Լրահոս
Օրվա լրահոսը

Մահափորձ Հայրապետյանի դեմ

Հոկտեմբեր 05,2012 10:59

Նախօրեին մեզ էր զանգահարել գործարար Փայլակ Հայրապետյանը, ով գտնվում է Փարիզում եւ առաջիկա օրերին պատրաստվում է կրկին մեկնել Աֆրիկա՝ տեղում պարզելու եւ ծանոթանալու Աշոտ Սուքիասյանի ալմաստի հանքերի հետ կապված առեղծվածին։ Խոսքը համատեղ ձեռնարկի մասին է, ըստ որի՝ Ա. Սուքիասյանը պետք է ադամանդի հումք ներկրեր Հայաստան, եւ դրա մշակումը պետք է իրականացվեր տեղում։

Երեկ փորձեցինք որոշակի մանրամասներ պարզել, սակայն պարոն Հայրապետյանն այնքան հուզված ու վրդովված էր, որ զրույցն այլ ընթացք ստացավ։ Նա մեզ փոխանցեց, որ, իր հավաստի տեղեկություններով, Աշոտ Սուքիասյանը մահափորձ է ծրագրում իր դեմ։ «Ես 100 տոկոսանոց ինֆորմացիա ունեմ Ռուսաստանից, որ էդ Աշոտը մահափորձ ա պլանավորում իմ դեմ, որը, ըստ նրանց պլանի, պետք է իրականացվի Հայաստանում»,- ասաց Փայլակ Հայրապետյանը: Նա ասաց, որ Աշոտ Սուքիասյանի այդ պլանների մասին արդեն տեղեկացրել է գործով զբաղվող քննիչին, որը, Հայրապետյանի խոսքով, առանձնապես ուշադրություն չի դարձրել մահափորձի մասին իր տրամադրած տեղեկությանը։

Ի դեպ, լուրը ստանալուց հետո Հայրապետյանը զանգահարել եւ խոսել է Աշոտ Սուքիասյանի հետ, որը, Հայրապետյանի խոսքով, ամբողջությամբ հեոքել է մահափորձի մասին տեղեկությունները՝ ասելով, թե «ինքն այդքան կեղտոտ չէ, որ այդպիսի քայլի գնա»։

Հիշեցնենք, որ Հայրապետյանի եւ Աշոտ Սուքիասյանի կոնֆլիկտը հասունացել է համատեղ բիզնես սկսելու ճանապարհին, երբ Հայրապետյանը «Ամերիաբանկում» գրավադրել է իր 33 միլիոն դոլար արժողությամբ գույքը, եւ բանկը դրա հիման վրա Աշոտ Սուքիասյանին տրամադրել է 12 միլիոն դոլարի վարկ, որը վերջինս չի ծառայեցրել բուն նպատակին։ Աֆրիկայի Սիեռե Լեոնե հանրապետությունում գտնվող ալմաստի հանքերում, որոնք պետք է այդ գումարով շահագործվեին, Հայրապետյանի վստահեցմամբ, որեւէ աշխատանք չի տարվել։ Արդյունքում բանկը վարկային պարտավորությունները չկատարելու հիմքով դադարեցրեց հետագա վարկավորումը՝ տրամադրված գումարի դիմաց վերցնելով Հայրապետյանի գույքը, այդ թվում՝ «Հայաստան» հանրախանութի շենքը։

Այս պահին գործով զբաղվում է ոստիկանությունը: Փաստի կապակցությամբ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով բաժնում քրեական գործ է հարուցվել Քրօր. 178 հոդվածի 3-րդ մասին եւ 1-ին կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, սակայն որեւէ առաջընթաց գործում դեռեւս չկա, նախաքննություն է ընթանում։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031