Այսօր Ազգային ժողով է ներկայացվել եւ ձայների 70 կողմ, 4 դեմ եւ 2 ձեռնպահ հարաբերակցությամբ վավերացվել է 2011 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» Ն-1380-08.05.2012-ԱՀ-011/0արձանագրութունը: Միջազգային պայմանագիրը Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ըստ էության, ռուսական զինված ուժերի ներկայությունը մեր երկրում հաստատող այս պայմանգրի վավերացմանը «կողմ» քվեարկած 70 պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը Հանրապետական կուսակցությունը ներկայացնող պատգամավորներն են: ՀՀԿ պատգամավորների մեջ «դեմ» քվեարկող չի եղել, եղել են չքվեարկողներ` Ռուբեն Սադոյանը, Սպարտակ Մելիքյանը, եւ մի քանի բացականեր: ԲՀԿ-ն ամբողջ կազմով «բացակա» է եղել, դաշնակցականներ Վահան Հովհաննիսյանը եւ Աղվան Վարդանյանը ապահովել են եղած 2 «ձեռնպահները», Արմեն Ռուստամյանն ու Արմեն Բաբայանը «բացակա» են եղել, իսկ Արծվիկ Մինասյանը «դեմ» է եղել:
Մյուս «դեմերը» եղել են «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնող Ալեքսանդր Արզումանյանը, անկախ պատգամավոր, մեծամասնականով ընտրված Էդմոն Մարուքյանը եւ ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանը: «Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանի անվան դիմաց գրված է «չի քվեարկել», սակայն նույն ցուցակի վերջում ավելացված է, որ Ռուբեն Հակոբյանը հայտարարում է, թե ինքը «դեմ» է քվեարկել:
«Ժառանգության» մյուս պատգամավորները` Զարուհի Փոստանջյան (այս պահին գտնվում է ԵԽԽՎ-ում), Խաչատուր Քոքոբելյանը (առողջական խնդիրներով արտասահմանում է) «բացակա» են եղել, «բացակա» է դրված նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի անվան դիմաց, թեեւ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է մանդատից: Մանդատից հրաժարված Ռուբեն Հայրապետյանի անունն, օրինակ, ցուցակում չկա:
Կարդացեք նաև
«Բացակա»են նաեւ ՀԱԿ-ից Ստեփան Դեմիրճյանը (առողջական խնդիրներ ունի), Լեւոն Զուրաբյանը (ԵԽԽՎ-ում է) եւ Հրանտ Բագրատյանը (արտասահմանում է): Արամ Մանուկյանը «չի քվեարկել», իսկ ահա Գագիկ Ջհանգիրյանն ու Լյուդմիլա Սարգսյանը «կողմ» են քվեարկել:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ