Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ զուգարան ունենալը հեռավոր երազանք է

Հոկտեմբեր 04,2012 17:16

Կոնդի բնակիչ 64-ամյա Սոնիկ Ասոյանն արդեն 37 տարի ապրում է կենցաղային պայմանների բարելավման ակնկալիքով: Տիկին Սոնիկենց բակում չորս ընտանիք է ապրում, որոնցից երեքը մի զուգարանից են օգտվում եւ երբեմն էլ առավոտյան զուգարանի համար հերթ են կանգնում: «Ո՞վ է տեսել, որ էս դարում մի մետրանոց զուգարանից մի քանի ընտանիք օգտվի»,- զարմանում է տիկին Սոնիկը` հավելելով, որ թոռները 9-7 տարեկան են, բայց մինչեւ հիմա դույլում են հոգում բնական կարիքները: Ընդհանուր զուգարանը գտնվում է տնից մի քանի մետր հեռավորության վրա, իսկ լոգարան ընդհանրապես գոյություն չունի: Կոնդի բնակչուհու խոսքով, մարդը կարող է ապրել առանց լոգարանի, իսկ ահա, զուգարանի հարցը նրանց շատ է մտահոգում: «ՙԼողանալու համար հազար ու մի միջոց կա. բարեկամի տուն կարող ես գնալ կամ հասարակական բաղնիք, կամ ծայրահեղ դեպքում մի քիչ ջուր կարող ես տաքացնել, վրադ լցնել, որ հանկարծ չհոտես, բայց ինչպես կարող ես զուգարան գնալու համար րոպեն մեկ մարդկանց նեղություն տալ, վերջապես, ամոթ է, չէ՞»՚: Իրենց զուգարանից օգտվելու համար, ինչպես ասում է տիկին Սոնիկը, մարդ պետք է քիթը փակ մտնի, հակառակ դեպքում, շնչահեղձ կլինի: «Երկար չես կարող ներսը մնալ, հոտը ահավոր է, ինչքան էլ լվանում, մաքրում ենք, միեւնույն է, ոչ մի փոփոխություն»,- ասում է նա ու ավելացնում, որ երեխաները վախենում են մտնել զուգարան, որովհետեւ անհարմար է եւ անզգույշ շարժումի դեպքում, կարող են հայտնվել մեջը:
Տիկին Սոնիկի խոսքով, իրենց համար լավագույն լուծումն այն է, որ մի փոքր տարածք տրամադրեն` առանձին զուգարան կառուցելու համար: Խնդրով մտահոգված կինը դիմել է նախ թաղապետարան, որտեղ նրան ասել են, որ այդ հարցով զբաղվում է Երեւանի քաղաքապետարանը, եւ առաջարկել են դիմել նրանց: Տիկին Սոնիկի դիմումին քաղաքապետարանը պատասխանել է, որ Կոնդի փողոցներն ընդգրկված են գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկում: Եվ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, վարչությունը պատրաստ է անդրադառնալ հարցի քննարկմանը, շինարարության համար փոխհատուցում չպահանջելու պայմանով, քանի որ դիտարկվող գույքն արդեն իսկ ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ եւ ենթակա չէ փոփոխման: Միաժամանակ հայտնել են, որ բակում զուգարանի կառուցման համար անհրաժեշտ է ստանալ շինարարության թույտվություն: Իրավիճակից ելնելով առաջարկել են նաեւ զուգարան կազմակերպել բնակալի տան տարածքում, որի համար չի պահանջվում շինարարական թույտվություն: ՙԻնչպես զուգարան սարքեմ, երբ երկրորդ հարկում եմ ապրում, բայց որ առաջին հարկում ապրեի, ինչի նո՞ր էի կառուցել, ուղղակի հարմարություններ չկան,- ասում է կոնդեցի կինը` հավելելով, որ դիմել է նաեւ Երեւանի շինվարչություն` հատակագծի թույլտվություն ստանալու համար, որտեղ նրան չեն էլ լսել։ «Աշխատակիցներից մեկը, անունը չեմ էլ հիշում, չցանկացավ իմանալ, թե ինչ խնդրով եմ եկել, միանգամից փորձեց դուրս հրավիրել, բայց երբ ասեցի, որ ինձ իր մոտ են ուղարկել, վերցրեց թուղթը, նայեց ու շատ կոպիտ ասաց, թե ի՞նչ ես բողոքում, հարեւանդ եկել է քո խոհանոցն է պահանջում, դու էլ եկել զուգարան ես խնդրում»- պատմում է տիկին Սոնիկն ու շարունակում, որ իր համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե իր խնդիրն ի՞նչ կապ ուներ հարեւանի դիմումի հետ: Կոնդի բնակչուհին խոստովանում է, որ պատասխանից շատ է նեղսրտել, բայց հավաստիացնում է, որ չի հանձնվելու: «Ո ՜չ տուն եմ ուզում, ո ՜չ էլ ավտոմեքենա, փառք Աստծո, երեխեքս աշխատում են, քչից-շատից ապրում ենք: Ուզածս մի մետր տարածք ա, որ մի փոքր զուգարան սարքենք»- ասում է նա` հավելելով, որ դեռ չգիտի ինչ է անելու, բայց համոզված է` հարցին պետք է լուծում տրվի:

Պերճուհի Գևորգյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031