Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Զուրաբյանը ԵԽԽՎ-ում իր գրավոր ելույթում արծարծում է Վ. Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Հոկտեմբեր 05,2012 10:33

ԵԽԽՎ-ում Իրավական հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Շտրասսերի զեկույցի կապակցությամբ, որտեղ տրվում է «քաղաքական բանտարկյալ» տերմինի սահմանումը, հոկտեմբերի 3-ին նախատեսված էր նաև ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանի ելույթը: Ժամանակի սղության պատճառով պարոն Զուրաբյանին ելույթի հնարավորություն չտրվեց, սակայն դրա տեքստը կցվել է Վեհաժողովի նիստի պաշտոնական արձանագրությանը:

Իր ելույթում պարոն Զուրաբյանը «քաղաքական բանտարկյալի» սահմանումը տվող բանաձեւը կարևորում է՝ օրինակ բերելով, թե ինչ դրական ազդեցության կարող է այն ունենալ ՀԱԿ-ի գործունեության վրա, քանի որ վերջին հինգ տարիների ընթացքում այն եղել է իշխող ռեժիմի ճնշումների թիրախում: Հիշեցնելով 2008-ից ի վեր ՀՀ-ում եղած 150 քաղբանտարկյալների մասին՝ նա նշել է, որ Վեհաժողովի ընդունած բանաձևերում նրանք երբեք չեն կոչվել քաղաքական բանտարկյալներ:

Լ. Զուրաբյանը նաեւ նշել է. «Ոստիկանությունը 2011-ի օգոստոսի 9-ին հարձակվեց ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների վրա, նրանց ծեծի ենթարկեց, և նրանց դեմ մեղադրանք ներկայացվեց՝ ոստիկանությանն ընդդիմանալու ու խուլիգանության համար: Սրա պատճառով առկախվեց երկար սպասված երկխոսությունը: Իսկ այս տարվա հուլիսի 20-ին, դատարանի կայացրած վճռի համաձայն, Տիգրան Առաքելյանը, ով արդեն գտնվում էր բանտում, դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 3 տարվա ազատազրկման: Մենք արդեն ունեինք մեկ քաղաքական բանտարկյալ: Դատարանի այս վճռից հետո նրանք դարձան չորսը: Եվ թույլ տվեք նաև հայտնել, որ ՀՀ խորհրդարանի երեկվա նիստում անձեռնմխելիությունից զրկվեց ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը՝ քաղաքական շարժառիթներ պարունակող մեղադրանքներով: Սա նշանակում է, որ ՀՀ-ն վերադառնում է այն իրականություն, որը մենք հաղթահարել էինք անցյալ տարի»:

Ելույթի եզրափակիչ հատվածում պարոն Զուրաբյանը կրկին անդրադառնում է ՀԱԿ չորս ակտիվիստներին և նշում. «Նրանք խելացի են, սկզբունքային և խանդավառված են ժողովրդավարության ու քաղաքացիական ազատությունների գաղափարներով: Նույնիսկ բազում անգամներ ոստիկանության կողմից ձերբակալվելուց, կտտանքների ենթարկվելուց հետո նրանք շարունակում են պայքարել իրենց երկրի ազատության համար: Մենք պետք է աջակցենք նրանց»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031