ԱԺ պատգամավորական երկու թափուր տեղերի համար դեկտեմբերի 2-ին կայանալիք ընտրությանը Հանրապետական կուսակցությունը կմասնակցի` իր թեկնածուների առաջադրմամբ: Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում, որը թափուր է մնացել այդ ընտրատարածքից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանի` Գյումրիի քաղաքապետ ընտրվելուց հետո, ՀՀԿ-ն կառաջադրի Արման Սահակյանի թեկնածությունը, իսկ թիվ 1 ընտրատարածքում, որը թափուր է մնացել ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` մանդատից հրաժարվելուց հետո, Հանրապետականը կառաջադրի Երեւանի կադաստրի պետի տեղակալ Ռոբերտ Սարգսյանի թեկնածությունը:
«Կարծում եմ՝ կուսակցության օժանդակության արդյունքում թեկնածուները կունենան լուրջ հաջողություններ, եւ ակնկալում ենք հաղթանակ երկու թեկնածուներից», -այսօր կայացած ՀՀԿ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով, Ռոբերտ Սարգսյանի ընտրության հարցում հաշվի են առել ՀՀԿ տարածքային կառույցի դիրքորոշումը եւ առաջադրել են՝ նկատի ունենալով նրա պարկեշտությունը, փորձը եւ թիմի հետ երկարամյա աշխատանքը.«Կարծում եմ, որ դեկտեմբերի 2-ին ՀՀԿ-ն կհամալրվի եւս երկու պատգամավորներով»:
Հարցին, թե Ռոբերտ Սարգսյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի ազգակա՞նն է , պարոն Շարմազանովը պատասխանեց.«Եթե կնոջ բարեկամը ազգականն է, ուրեմն ազգականն է»: Ռուբեն Սարգսյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կնոջ եղբայրն է:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ