Լրահոս
Օրվա լրահոսը

Ու՞ր էին հայրենիքի փրկիչները

Հոկտեմբեր 05,2012 10:04

Հայաստանի խորհրդարանում երեկ վավերացվել է մի համաձայնագիր, որն ըստ էության ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ, քանի որ ներառում է պայմաններ, որոնք սահմանափակում են այդ տարածքը ինքնուրույնաբար տնօրինելու Հայաստանի Հանրապետության ժողովրդի իրավունքը:

ՀԱՊԿ անդամ երկրները մի քանի ամիս առաջ նախագահների մակարդակով ստորագրեցին մի համաձայնագիր, որում ամրագրվում է, որ ՀԱՊԿ անդամ որևէ երկիր չի կարող իր տարածքում այլ՝ երրորդ երկրի ռազմակայան կամ ռազմական ենթակառուցվածք տեղակայել, եթե դրան համաձայնություն չեն տվել ՀԱՊԿ մյուս երկրները առանց բացառության: Այսպիսով, եթե վաղը, ասենք, Հայաստանը եվրոպական որևէ երկրի հետ որևէ ծրագիր իրականացնի, որով նախատեսվում է Հայաստանում ռազմական, ասենք, մի որևէ ենթակառուցվածք կազմավորել, ասենք` ուսումնական կրթական հաստատություն կամ հոսպիտալ, կամ այլ բնույթի միավորում, ապա դա կարող է անել միայն Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ղրղզստանի թույլտվությունից հետո: Ավելորդ է մեկնաբանել այդ իրավիճակը: Այն պարզապես ունի մեկ բնորոշում՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, հայ ժողովրդի անկախության սահմանափակում: Եվ Հայաստանի խորհրդարանը վավերացնում է այդ սահմանափակումը:

Ցավալին այստեղ, բացի խորհրդարանի կամակատարությունից, որ դակում է Հայաստանի արտաքին քաղաքական հերթական անզորությունն ու թուլակամությունը, նաև հասարակության իներտությունն ու անտարբերությունն է: Երբ խորհրդարանում քննարկվում էր նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի հարցը, Հայաստանի գրեթե կեսը, իսկ գուցե ամբողջ Հայաստանը, գամվել էր խորհրդարանին և փորձում էր ոչ մի բառ բաց չթողնել, կարծես երկրի ճակատագիրն էր կախված Վարդան Օսկանյանի ճակատագրից: Միանշանակ է, որ ցանկացած անարդարություն, որ տեղի է ունենում երկրում, էական ազդեցություն է ունենում նաև երկրի միջազգային կենսունակության և արտաքին քաղաքական պոտենցիալի վրա՝ լինի դա անարդարություն շարքային քաղաքացու, թե ընդդիմադիր նախկին պաշտոնյայի հանդեպ: Սակայն առնվազն աբսուրդ է, որ երկրում այդ հարցը ավելի մեծ հնչեղություն և քաղաքական-հասարակական ռեզոնանս է առաջացնում, քան Հայաստանի ինքնիշխանությանը վերաբերող կոնկրետ փաստաթուղթը, որը Հայաստանի անկախությունը դնում է լրջագույն կասկածի տակ: Առնվազն անհասկանալի է, որ այդ իրադարձությունը խորհրդարանում գոնե այնքան ուշադրություն չի կլանում, ինչքան Վարդան Օսկանյանի գործը:

Սա խոսում է Հայաստանում հասարակական-քաղաքական լրջագույն դիսոնանսի մասին, առաջնահերթությունների, պատկերացումների լրջագույն խախտման մասին: Եվ սա, թերևս, առավել քան վտանգավոր է, ու այս երևույթը խորքային առումով առավել մտահոգիչ է, քան դրա պայմաններում ընդունված վտանգավոր և անարժանապատիվ փաստաթուղթը: Այդ փաստաթղթերը ընդամենը հետևանք են հասարակական-քաղաքական առաջնահերթությունների, պատկերացումների և արժեքների խեղաթյուրման, այդ իրավիճակի քաղաքական շահարկման: Եվ մենք կարճ ժամանակում հենց դրան ականատես եղանք: Քանի դեռ հասարակական այս վիճակը չի բուժվել, Հայաստանի վերափոխման մասին խոսակցությունները կմնան առավելապես տեսական մակարդակի վրա, իսկ պետությունը կստանա նորանոր փաստաթղթեր, որոնք կկաշկանդեն մեր անկախությունն ու ինքնիշխանությունն ավելի ու ավելի` է՛լ ավելի մեծ դաշտ բացելով ոչ թե ընդհանուր, ազգային, ժողովրդական, հասարակական-քաղաքական դիմադրության, այլ ընդամենը տարատեսակ ներքաղաքական մանիպուլյացիաների համար:

Քաղաքական երեսպաշտությունը նվաճել է Հայաստանի ներքաղաքական դաշտը, և այսօր ստեղծվել է մի մթնոլորտ, երբ քաղաքական ուժերը կարող են նայել հասարակության աչքերին, խոսել ինքնիշխանությունից և միաժամանակ պարզապես որևէ կարևորություն չտալ գերկարևոր փաստաթղթերին, իսկ տեղ-տեղ էլ քվեարկել դրանց կողմ` ինչպես, օրինակ, Հայ ազգային կոնգրեսի պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը ու Լյուդմիլա Սարգսյանը, որոնք լինելով ընդդիմություն, այսպես ասած` Հայաստանի ինքնիշխանության համար պայքարի մասին հայտարարող ուժի ներկայացուցիչ, կողմ են քվեարկում Հայաստանի ինքնիշխանության իրավունքը ոտնահարող, Հայաստանի արժանապատվությունը ստորացնող այդ փաստաթղթին:

Այս ամենի պատճառն այն է, որ հասարակությունը հայտնվել է բաց աչքերով կույրի կարգավիճակում: Իսկ տեսողությունը ծածկել են կուռքերը, կռապաշտությունն ու տարատեսակ կարծրատիպերն ու կլիշեները: Քաղաքական ուժերն անգիր են արել դրանք, բայց ի տարբերություն լայն հանրության՝ հասկանալով են անգիր արել, և այդ ամենի միջոցով ման են ածում լայն հանրության քթից բռնած, իսկ հասարակության քթի տակ կնքում տարատեսակ գործարքներ համակարգի հետ: Հոկտեմբերի 4-ին հանրությունն ականատես եղավ այդ գործարքներից մեկին:

Մայիսի 6-ի խորհրդարանի ընտրությունից, իսկ հետո նաև ԲՀԿ-ի կոալիցիա չմտնելուց հետո հայտարարվում էր, որ նոր խորհրդարանն ավելի քաղաքական է, և ընդդիմությունն այստեղ, ի դեմս նաև ԲՀԿ-ի, ավելի ներկայացված է: Ու՞ր էր ընդդիմությունը, բացի այն մի քանի դեմ պատգամավորներից, որ կային քվեարկության ընթացքում: Ու՞ր էր այդ ԲՀԿ-ն, ինչո՞ւ էր իր Օսկանյանի խնդիրը ավելի բարձր դասել ընդհանուր պետության խնդրից: Չէ՞ որ Օսկանյանի հարցում հենց պետության մասին էին խոսում ԲՀԿ-ական կարկառուն դեմքերը, հայտարարում, թե սա հարված է Հայաստանի միջազգային վարկին և այլն: Իսկ մի՞թե համաձայնագիրը հարված չէր Հայաստանին, Հայաստանի ապագային, որում անկասկած կարևոր դեր ունի նաև Օսկանյանի հանդեպ արդարությունը, բայց որը հաստատ չի սկսվում և ավարտվում Վարդան Օսկանյանով: Ու՞ր էին Հայաստանի ապագայով մտահոգները, երբ խորհրդարանում ընդամենը չորս դեմ ձայն է հնչում այդ էական փաստաթղթի վավերացման դեմ, իսկ յուրայինների ակտիվ և լյումպեն մոբիլիզացիան բացակայում է ընդհանրապես:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031