Ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը 75-ամյակի նախաշեմին Սանկտ Պետերբուրգի իշխանությունների կողմից հետմահու արժանացել է 2-րդ աստիճանի շքանշանի՝ հայրենիքին ծառայելու համար: Այս մասին այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Սանկտ Պետերբուրգի «Ուղղափառ» կինոստուդիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սոլովյովը, ով շքանշանը կհանձնի Մսրյանի ընտանիքին:
Նա հայտնեց, որ Մսրյանի 75-ամյակին ընդառաջ նկարահանվել է «Ճանապարհներ առանց վերջի» ֆիլմը, որում օգտագործվել են Մսրյանի խաղացած մեկ այլ ֆիլմի՝ «Պագանինիի» չօգտագործված նյութերը. «Նախատեսում ենք նկարահանել եւս մեկ ֆիլմ, որի համար եզակի նյութեր կտրամադրի «Լենֆիլմը» եւ Մսրյանի որդին: Մենք կարեւորում ենք հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը, որն ունի բազմամյա պատմություն եւ դեռ շարունակվելու է»:
Սոլովյովը հավելեց, որ լուսահոգի Մսրյանի 75-ամյակը «Ուղղափառ» կինոստուդիան ցանկանում է նշել բուլղարացի կինեմատոգրաֆիսների հետ. «Երբ Սանկտ-Պետերբուրգի Դերասանի տանը նշում էինք Մսրյանի 70-ամյակը, բուլղարական պատվիրակությունն առաջարկեց դերասանի 75 եւ «Պագանինիի» 35-ամյակները նշել Սոֆիայում: Ուրախ կլինենք, եթե մեր մտադրությունը կյանքի կոչվի: Հիշում եմ, որ Մսրյանն ասում էր՝ քանի Հայաստանը կա, մենք կհանդիպենք»:
Կարդացեք նաև
Ճարտարապետ, Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ, Մսրյանի վաղեմի ընկեր Լևոն Իգիթյանը պատմեց դերասանի հետ ծանոթության մասին. «1972-1973 թ-ին երիտասարդ արվեստագետներով հանգստանում էինք Կոմպոզիտորների միության առաջին քոթեջում: Դա երջանիկ ժամանակաշրջան էր, քանի որ հոգեպես «մերկ» էինք. դրա վրա էր կառուցվում իսկական ընկերությունն ու երջանկությունը: Խնջույքներից մեկի ժամանակ գինովցած էինք, բայց ոչ հարբած: Որոշեցինք քայլել ճանապարհով եւ տեսնել, թե ուր կհասնենք: Ես ու Վովան իրար գրկած քայլում էինք ու զրուցում: Հանկարծ նա կանգ առավ, նայեց աչքերիս մեջ ու հարցրեց՝ դու ինչպե՞ս ես վերաբերվում Ադամի մեղսագործ քայլին: Չկարողացա պատասխանել, քանի որ հարցն անսպասելի էր: Վովան հարցը կրկնեց, ես էլ ասացի՝ շատ բնական: Այդ ժամանակ Վովան ասաց՝ մենք ընկերություն կանենք: Այդպես, նրա էությունը եւ բեմական կյանքը կառուցվեց անկեղծության վրա»:
Իգիթյանի խոսքով, Մսրյանը բացասական դերեր ստանձնելուց կերպարներին չէր փնովում մինչեւ վերջ, որպեսզի հանդիսատեսը հույսը չկորցնի. «Իսկ դրական կերպարներ խաղալուց նա ցույց է տալիս, որ յուրաքանչյուր մարդ կարող է մեղք գործել»:
Ճարտարապետը նաեւ ասաց, որ դիմելու է Երեւանի քաղաքապետարան՝ դերասանի հուշատախտակը տեղադրելու հարցով:
Վլադիմիր Մսրյանի որդին՝ Արման Մսրյանը նշեց, որ մտադիր է հոր մասնակցությամբ ֆիլմերը ցուցադրել Հայաստանում. «Միայն կենացներ ասելով չէ, հանդիսատեսը պետք է ճանաչի այդ ֆիլմերը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ