Այսօր տեղի ունեցավ «Սովորական ցեղասպանություն» նախագծի վավերագրական բազայի՝ Karabakhrecords.info ինտերնետային ռեսուրսի շնորհանդեսը:
ՀՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակական կապերի կենտրոնի կողմից իրականացվող «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարիա Գրիգորյանի խոսքով՝ սա ունիկալ փորձ է եւ նման ռեսուրս գոյություն չունի: Կուտակել են մեծ արխիվային նյութեր եւ տեղակայել են արխիվային ցանցում: Կայքը մեռած վիճակում չի լինելու, անընդհատ թարմացվելու է .
«Մենք համակարգված ձեւով ենք ներկայացնում 1987-1992 թ. իրադարձությունները` հայերի դեմ բռնությունների, ջարդերի եւ սպանությունների հիման վրա:Ռեսուրսի նպատակը կրում է պատմական բնույթ`չոր փաստերի հիման վրա ներկայացվում է իրողությունը, որի մասին Հայաստանում շատ քչերը ունեն պատկերացում: Այն պատասխան է տալիս Ադրբեջանի խեղաթյուրումներին ու ստերին: Մեզ բնորոշ լեզվով`փաստաթղթերով եւ արխիվային նյութերով մենք հակահարված ենք հասցնում նրանց, քանի որ Ադրբեջանում հային սպանողը հերոս է, այլ ոչ թե հանցագործ, հայի սպանությունը այնտեղ չի համարվում հանցագործություն»:
«Այլատյացության կանխման նախաձեռնություն» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Արմինե Ադիբեկյանը նշեց, որ կայքը ստեղծվել է բազմալեզու եւ մաքսիմալ հարմարավետ: Ներկայացված են դատական-քննչական նյութեր եւ բազմաթիվ լուսանկարներ: Կայքը կոչված է օգնելու բոլոր հետազոտողներին, ուսանողներին եւ փորձագետներին, ովքեր ուսումնասիրում են տվյալ ժամանակահատվածը եւ ցանկանում են օբյեկտիվ տեղեկություններ ստանալ Ղարաբաղյան հակամարտության պատմության վերաբերյալ:
Karabakhrecords.info ինտերնետային կայքը ստեղծված է «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում, որն իրականացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի կողմից 2009թ. նոյեմբերից: Այս ժամանակահատվածում ստեղծվել է չորս փաստագրական ֆիլմ՝ Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի դեպքերի եւ «Օղակ» գործողության մասին, որոնք նաեւ թարգմանվել են մի քանի լեզվով: Կայքը ներկայացնում է «Սովորական ցեղասպանություն» նախագծի փաստագրական բազան. արխիվային փաստաթղթեր, հետաքննության եւ դատական գործընթացների նյութեր, լուսանկարներ եւ տեսագրություններ, ականատեսների եւ տուժածների վկայություններ, միջազգային կազմակերպությունների եւ փորձագետների գնահատականներ, ինչպես նաեւ տվյալ թեմայով մամուլի հրապարակումներ եւ գրքեր:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ