«Sharm Pictures»-ն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացրեց իր արկածային նոր կինոկատագերգությունը: «Poker.am»` այսպես է կոչվում այն: Գլխավոր դերում Հովհաննես Ազոյանն է: Դերասանը ֆիլմում աշխատում է քաղաքի հայտնի ռեստորաններից մեկում` որպես մենեջեր-մատուցող: Նա պատրաստվում է իր ընկերուհուն` Լիլիին, ծննդյան օրը կայանալիք հավաքույթի ժամանակ առաջարկություն անել: Այդ առիթով Հովոն արդեն ձեռք է բերել մատանին և նոր փողկապ` էլեկտրիկ-կապույտ գույնի: Հարսնացուի տուն գնալուց առաջ որոշում է մտնել ավտոսրահ և իր հետ տանել նաև ընկերոջը` Միշոյին: Սակայն ամեն ինչ այլ ընթացք է ստանում և գլխավոր հերոսը հայտնվում է նախ` զավեշտալի, իսկ հետո` արդեն վտանգավոր իրավիճակներում: Վրա հասած անախորժությունները լուծելու համար նա ստիպված է լինում է՛լ ավելի խենթ քայլեր ձեռնարկել: Նրա համարձակությունը զարմացնում է ընկերոջը, զայրացնում հարսնացուին և խուճապի մատնում կազմակերպված հանցախմբին…
Ի վերջո, դրամատիկ մրցամարտում դժվարությամբ տարած հաղթանակը կտրում է այս խճճված հանգույցը, և ամեն բան իր տեղն է ընկնում:
Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանն ասաց, որ սա իրենց երրորդ ֆիլմն է: Կարծում է, որ «Poker.am»-ը իր ուրույն տեղը կգտնի մարդկանց ժամանցի մեջ. «Երեւի ես ինքս ավելի շատ եմ մտածում, թե ինչպես կընդունվի ֆիլմը հասարակության շրջանում: Կա այսպիսի մի կարծիք, որ առաջին ֆիլմը լավն է, երկրորդ արդեն վատն է, իսկ երրորդը` ավելի վատն է: Բայց ես գտնում եմ, որ այս մեկը հավասար է մնացած երկուսին` «Պահանջվում է միլիոնատեր»-ին եւ «Փեսացուն կրկեսից» ֆիլմին»:
Ջաղինյանի խոսքով, ի տարբերություն նախորդ երկու ֆիլմերի այս մեկն ավելի մաստշաբային է, քանի որ նկարահանվել է նաեւ Վրաստանում, իսկ նախագծի իրականացմանն էլ միացել է վրացական «Ռուստավի 2» հեռուստաընկերությունը: Ֆիլմի վրա ծախսվել է մոտ 350 հազար դոլլար:
«Poker.am»-ի գլխավոր ռեժիսորը Դավիթ Բաբախանյանն է: Նա ասում է, որ անցած երկու ֆիլմերին նման է նրանով, որ ռոմանտիկ կատակերգություն է, իսկ տարբերությունը սյուժեի մեջ է:
ֆիլմում իր դերակատարությունն ունի նաեւ դերասան Արտաշես Ալեքսանյանը: Ասում է, որ կապ չունի` ֆիլմում ես նկարահանվում, թե սերիալում, քանի որ դերասանի համար տեսախցիկը մնում է տեսախցիկ. «Դու քո աշխատանքը պետք է անես էկրանին: Ինձ համար շատ հաճելի էր աշխատել նման ռեժիսորների ու դերասանների հետ: Իմ կարգավիճակը այս ֆիլմում փոխված էր, որովեհետեւ անընդհատ բոբո ձյաձյաների դեր խաղալուց հետո, վերջապես խաղում եմ բոբո ձյաձյաի շրջված հայելու տարբերակը»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ
Կարդացեք նաև