Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Բլեյան. «Սովորում ես, որովհետեւ քեզ հետաքրքիր է»

Հոկտեմբեր 04,2012 15:26

ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիեզերք» եւ «Robotics» ակումբները սեպտեմբերի 27-29-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցել են «Լեոնարդո դա Վինչի» միջազգային նորարական մրցույթին:

Այսօր կրթահամալիրում կայացած ասուլիսի ժամանակ «Տիեզերք» ակումբի ղեկավար Լեւոն Արամյանը մեր զրույցում ասաց, որ մրցույթի մասին իրենք իմացել են ամենավերջին փուլում: Չնայած դրան, փորձել են առավելագույնս պատրաստվել. «Ակնկալիքները այդքան էլ բարձր չէին եւ հույս չունեինք, որ մրցանակ կշահենք: Ամեն դեպքում նախագծի մեջ ցանկացել ենք ներառել մի բան, որը օգտակար կլինի: Մենք պատրաստել էինք արեգակնային ֆիլտր, որը որ աստղադիտակով կեսօրին էլ կարելի է արեգակին դիտել: Նրա վրա շատ լավ երեւում են արեւաբծերը ու հաշվելով դրանց քանակը ու արեւագծերի խմբերի քանակը, կորոշվի արեգակնային ակտիվությունը: Դրա միջոցով, մարդը, ով առողջական խնդիրներ ունի արեգակնային ակտիվության շրջանում, կիմանա` դուրս գալ տնից, թե ոչ: Մենք հաղթեցինք երկրորդ մրցույթը հենց սրա շնորհիվ: Չգիտեինք, թե ինչպես պետք է ներկայանայինք: Տեղում իմացանք, որ ցուցահանդեսով է դա լինելու: Փառք Աստծո, կարողացանք արագ կազմակերպել դա»:

«Robotics» ակումբի ղեկավար Սերգեյ Բրուտյանն ասում է, որ այնտեղ ներկայացրել էին երկու նախագիծ, որոնք ուղղված են եղել կրթական ոլորտում բարձր տեխնոլոգիաների օգտագործմանը:

«Տիեզերք» ակումբի ներկայացրած «Ինքս ինձ ուսուցիչ» նախագծի մասնակից Վահե Ղարիբյանի խոսքով, Վրաստանում իրենց շատ ջերմ են դիմավորել: Ասում է` միայն գրաֆիկն է շատ ծանր եղել. «Ազատ ժամանակ ունենում էինք երեկոյան: Երբ մեր անունը արտաբերեցին, ես հպարտություն զգացի, որ ներկայացնելով Հայաստանը գրավել ենք երկրորդ հորիզոնականը»:

Մխիթար Սեբաստացու ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Նելլի Շարոյանը մասնակցել է «Վագրենավորի ընթերցումներ» նախագծին: Մեզ հետ զրույցում նշեց, որ հենց իրենց խումբն է նկարահանել է Շոթա Ռուսթավելու «Վագրենավորը» ստեղծագործության ֆիլմը. «8-ից 10 րոպեանոց ֆիլմ էր: Ավելի շատ մենք կրեատիվ լուծումներով էինք ներկայացրել ստեղծագործությունը: Մենք արեցինք դա եւ արժանացանք «Լավագույն կոմպոզիցիոն նյութեր» մրցանակին: Մրցակիցները շատ էին, բայց ժյուրին ընտրեց մեզ»:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը «Առավոտին» ասաց, որ հեղինակային կրթական ծրագիրը իր կազմակերպումն է պահանջում: Դրա մեջ կարեւոր են ուսումնահետազոտական նախագծերը: Դրա վառ օրինակներից մեկն էլ «Լեոնարդո դա Վինչի» նախագիծն էր. «Սա մեր կյանքն էր: 24 ժամ, անընդհատ իրականացնել կրթական աշխատանք: Երկու բան կա, մեկը, որ դու սովորում ես դպրոցի, ծնողի եւ գնահատականի համար, մյուսը, որ սովորում ես, որովհետեւ քեզ հետաքրքիր է»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031