Մանկական Եվրատեսիլ 2012-ի հայաստանյան ներկայացուցչին արդեն գիտենք, իսկ թե ո՞վ է ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլ 2013-ին՝ դեռ պարզ չէ, սակայն հասարակության քննարկումները վաղուց արդեն սկսվել են. յուրաքանչյուրը ցանկանում է Եվրատեսիլյան բեմում տեսնել իր սիրելի երգչին կամ երգչուհուն:
«Առավոտ երիտասարդականի» անցկացրած հարցման արդյունքում պարզ է դարձել, որ ամենանախընտրելի Եվրատեսիլյան հավակնորդը «Դորիանս» խմբի մեներգիչ Գոռ Սուջյանն է, նրան հաջորդում են Սիրուշոն և Լիլիթ Հովհաննիսյանը:
Ֆեյսբուքը այս հարցում չի զիջում իր ակտիվությամբ: Սիրուշոյի երկրպագուների կողմից բացված «Sirusho-Eurovision song contest» ֆեյսբուքյան խմբին արդեն անդրադարձել ենք, վերջերս բացվել է նմանատիպ ֆեյսբուքյան էջ նաև Լիլիթ Հովհաննիսյանի անունով՝ «Lilit Hovhanisyan for Eurovision 2013 Armenia»: Էջում դրվում են Լիլիթ Հովհաննիսյան մասին նորություններ, նկարներ… նշեմ նաև, որ ֆեյսբուքյան օգտատերերից 380-ից ավելին արդեն միացել են էջին: Գրառումներից կարելի է ենթադրել, որ Լիլիթի երկրպագուները համառորեն են տրամադրված, և գրեթե համոզված են, որ իրենց սիրելի երգչուհուն այս տարի կտեսնեն Եվրատեսիլյան բեմում:
Թեև Գոռ Սուջյանի անունով այսպիսի էջ դեռ չի բացվել, բայց նրա երկրպագուների էջերից, ինչպես նաև «Gor Sujyan fan page»-ից անպակաս են նրա տեսահոլովակները, նկարները, նրա մասին վերջին նորություններն ու տեսանյութերը:
Իսկ թե որքանով կնպաստեն այս էջերը երգիչներին մինչև Եվրատեսիլյան բեմ հասցնելու հարցում՝ ցույց կտա ժամանակը:
Տիգրանուհի Թասլակյան