Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան և Ադրբեջանը համառորեն չէին ցանկանում, որ ԵԽԽՎ-ն ընդունի «քաղաքական բանտարկյալներ» տերմինի սահմանումը

Հոկտեմբեր 04,2012 15:57

Ինչպես արդեն տեղեկացրել ենք երեկ ԵԽԽՎ-ն տվեց «քաղաքական բանտարկյալ» տերմինի սահմանումը: Հայկական պատվիրակության անդամներ Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Ռուստամյանը երեկ զեկույցի կապակցությամբ հայտնեցին իրենց կարծիքը: Զ. Փոստանջյանը հայտարարեց. «Քաղաքական բանտարկյալների հարցը Եվրախորհրդում տարիների պատմություն ունի: Այդ իսկ պատճառով ԵԽ-ի համար օրակարգային հարց պետք է լինի համապատասխան մեխանիզմների ընդունումը, որոնք կդատապարտեն և կսահմանափակեն իշխանությունների, իշխող կուսակցությունների հնարավորությունները ներգրավվել այն անձանց բանտարկության մեջ, որոնք հանդգնել են արտահայտել այնպիսի կարծիք, որը պատկանում է այլ քաղաքական ուժի: Մենք դատապարտում են բազում լրագրողների, մարդու իրավունքների պաշտպանության ակտիվստների, քաղաքական գործիչների շարունակական բանտարկությունները: Եթե մենք լրջորեն ուսումնասիրենք բանտերում գոյություն ունեցող իրավիճակը, ապա ակնհայտ կդառնան մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման դեպքեր, ինչպիսիք են կտտանքները, մարդկանց արժանապատվությունը նվաստացնող դեպքերը, որոնք երբեմն նաև հանգեցնում են մահվան: Այդպիսի օրինակներ են Վրաստանի բանտում տեղի ունեցած ու Մագնիտսկու դեպքերը: Բազում քաղաքական բանտարկյալներ ԵԽ-ի անդամ տարբեր երկրներից սպասում են մեր իրական գործողություններին: Նրանցից մեկը ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանն է, ով դարձավ քաղբանտարկյալ քրեական գործի վարագույրի ներքո: Նրա ազատազրկումը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Զեկույցի ընդունումն ու քաղբանտարկյալ տերմինի սահմանումը կարող է դրական լինել քաղաքական բանտարկյալների ազատ արձակման գործում: Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ բազում ներկայիս և նախկին քաղբանտարկյալներ հետևում են մեզ և սպասում մեր որոշմանը»:

Հայկական պատվիրակության մյուս անդամը՝ Արմեն Ռուստամյանը, ևս դրական արտահայտվեց զեկույցի կապակցությամբ և նշեց. «Քաղաքական բանտարկյալ տերմինի սահմանումը լիովին ընդունելի է, միայն մնում է այն կիրառել բոլոր երկրներում և անհատական դեպքերում»:

Պարոն Ռուստամյանն անդրադարձավ Ադրբեջանում գոյություն ունեցող իրավիճակին: Նա նշեց, որ ցանկացած երկիր, որը սրտանց ցանկանում է զարգացնել ժողովրդավարությունը, երբեք չպետք է խոչընդոտներ ստեղծի: Մինչդեռ իր աշխատանքի ընթացքում զեկուցողի իրավունքը սահմանափակվել է, և նրան խոչընդոտել են այցելել Ադրբեջան: Ա. Ռուստամյանը փաստեց, որ կատարվածը Վեհաժողովի կանոնների խախտում է: Մեկնաբանելով կատարվածը՝ նա նշեց. «Ադրբեջանն այս ամենը կազմակերպում է քաղաքական բանտարկյալ տերմինի սահմանման ընդունումը վիժեցնելու համար: Պատճառը հասկանալի է. սահմանումն ընդունվելով, այն վերաբերելու է բոլոր երկրներին, այդ թվում նաև Ադրբեջանին: Մինչդեռ Ադրբեջանը պնդում է, որ ինքը ժողովրդավարական և լեգիտիմ կառավարություն ունեցող երկիր է, այդ իսկ պատճառով չի կարող ունենալ որևէ քաղաքական բանտարկյալ: Հենց այս պատճառով էլ այդ երկիրը ցանկանում է տապալել զեկույցի ընդունումը»:

Նշենք, որ զեկույցին դեմ էին արտահայտվում Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակության անդամները: Օրինակ՝ Թուրքիայի պատվիրակության անդամ, Իրավական հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Մեվլութ Չավուշօղլուն անմտություն համարեց զեկույցում ներկայացված չափանիշները և հայտարարեց, թե զեկույցի ընդունումը կլինի վարկաբեկիչ ԵԽԽՎ-ի համար:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031