Aravot.am-ը Երեւանի որոշ դպրոցների աշակերտների ծնողներից ահազանգեր է ստացել, թե 4-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքերը վճարովի են: Ծնողները ցանկանում էին ճշտել՝ արդյոք դրանք նախատեսված են վաճառքի համար, երբ կա ԿԳ նախարարի համապատասխան հրաման:
ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության բաժնի պետ Արթուր Բաղդասարյանը մեր զրույցում ասաց, որ նման բան չի կարող լինել. «Եթե մեզ տրամադրեք դպրոցների համարները, անմիջապես ստուգում կիրականացնենք: Նախարարի համապատասխան որոշման համաձայն՝ 1-4-րդ դասարանների բոլոր դասագրքերն անվճար են տրամադրվում»:
Հիշեցնենք, որ նախարար Արմեն Աշոտյանի՝ «2012-2013 ուսումնական տարվա հանրակրթական ուսումնական հաստատությունների դասագրքերի համար ներդրումային գումարների չափը հաստատելու մասին» օգոստոսի 28-ի հրամանի համաձայն՝ սահմանվել է 2012-2013 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը: Ըստ նույն հրամանի, կրտսեր դպրոցում (1-4-րդ դասարաններ) բոլոր դասագրքերը աշակերտներին տրամադրվում են անվճար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ