ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին` «Ճոյտին» պատկանող խաղատանը 48-ամյա Հ.Գ-ն խաղասրահում իր մոտ եղած գումարները վատնելուց հետո խաղասրահի աշխատակցուհի Լ. Բ-ին պահանջել է լիցքավորել խաղային ավտոմատը, գումարը հաջորդ օրը վճարելու պայմանով: Սակայն տեսնելով, որ իր պահանջը չի բավարարվում, զանգահարել է Հակոբ Հակոբյանին եւ շարունակել հայհոյանքների տեղատարափը:
Արմավիր մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը քննվում է իրենց մոտ: 48-ամյա Հ.Գ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հուլիսի 13-ին` ժամը 00:00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում գտնվող համաքաղաքացի Հակոբ Ռաֆիկի Հակոբյանին պատկանող «ԽԱՉ-ՌԱՖ» ՍՊԸ-ի խաղասրահում իր մոտ եղած գումարները վերջանալուց հետո խաղասրահի աշխատակցուհի Լ. Բ-ին պահանջել է լիցքավորել խաղային ավտոմատը, գումարը հաջորդ օրը վճարելու պայմանով: Սակայն մերժում ստանալուց հետո խուլիգանական մղումներով սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ խաղասրահի աշխատակիցների եւ Հակոբյանի հասցեին: Ընդհուպ զանգահարելով Հակոբյանի բջջային հեռախոսին հաճախորդների եւ խաղասրահի աշխատակիցների ներկայությամբ անձամբ բարձրաձայն հայհոյանքներ է ուղղել նրան, դրանով շուրջ 30 րոպե տեւողությամբ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:
Այսինքն Հ. Գ-ը մեղադրվում է ՀՀ քր.օրի 258 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ: Նրա նկատմամբ ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոց է ընտրվել: