Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի մամլո քարտուղար Հասմիկ Մելքոնյանը երեկ թերթերից մեկում տեղեկություններ էր հրապարկել այն մասին , որ Գյումրու նորակառույց բազամապրոֆիլ հիվանդանոցի շենքը, որի կարմիր ժապավենը ընդամենը 20 օր առաջ կտրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, փլուզվում է:
Այսօր հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Իսահակյանն ու Շիրակի մարզպետարանի առոողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը մամուլի ասուլիս էին հրավիրել` պնդելով, որ լրագրողը առանց հիվանդանոց այցելելու, սեփական աչքով տեսնելու ու համոզվելու` ապատեղեկատվություն է տարածել: «Գիտեք ի ՞նչ կա, փլուզում բառը շատ խիստ է գրված, անգամ անճշտություն չես կարող որակել, ես սիրում եմ ուրախանալ գեղեցիկով և լավով: Դա մարդու ներքին զգացողությունն է, երբ որ դու կարողանում ես հարևանի երջանկությամբ երջանկանալ, մտերիմիդ հաջողություններով ուրախանալ, ո՞ նց կարող ես նայել այս շենքին ու գրել, թե փլուզվել է , ո՞ր հատվածն է փլուզվել, որտե՞ղ է փլուզումը, փշրված տեղ անգամ չկա, ես կարծում եմ, որ մեր հարգարժան լրագրողը, եթե նման առիթներ կլինի, թող գա ուսումնասիրի: Երբ որ ինձ նախարարությունից հանձնարարական են տալիս, եթե ես անմիջական պատասխանեմ, կընկնեմ շատ վատ վիճակի մեջ: Խնդիրը անմիջապես ուսումնասիրում եմ, կանչում եմ բողոքողին, լսում եմ նրան, լսում եմ տուժողներին, նոր եզրակացություն եմ կատարում, թե չէ մի շինարար կամ մի քաղաքացի զանգ է տվել ու ասում է` փլուզվում է, պետք է ի գիտություն ընդունե՞ս: Ես պետք է ստուգեմ էդ փաստերը, լրագրողական պրոֆեսիոնալիզմը խոսում է դրա մասին, ես, իհարկե, չեմ ուզում ինչ-որ մի լրագրողի արժանապատվությանը կպնել, բայց ասել, որ էս շենքը փլուզվում է, ես չեմ ուզում այլ բառեր ասել, ուղղակի չի կարելի», -լրագրողին այսպես պատասխանեց պարոն Հովհաննիսյանը:
Նորակառույց հիվանդանոցի տնօրեն Արմեն Իսահակյանն էլ պատմեց, որ լրագրողը նյութը գրելուց մեկ օր հետո նոր միայն այցելել է հիվանդանոց, շրջել ու տեսնելով, որ փլուզում չկա, խոստովանել է, որ իր տեղեկությունները ճիշտ չեն, ու խոստացել է լուծել իրեն ապատեղեկատվություն տրամադրած շինարարի հարցերը: Հիվանդանոցի տնօրենը նաև տեղեկացրեց, որ ճիշտ է` շենքը շահագործման է հանձնված, սակայն դեռ կան չօգտագործված ֆինանսական միջոցներ, նախնական 10 տոկոսը, որը կազմում է մոտ 3 ու կես միլիոն դոլար, գտնվում է ծրագրերի իրականացման գրասենյակի տրամադրության տակ և կծախսվի մեկ տարվա ընթացքում առաջ եկած թերությունները վերացնելու նպատակով:
Կարդացեք նաև
Նշենք, որ նորակառույց հիվանդանոցի շենքը կազմում է 13 հազար քառ.մետր: Վաղվանից Գյումրու երեք հիվանդանոցները կմիավորվեն, նրանց բուժանձնակազմը կտեղափոխվի նորակառույց շենք: «Շրջենք տեսեք, չեմ ասում իդեալական 100 տոկոսով, բայց 99 տոկոսով պատրաստ է շենքը, և վաղվանից սկսվում են տեղափոխումները, մարզպետի հրամանով տեղափոխման համար ժամանակացույց է սահմանվել, այն շատ կարճ է լինելու, մի 10 օրվա ընթացքում կավարտվի, և հիվանդները կընդունվեն նոր բժշկական կենտրոն», -ասաց Արմեն Իսահակյանը:
Նա հավաստիացրեց, որ 3 հիվանդանոցների վերամիավորման ժամանակ ոչ մեկը գործազուրկ չի դառնալու, ոչ մի կրճատում չի լինելու: Նրա տեղեկացմամբ, ժամանակակից , թանկարժեք բուժսարքավորումների վրա աշխատելու համար վերպատրաստման են ուղարկում ոչ միայն տեղի կադրերին, այլ պատրաստվում են որոշակի մասնագետներ, օրինակ դիմածնոտային վիրաբույժի, հրավիրել մայրաքաղաքից: Ի դեպ, հիվանդանոցի տնօրինությունը մեծ հույսեր է կապում բժշկական համալսարանի վերջին կուրսերում սովորող գյումրեցի ուսանողների հետ, երիտասարդ կադրերին պատրաստվում են աշխատանքով ապահովել այս հիվանդանոցում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ