Արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը երեկ Aravot.am-ի հետ զրույցում հերքել էր, որ իր S դասի «Մերսեդեսը» նվեր է գերմանացուց եւ վստահեցրել, որ այն 40-45 հազար դոլար է, ոչ թե 100-300 հազար եվրո:
Հիշեցնենք, որ արտգործնախարարի շքեղ մեքենայի հարցը բարձրացրել էր ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Այսօր նախարարի հերքման առնչությամբ պարոն Փաշինյանը մեր զրույցում պատասխանեց. «Ես ԱԺ պատգամավոր եմ, մասնակցել եմ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, ֆինանսաբյուջետային հանձնաժողովի համատեղ նիստում տվել եմ պաշտոնական հարց, ստացել եմ պաշտոնական պատասխան: Փոխնախարարի ներկայացուցիչը նստած էր անմիջապես իմ հետեւում, Շավարշ Քոչարյանը դիմեց իրեն, կինը պատասխանեց, որ դա նվեր է գերմանացուց: Հիմա Էդուարդ Նալբանդյանը ուրիշ տեղերում ինչ է ասել՝ ինձ հետաքրքրում է այն ինֆորմացիան, որ ես տիրապետում եմ պաշտոնապես»:
Կարդացեք նաև
Արտգործնախարարը նաեւ ասել էր, որ իր մեքենայի շուրջ անամոթ խոսակցություններ են տարվում: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ «Ես Էդուարդ Նալբանդյանին խորհուրդ եմ տալիս անամոթ բառը շատ զգուշորեն օգտագործել»:
Ինչ վերաբերում է մեքենայի արժեքին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ օրը լրագրողների մոտ հայտարարությամբ է հանդես եկել եւ իր բոլոր ասածներն ուժի մեջ են:
Վերջում Նիկոլ Փաշինյանն ավելացրեց «Թող արտգործնախարարը բացատրություններ տա, թե ինչու Սաֆարովի արտահանձնման բանակցությունների պիկին Հայաստանի Հանրապետությունը Հունգարիայում դեսպան չի ունեցել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ