Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրող պատգամավորները քննադատում են եթերը

Հոկտեմբեր 05,2012 10:56

Երեկ օրվա վերջին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը ներկայացրեց հանձնաժողովի 2011 թվականի գործունեության հաշվետվությունը: Այդ թվին Հայաստանում գործել են 94 հեռուստաընկերություն եւ 20 ռադիոընկերություն: Բուն հաշվետվության վրա չծանրանալով, որտեղ պատմվում էր նաեւ «Ա1 պլյուսին» այդ տարվա մեջ եթեր չտրամադրելու պատմությունը, անդրադառնանք Ամալյանի նոր ընդդիմախոսների ելույթներին, որոնք ԱԺ նոր պատգամավորներն էին:

«Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանը , որ ավելի վաղ հեռուստալրագրող է եղել, նշեց, թե հեռուստաընկերությունների եթերի բովանդակային կողմը հեռու է բավարար լինելուց, հեռուստատեսությունը պետք է հերոսներ ծնի, մինչդեռ մեզ մոտ այդ հերոսները գիտեք ովքեր են, կուսակցական եթերը «կուրյոզ» անվանեց: «Ա1 պլյուսի» փակումն էլ անվանեց քաղաքական որոշման հետեւանք, որը նույն որոշման հետեւանքով էլ պետք է բացվի, քանի որ բոլորն են պարտք այդ օազիսին` այն դժվար ժամանակներում բոլորին է եթեր տրամադրել:

Շուշան Պետրոսյանն ասում էր, թե ազգային մշակույթ գոյություն ունի, ու նրան անհասկանալի էր, թե որ չափանիշով են եթերը լցնում բայաթիով ու մուղամով: Նա ասում էր, որ մեր հեռուստատեսությունը դիմագիծ չունի:

Նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը տժժացրեց` 14 րոպեից ավելի գովազդը մեր տունը քանդում է, մեր հեռուստահաղորդավարներից մի մասին եթերից հետո ծեծելու ցանկություն է ունենում, այնքան որ նրանք «բռնաբարում են» եթերը. «Գեղեցիկ աղջիկներ գեղեցիկ բազկաթոռում նստում են, խոսում են դեսից-դենից` նույն բառապաշարը, նույն կեղծիքը, նույն բանտիկները», նշեց նա` պահանջելով, որ հեռուստադիտողին պաշտպանեն նրանցից:

Նիկոլ Փաշինյանն այդ կարգի եթերի իր բացատրությունն ուներ` «Ա1 պլյուսի» փակումից հետո եթերն ազատելու համար սուր հասարակական-քաղաքական թեմաներից ստեղծեցին երկու տասնյակ հեռուստաընկերություններ, իսկ եթեր լցնելը հեշտ բան չէ, եւ ոչ էլ լավ հեռուստամեկնաբան ունենալը. «Պետք է հասարակական-քաղաքական բովանդակությունը վերադարձնել եթեր», նշեց նա` հավելելով, որ կոնսենսուս պետք է լինի, թե ինչ տիպի քաղաքացի ենք ուզում ունենալ, հիմա չունենք:

Ու անգամ Հանրային հեռուստալրատվական ծրագիրը երկու տարի ղեկավարած Սամվել Ֆարմանյանը խոսեց հասարակական զանգվածային մտահոգությունից` միեւնույն ժամանակ նշելով, թե նախագահ Սարգսյանի տարիներին շահեկանորեն տարբերվում է լրատվական բովանդակությունը նախկինից. «Մեր սերիալային բովանդակությունը համարում եմ մեծ սպառնալիք ազգային անվտանգությանը: Ինչպիսի՞ քաղաքացի ենք ուզում դաստիարակել… Չունենալ որեւէ համաձայնեցված հայեցակարգ, թե ինչպիսի կերպարներ ենք քարոզում, նշանակում է, որ մենք ականներ ենք տեղադրում մեր հասարակության զարգացման մեջ»: Ցանկալի բովանդակության հասնելու համար նա առաջարկում էր լավ հեռուստաարտադրանքի խրախուսում պետության կողմից:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 «Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031