Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սփյուռքի նախարար. լրագրողները պետք է լուսաբանեն Թուրքիայի ծպտյալ, բայց ինքնության մասին բարձրաձայնող հայերին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2012 15:07

Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Եղիշե Չարենց» սրահում տեղի ունեցավ լրագրողների 6-րդ համահայկական համաժողովը` «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդես եկավ բացման խոսքով՝ ասելով. «Այսօր մենք ականատես ենք լինում նոր հանցագործությունների. Եվրոպական պետություն համարվող Հունգարիան առուծախի է ենթարկում համամարդկային արժեքները եւ արտահանձնում եղկելի ոճրագործին: Դիվանագիտական ի՞նչ ճանապարհով երկխոսենք մի պետության հետ, որը հերոսացնում է վախկոտ հանցագործին, որն իր պետության անվերջ կարկատվող դրոշին դաջում է արյունոտ կացինը: Այստեղ է, որ հայ լրագրողները պետք է բարձրացնեն խնդիրը եւ ասելիք ունենան, որովհետեւ մեզ համար հերոսները ոչ թե մարդասպաններն են, այլ մտավոր մարտը հաղթած շախմատիստները: Նրանց ոգով է դաստիարակվում մեր սերունդը»:

Տիկին Հակոբյանը նշեց,, որ Եվրախորհուրդն այսօր համաժողովում քննարկելու է Սաֆարովի արտահանձնման հետ կապված խնդիրը. «Ուրախ եմ, որ օտար երկրների պատգամավորները հարց են բարձրացնում անօրինականությունների եւ հանցագործությունների դեմ: Համաշխարհային հանրության աչքն այդքան էլ տեսնող չէ, հետեւաբար` լրագրողները պետք է ներկայացնեն մեր պահանջները»:

Սփյուռքի նախարարը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց 3 խնդրի վրա` Ցեղասպանության հարցը համաշխարհային հարթակում, Ցեղասպանության ճանաչման խնդիրը Թուրքիայում եւ Ցեղասպանության ազդեցությունը սփյուռքի վրա. «Առաջինի պարագայում միջազգային կառույցները պետք է ճանաչեն եւ դատապարտեն ոճիրը: Հայ լրագրողական համայնքը առաջիկա երկու տարվա ընթացքում պետք է շատ խոսի եւ նպաստի այս երկրների կողմից Ցեղասպանության ճանաչմանը, որովհետեւ բոլորն էլ գիտեն դրա մասին: Պետք է խոսել թվերով եւ փաստերով, մասնավորապես` բարձրաձայնել, որ առաջին եւ երկրորդ Համաշխարհային պատերազմների ժամանակ ավելի քիչ մարդ է զոհվել, քան Ցեղասպանության հետեւանքով: Եթե թուրքի ձեռքը ժամանակին կասեցվեր, չէր լինի Սումգայիթ, Հրանտ Դինք եւ Գուրգեն Մարգարյան»:

Երկրորդ խնդրի շուրջ Հրանուշ Հակոբյանը փաստեց, որ Թուրքիան երկփեղկվել է. «Ցեղասպանության մասին փաստերն անկնհայտ են: Թուրքիայում ազնիվ մարդիկ կան, որոնք կարծում են` ժամանակն է մաքրել դարի փոշին եւ ասել ճշմարտությունը, ներողություն խնդրել մեզանից եւ քայլել առաջ: Այդ մարդկանց պետք է լուսաբանել, քանի որ թուրքի խոսքը տարբերվում է այլազգիների կարծիքներից: Բացի այդ, ուշադրություն դարձնենք Թուրքիայի այլադավան ծպտյալ հայերին, ովքեր խնդիրներ են ստեղծում այդ պետության համար` բարձրաձայնելով իրենց ինքնության մասին»:

Երրորդ խնդրի մասով նախարարն ասաց, որ հայապահպանության համար մղվող ամենօրյա պայքարի հետեւանքով հայկական սփյուռքը տառապում է. «Արտագաղթը նույնպես ցեղասպանության հետեւանք է»:

Հայաստանում ԼՂՀ ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը ներկայացրեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձը. «Լրագրողների համահայկական ժողովները բարի ավանդույթ են դարձել մեր իրականության մեջ: Ուրախալի է, որ նախորդ համաժողովը տեղի ունեցավ Արցախում: Լրատվությունը հանդիսանում է ռազմավարական կարեւորագույն այն ասպարեզներից, որոնք առնչվում են պետության կենսագործունեության բոլոր ոլորտների հետ: Լրատվությունը աշխարհասփյուռ հայության ամրապնդման, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի խորացման, հայ ազգային ինքնության պահպանման առանցքային միջոցներից է , որի նշանակությունն արդի համաշխարհայնացման պայմաններում դժվար է գերագնահատել: Այս տեսանկյունից կարեւոր է համայն հայության համախմբումը՝ Եղեռնի ճանաչման գործում: Այս ուղղությամբ աշխատանքները պահանջում են սերտ համագործակցություն՝ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի քաղաքական, լրատվական, գիտական, վերլուծական եւ այլ շրջանների միջեւ»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնության խոսքը. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրապետական մեր օրհնությունն ենք բերում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցներիդ: Գոհություն ենք մատուցում Բարձրյալին, որ տարեցտարի համազգային ծրագրերը հայրենիքում համախմբում են մեր ժողովրդի տարբեր մասնագիտություններ ունեցող զավակներին: Այսօր Հայաստանի եւ Սփյուռքի լրատվամիջոցների ներկայացուցիչներդ համախմբվել եք՝ համատեղ քննարկելու եւ միասնական գործակցությամբ ուղենշելու այն ճանապարհները, որոնցով առավել պիտի արդյունավորեք Ձեր առաքելությունը եւ ներդրումը Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչմանը»:

Հավելենք, որ համաժողովի մասնակիցներն այսօր կմեկնեն Աղավնաձոր եւ կշարունակեն աշխատանքները` մինչ հոկտեմբերի 6-ը ներառյալ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031