Իրանի ազգային դրամանիշ ռիալը վերջին մեկ տարվա ընթացքում մոտ հարյուր տոկոսով արժեզրկվել է: Դժվարացել են ներմուծման և արտահանման աշխատանքները, արտարժույթի սակագնի մեծ տատանումների և միջազգային պատժամիջոցների կիրառման պատճառով սառեցվել են հազարավոր արտասահմանյան գործարքներ և Իրանի կենտրոնական բանկը սահմանափակել է արտասահմանում սովորող ուսանողներին պետական գնով վալյուտա տրամադրելու գործընթացը:
Հայաստանում սովորում եմ մեծ թվով իրանցի ուսանողներ, աշխատում են տասնյակ գործարարներ և ապրում են հարյուրավոր իրանցի ընտանիքներ՝ հիմնականում իրանահայեր, որոնց ֆինանսական վիճակը կախված է նաև իրանական ռիալի փոխարկման գնից: Ուսանողներն իրենց ծնողներից ստացած գումարներով պետք է ուսման և բնակարանի վարձ վճարեն և առօրյա ծախսերը հոգան. նրանք այժմ զրկվել են Իրանի բարձրագույն ուսման նախարարության և կենտրոնական բանկի մշակած մատչելի գնով արտարժույթ ստանալու հնարավորությունից և որոշները հավանաբար տուն վերադառնան: Մեծ թվով ընտանիքներ, որոնց հայրերը հիմնականում աշխատում են Իրանում և վալյուտա են ուղարկում Հայաստան, այժմ նեղվում են իրենց խիստ արժեզրկված եկամուտից. Երևանում ապրում են նաև մեծ թվով իրանցի թոշակառուներ, որոնք նախապես իրենց ամսական կենսաթոշակը գոնե տանելի սակագնով ստանում էին Երևանի իրանական բանկից, իսկ հիմա ռիալի սաստիկ արժեզրկման պատճառով նրանց թոշակն էլ է փոշիացել:
Գործարար շրջանակները անկայուն կուրսի պատճառով չեն կարողանում լուրջ գործարքներ կնքել, հայկական բանկերը հիմնականում հրաժարվում են իրանցիների համար հաշիվներ բացել և կամ բանկային գործարքներ կատարել: Տասնյակ հայ կամ ոչ-հայ իրանցիներ, որոնք Երևանում կանխավճարով բնակարաններ են գնել, այժմ դժվարանում են մասնավճարները վճարել և շինարարության ասպարեզում ևս Իրանի ազգային արժույթի գնանկումն իրեն զգացնել է տալիս:
Իրանի տնտեսական անկայուն վիճակն իրեն զգացնել տվեց նաև տուրիզմի ասպարեզում: Անցած ամառ, համեմատ նախորդ տարիների, քիչ իրանցիներ այցելեցին Հայաստան և իրանցի երգիչների շրջագայություն ևս Երևանում չկազմակերպվեց: Տարագիր այս երգիչների այցելության բերումով օրական մոտ յոթ հազար իրանցի երկրպագուներ էին հավաքվում Երևանի մարզահամերգային համալիրում և տնտեսագետների հաշվարկով այդ օրերին ավելի քան քսան միլիոն դոլար էր մտնում Հայաստան:
Կարդացեք նաև
Իրանի ազգային արժույթի գնանկումը դեռ երկար ժամանակ իրեն զգացնել կտա նաև Հայաստանի շուկայում և առաջիկայում Ամանորի, ապա նաև իրանական Նովրուզի օրերին առավել շոշափելի կլինի տուրիզմի ասպարեզում:
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ