Այսօր Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ասուլիսի ժամանակ պարբերաբար հույս էր տալիս, որ
քաղաքային տրանսպորտն անպայման «մի օր երեւանցիների երազածը» կլինի: Իսկ մինչ այդ բաղձալի «մի օրվա» գալը, լրագրողների բոլոր այն դիտարկումներին` երթուղիների խախտումների հետ կապված, պարոն Նավասարդյանը պատճառաբանում էր` այո, խնդիրներ կան, բայց ներկայումս երթուղիները ավտոբուսներով համալրվում են ու ավտոբուս ներկրելն ամիսներ է տեւում, այդ բոլոր խնդիրները կվերանան երբ ավտոբուսային ցանցն ընդլայնվի:
Նշենք, որ որոշ երթուղագծերի վարորդներ երեկոյան ժամը 21.00-ից հետո հրաժարվում են սպասարկել` պատճառաբանելով, որ օրվա պլանը տվել են, իսկ մի քանի ուղեւորի համար չեն ուզում վառելիք ծախսել:
Կարդացեք նաև
Ուստի Aravot.am-ը հետաքրքրվեց` կարիք չկա՞ հարկային պարտավորությունները վերանայել. պետություն-գծատեր, գծատեր-վարորդ, որպեսզի երկկողմանի ձեռնտու լինի աշխատելը:
Վարչության պետը մեր հարցը լսելով խնդրեց գծից դուրս եկած երթուղայինների համարներ ասել, իսկ ասուլիսին ներկա լրագրողներից շատերը մի քանի երթուղայիններ նշեցին: Վարչության պետը խոստացավ պատժել նման վարորդներին եւ ավելացրեց. «Պետբյուջեի հետ կապված հարկային պարտավորությունները այդքան շատ չէ, եւ դա էական նշանակություն չի կարող տալ: Այստեղ հիմնականում ավտոբուսի ծախսերի ու գների մասին է խոսքը: Նոր երթուղային ցանցով ու նոր պայմանագրերով մեքենաների համապատասխան քանակով ու ժամերին չսպասարկելու դեպքում, ընկերությունը վարչական տուգանքի կենթարկվի»:
Հարցին էլ` որ շատ վարորդներ չեն ցանկանում երթուղագծերում ավտոբուսներ վարել, քանի որ, ըստ հենց վարորդների դժգոհության, օրական 30 հազար դրամ է գծատերը պահանջում, արդյոք սա շատ չէ՞. Պարոն Նավասարդյանն ասաց. «Ավտոբուսի 30 հազար դրամը չպետք է զարմացնի: 24-26 հազար դրամի վառելանյութ է ծախսվում, եթե դուք մտածում եք, որ 26 հազար դրամ պետք է վառելանյութ ծախսի եւ 20 հազար դրամով եկամուտ բերի, ով է սպասարկելու այսպիսի պայմաններում: Եթե ինքը վնասով չաշխատի, կամ որոշակի շահույթ ունենա, օրական պիտի 500-600 ուղեւոր տեղափոխել, այս դեպքում պլանը կդառնա 50 հազարին մոտ: Այնպես որ, զարմանալի չէ»:
Պարոն Նավասարդյանը վստահեցրեց, որ այսօր երթուղագծերում ներդրում անողներ էլ գրեթե չկան, քանի որ ավտոբուսի կամ միկրոավտոբուսների գներն էլ բավականին թանկ են ու մարդիկ չեն ուզում այս ոլորտում ներդրում անել: Ընդ որում, մրցույթներին կարող են հայտ ներկայացնել նույնիսկ օտարերկրյա ներդրողները, բայց նրանք էլ ցանկություն չունեն: Վարչության պետը նաեւ նշեց, որ առաջիկայում ուղեվարձի փոփոխություն չի լինի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ