Գյումրու միջազգային չափանիշներին համապատասխանող, 13.9 միլիոն դոլարանոց նոր բժշկական կենտրոնը, որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ մոտ մեկ ամիս առաջ` ՀՀ նախագահ Սեր Սարգսյանի անմիջական մասնակցությամբ, բժիշկների պահվածքը քննող էթիկայի հանձնաժողով կունենա:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Իսահակյանը: « Տարիներ շարունակ չունենալով շենքային պայմաններ. Գյումրու հիվանդանոցները հարմարեցված շենքերում էին գտնվում, գուցե մի տեղ տուժվել են մեր հնարավորությունները` սկսած բժշկի արտաքին տեսքից` վերջացրած վերաբերմունքը: Այստեղ` նոր հիվանդանոցում, Փառք Աստծո, յուրաքանչյուր հիվանդասենյակ ունի իր հարմարությունները, իր հեռուստացույցը, մի կողմից ունենալով հոյակապ պայմաններ` սանհանգույցները կան, հանդերձարանը կա, լողարանը կա, և դրանից հետո եթե չսափրված բժիշկ լինի կամ հիվանդին վատ վերաբերմունք ցույց տվող բժիշկ կամ բուժքույր, նրանց հարցերը քննի էթիկայի հանձնաժողովը: Կարծում եմ հիվանդանոցի էս շենքի մեջ անգամ բարձր խոսել չի կարելի, այսօր ես երաժիշտ էի հրավիրել, զարմացել էր, թե ինչո՞ւ եմ հրավիրել, մենք որոշել ենք, որ շատ մեղմ դասական երաժշտություն է հնչելու, և մենք էլ բարձր չենք խոսելու և հնարավորություն ենք տալու հիվանդին այստեղ լիարժեք հանգստանա,ստանա իր լիարժեք բուժումը և փոխվի ընդհանուր մթնոլորտը և մեզ դիմող քաղաքացիների, և բուժող բժիշկների վերաբերմունքը»:
Ըստ հիվանդանոցի տնօրենի, բացառելու են նաև կոռուպցիան: էթիկայի հանձնաժողովը կքննի նաև այդպիսի հին մեթոդների նկատմամբ սեր տածող բժիշկների հարցերը: «Շատ եմ ցավում, որ շատ անգամ ինձ բժիշկները ևս հարց են տալիս` ո՞նց է լինելու , ոնց չի լինելու, կա մի ձև. երևի վերջերս բոլորդ լսել եք նախագահի ելույթը, դա ուղղակի ցուցում է, նախագահն պատահական ելույթ չի ունենում, ուսումնասիրած դաշտը պարզ է, ես միանշանակ ասում եմ` այս հիվանդանոցում պաշտպանելու եմ 3 ուղղություն` մեկը բուժսարքավորումներն են, որոնք անչափ թանկարժեք են, և մենք դրանք չպիտի օգտագործենք ոչ ճիշտ, մյուս ուղղությունը մեր բուժպերսոնալն է, ինքս բժիշկ եմ, բժիշկներին շատ եմ հարգում և ուզում եմ, որ նրանք լավ, արժանապատիվ ապրեն: Իսկ 3-րդ ուղղությունը հետեւյալն է. մենք մոռանում ենք, որ ունենք 450 հոգանոց կոլեկտիվ, բայց երևի թե 30 հազար հիվանդ ունեցող բնակչություն, որոնք մեզ են դիմելու: Բժիշկներին եմ դիմում, ինչն անցյալում հնարավոր է եղել, այժմ մոռացեք, այլապես նման պատմության մեջ ընկնելու դեպքում ոչ մեկի կողքը չեմ կանգնելու»,-նախազգուշացրեց տնօրենը:
Արմեն Իսահակյանի ասելով, չնայած մի կողմից երաժշտություն են միացնում հիվանդանոցի մթնոլորտը փոխելու համար, բայց մյուս կողմից որոշակի բիզնեսմեններ` սրճարանի տերեր, բանկերի տնօրեններ, դեղատների հիմնադիրներ գալիս ու իրենց դիմում են հիվանդանոցում բիզնես կենտրոններ բացելու խնդրանքով: « Մի 5-6 բանկ գալիս են ուզում են բանկոմատ դնել, մի 7 դեղատուն, պատկերացրեք ինչ բիզնես կենտրոն կդառնա, ես էդ գաղափարը չեմ ընդունում, նաև չեմ ընդունում մարզպետարանում ու նախարարությունում, օրական գալիս են, միանշանակ ասեմ, որ այդ գաղափարը լավ գաղափար չէ» :
Կարդացեք նաև
Ի դեպ, քանի որ Շիրակի մարզը պաշտոնապես ամենաաղքատ ճանաչված տեղանքն է, այստեղ աշխատատեղեր գրեթե չկան, ուստիև բնակիչները` անկախ համապատասխան կրթությունից ունենալուց, դիմում են այս հիվանդանոցի տնօրինությանը` իրենց որևէ գործով ապահովելու խնդրանքով: Նույնիսկ նման խնդրանքով մոտենում են լրագրողի դիպլոմ ունեցողները: «Շատ եմ ցավում, որ անկախ մասնագիտությունից գալիս են մեզ մոտ ու խնդրում մի հաստիք տալ, ժողովուրդը երևի մեղք չունի, գալիս ու հարցը էսպես են տալիս ` մի գործ, թեկուզև թեթև, 20-30 հազար դրամի համար մանկավարժական ինստիտուտն ավարտած կամ ոչ մի կրթություն չունեցող մարդը դիմում է` չմտածելով, որ էս համակարգի մեջ հնարավոր չէ», -ասում է տնօրենը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ