Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսի՞ն է մեր վերաբերմունքը «խառնածին ամուսնությունների» նկատմամբ

Հոկտեմբեր 04,2012 16:55

Արտասահման մեկնելն ու օտարերկրացու հետ ամուսնանալը շատ հայ աղջիկների երազանքն է: Նրանք դա բացատրում են որոշ հանգամանքներով. նախ ուզում են հեռու մնալ «քյարթուներից», կխուսափեն ավանդական «կարմիր խնձորից», միաժամանակ հնարավորություն կունենան սովորելու ամենալավ համալսարաններից մեկում և այլն: Թերևս այս պատասխանները հնչեցին մեր անցկացրած հարցման ընթացքում, որին մասնկացել է 30 հայ աղջիկ: Նրանցից միայն 3-ն է կտրականապես դեմ օտարերկրացու հետ ամուսնությանը, քանի որ ինչպես իրենք են պնդում, հայրենասեր են: Իսկ 10-ը ազգային պատկանելության հարցում ընդհանրապես խտրականություն չի դնում: «Եթե էնպես ստացվեր, որ սիրեի օտարերկրացու, բայց ոչ մահեդականի, և սերս փոխադարձ լիներ, կամուսնանայի: Կապ չունի հայ է, իտալացի, թե բրազիլացի. կարևորը զգացմունքն է ու դրա լրջությունը, և ոչ թե ազգայիյն պատկանելությունը»,-ասում է Գայանեն ու անկեղծանում ` ցանկանում է, որ իր ամուսինը իսպանացիների նման տաքարյուն լինի ու իսպանացու բնավորության գծեր ունենա։
Իսկ 23 –ամյա Սոնայի համար օտարերկրացու հետ ամուսնանալը երբեք էլ երազանք չի եղել, պարզապես այնպես է ստացվել, որ համացանցով երկար ժամանակ ամերիկացու հետ շփվելով՝սիրահարվել է նրան․ «Սկզբում ուզում էի լավացնել անգլերենս և միայն դրա համար էի շփվում Սեմի հետ։ Նամակագրությունից անցանք տեսազանգեր։Երկուսս էլ հասկացանք, որ մենք իրար հետ այնքան ենք կապվել, որ համակարգչից հեռու չենք գնում։ Հավանաբար ձմռանը նա արդեն այստեղ կլինի, ու մենք կլրջացնենք մեր հարաբերությունները»,-ասում է նա ու հավելում, որ իր կարծիքով՝ համամարդկայինը ամեն ինչից վեր է։
Սակայն մեր հասարակության զգալի հատվածը կտրականապես դեմ է այդ տեսակ ամուսնություններին։ «Ես երբեք չեմ թողնի, որ աղջիկս ամուսնանա այլազգի ներկայացուցիչի հետ՝մանավանդ եվրոպացու։ Երեխա չեմ մեծացրել, որ եսիմ ում տամ։ Ոչ էլ կուզեմ, որ հարսս արտասահմանցի լինի․ ուր կորան մեր ադաթները, էլ չեմ խոսում մեր մշակույթի մասին»,-ասում է 41-ամյա Հռիփսիմեն։
Իսկ ինչպե՞ս է այս ամենին վերաբերվում Հայ Առաքելական եկեղեցին։ Ինչպե՞ս է կատարվում պսակադրությունը։ «Ցանկալի է, որ հայը հայի հետ ամուսնանա։ Դա ազգային մտածելակերպ է։ Սակայն եթե ազգությամբ ոչ հայ անձնավորությունը մկրտվի Հայ առաքելական եկեղեցու ծեսով, ապա իրավունք է ստանում պսակադրվել եկեղեցում։Սա վերաբերում է ոչ քրիստոնյա օտարերկրացիներին մուսուլման, բուդդայական։ Իսկ եթե օտարերկրացին քրիստոնյա է, ապա նա օրհնության կարգից և մեր Հավատո Հանգանակը ուտելուց հետո նույնպես իրավունք է ստանում պսակադրվել Հայ Առաքելական եկեղեցում», -գրում է Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը araratian-tem.am-ում։
Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների ամուսնությունները գրանցվում են նույն օրենսդրությամբ, ինչ որ Հայաստանի քաղաքացիներինը։ Միակ տարբերությունն այն է, որ նրանց ամուսնությունները գրանցելիս ներկայացնում են անձնագիր և տվյալ պետության համապատասխան մարմինների տեղեկանքը ամուսնություն չունենալու մասին, որը ըստ միջազգային պայմանագրերով սահմանված կարգի, պետք է վավերացված լինի։ Այնուհետև օրենքով սահմանված մեկամսյա ժամկետից հետո նշանակվում է օրը և զագսը։

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031