի քան քառորդ դար պայքարել են ռուսական պետության դեմ՝ հանուն անկախության), ըստ Գյումրի-Ալեքսանդրապոլում տարածված ավանդության, Օսմանյան կայսրություն գաղթելու նապատակով, իբր վրաններ են խփել այս ձորում մինչև իրենց կազմակերպված տեղափոխումը: Այստեղից է «Չերքեզի ձոր» անվանումը: Մյուս վարկածի համաձայն, ռուսական երկու գնդեր, որոնք մասնակցել են1826-1829թթ. ռուս-թուրքական պատերազմին, կոչվել են մեկը` կաբարդինական, մյուսը` չերքեզական:
Այստեղից է մինչև հիմա քաղաքում հայտնի «կաբարդինսկի» գունդ և «չերքեզի» անվանումները: Եթե թերթենք անցած տասնամյակների քաղաքային մամուլը, կհանդիպենք մի շատ զարմանալի փաստի. չկա մի տարի, որ մամուլն անդրադարձած չլինի Չերքեզի ձորի պահպանության և այն քաղաքի բնակչության համար հանգստյան գոտու վերածելու խնդրին: Սակայն սովորականի նման` գրելով ոչինչ չի փոխվել: Ու եթե մինչ երկրաշարժն այս գեղատեսիլ ձորին պատշաճ ուշադրություն չէին արժանացնում, ապա երկրաշարժից հետո ձորը վերածեց կիսով չափ աղբանոցի ու տնակային ավանի, որտեղ կտրատվեցին նաև բազմաթիվ ծառեր ու թփեր: Իսկ մի ժամանակ «Չերքեզի ձորի» տարածքում իրար հարևանությամբ բխող սառնորյակ աղբյուրների քաղցրահամ ջրերով է հագեցրել ծարավը Գյումրի-Ալեքսանդրապոլ քաղաքը, նույնիսկ հիմա էլ կան հին ջրագծերը: Դրանցով հոսելով՝ ձորի ջրերը հասնում են մինչև քաղաքային «Գորկա» կոչվող զբոսայգի և ապա թափվում կենտրոնական կոյուղի: Եվ դա այն դեպքում, երբ քաղաքի կանաչ տարածություններն ու անգամ զբոսայգին խնամելու համար ոչ ջուր կա և ոչ էլ ջրագիծ:
Կարդացեք նաև
Ներկայացնում ենք «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութը «Չերքեզի ձորի» մասին` առանց մեկնաբանության: