Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիշա Վիրաբյան. «Ես վատ եմ զգում, որ իմ երկրին եմ հաղթել»

Հոկտեմբեր 05,2012 10:50

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ 31 հազար եվրո գումար Հայաստանի Հանրապետությունը կտա ՀԺԿ նախկին համակիր Գրիշա Վիրաբյանին՝ որպես նրան պատճառված բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցում: Ներկայացնում ենք Aravot.am-ի հարցազրույցը Գ. Վիրաբյանի հետ:

– Կմտածեի՞ք, որ 8 տարի հետո քո գործը գտնվելով ԵԴ վարույթում, ոչ միայն քննության կդրվի, այլեւ կհաղթես:

– Իհարկե, 8 տարվա սպասումից հետո գոհ եմ: Հավատում էի, վստահ էի, որ հաղթելու եմ: Միշտ էլ հավատացել եմ, որ անմեղ եմ եւ քաղաքական ենթատեքստով սարքված գործը շինծու, հետին թվերով (Արարատի մարզի ոստիկանության կողմից ծեծի էր ենթարկվել 2004թ. ապրիլյան հանրահավաքներին մասնակցելու եւ նախագահական ընտրությունների իրադարձությունների հետ կապված. -Ռ. Մ.):

– Ի՞նչ կարգավիճակով եք եւ որտե՞ղ եք գտնվում այսօր:

– Ես քաղաքական ապաստան եմ ստացել Բելգիայում արդեն 3 տարի:

– ԵԴ որոշումից հետո փոխվե՞լ են մտադրություններդ, գալո՞ւ ես Հայաստան:

– Այո, մտադիր եմ: Մի անգամ արդեն Հայաստանի իշխանություններն ինձ պահանջել են եւ այստեղի մեր դեսպանը մտահոգ է:

– Ի՞նչ ասել է պահանջել են, հետախուզվո՞ւմ եք:

– Ոչ, չեմ հետախուզվում: Չգիտեմ, երեւի ինչ-որ մեկը օգտագործել է դիվանագիտական կապերը եւ պահանջ ներկայացրել Բելգիայի Թագավորությանը, այստեղից էլ պատասխանել են, որ Գրիշա Վիրաբյան չկա:

– Ձեզ Հայաստանից ովքե՞ր շնորհավորեցին՝ կուսակցական լիդերներից, համակիրներից:

– Ինձ շնորհավորել են իմ ընկերները, ովքեր սկզբից իմ կողքին էին: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Հովիկ Արսենյանն է զանգել: Իսկ ՀԺԿ-ն հիմնականում չի էլ ուզում մամուլում գրվի այդ մասին, քանի որ նրանք հենց սկզբից հայտարարեցին, որ ես իշխանության մարդ եմ: Հիմա թող բոլորն իմանան, որ մինչեւ վերջ գնացի: Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքների ժամանակ ամեն անգամ ինձ ելույթ էին խոստանում, ՀԺԿ-ն թույլ չէր տալիս, աղջկա նման նեղանում էր նրանց լիդերը:

– Հայտնի է, որ ծանր վիրահատություն տարաք, Բելգիայում անհրաժեշտություն եղե՞լ է բուժմիջամտության:

– Առաջին տարին լուծեցին բժշկական շատուշատ հարցեր, հիմա լավ եմ, առողջության հետ կապված խնդիրներ չունեմ:

– Պարոն Վիրաբյան, ի՞նչ զգացողություն ունեք, երբ հաղթել եք երկրին, որի համար, ինչպես Դուք եք ասում՝ պայքարել եք:

– Եվ հպարտություն, եւ թախիծ խառնվել են իրար: Ես վատ եմ զգում, որ իմ երկրին եմ հաղթել… Ես վատ եմ զգում, որ իմ երկրում իրավունք եւ օրենք գոյություն չունի եւ իմ հաղթանակը դաս չի լինի իրավական համակարգի համար:

Մի կողմից էլ հպարտ եմ, որ իրավունքն ու արժանապատվությունը պահեցի եւ կարողացա ապացուցել այն մարդկանց, որոնք կոնկրետ դատախազի պատվերը կատարելով ՝փորձեցին ինձ մենակ թողնել եւ վարկաբեկել:

Ես էլի առաջին շարքերում եմ լինելու, իսկ իրենք թող շարունակեն օգտվել իշխանության կերակրատաշտից:

Ականջները կանչի՝ Դեմիրճյան եւ Զաքարյան Ստեփաններ: Իմ տեղը հրապարակն է, ես մեղավոր չեմ, որ իմ ընկերների կողքին չեմ, ես խնդրում եմ ինձ բացակա չհամարել:

– Ի՞նչ հարց կուզեիք տայի, որ ես չտվեցի:

– Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր լրագրողներին, որոնք առնչվեցին իմ գործի հետ՝ Աննա Իսրայելյանին, քեզ, Կարինե Աշուղյանին, Թագուհի Թովմասյանին, Արմինե Օհանյանին, Քրիստինե Բարսեղյանին, առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանին եւ հատուկ Արամ Զավենի Սարգսյանին, որն իմ ամենավատ օրերին ասաց. «Գրիշ, ես Արմենին չկարողացա պահել, նստեցրին, բայց քո համար վերջին փամփուշտն էլ կրակելու եմ», եւ կանգնեց կողքիս: Ես չեմ հաղթել, այսօր հաղթել է Արամ Զավենի Սարգսյանը:

Հարցազրույցը՝ Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031