Լրահոս
Օրվա լրահոսը

Օդատար խողովակից հանել են կիսամեռ շան ձագի, որին այնտեղ են գցել փոքրիկ երեխաները

Հոկտեմբեր 04,2012 14:50

Հոկտեմբերի 4-ը Կենդանիների համաշխարհային օրն է, որն ամենամյա տոն է եւ կոչված է մարդկության ուշադրությունն ուղղել Երկիր մոլորակի մյուս բնակիչների խնդիրներին:

Կենդանիների համաշխարհային օրը եւս մեկ հիշեցում է, որ կենդանիների բարեկեցությունը բարդ հիմնախնդիր է Հայաստանում, որն օրեցօր սրվում է, հատկապես թափառող շների գլխաքանակի վերահսկման առումով: Օրենսդրության, քարոզչության եւ կրթական նախագծերի, մարդկային տարբերակներով գլխաքանակի վերահսկման ծրագրերի եւ գթասիրտ վերաբերմունքի մշակույթի բացակայության պատճառով մեր երկիրը կենդանիների բարեկեցության առումով վատ հեղինակություն եւ անշահավետ դիրք ունի:

Կենդանիների համաշխարհային օրը, որպես հատուկ օր, որոշվել է բնապահպանների միջազգային գագաթաժողովին, Իտալիայի Ֆլորենսիա քաղաքում 1931 թվականին՝ ոչնչացող կենդանատեսակների հիմնախնդիրն առաջնահերթություն դարձնելու նպատակով, իսկ հետագայում այն դարձել է բոլոր կենդանատեսակների տոն:

«Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական համագործակցության ներկայացուցիչ Նանե Արամյանը նշեց, որ սա առաջին քայլն է, որը օրենսդրական բազայի հիմք կստեղծի եւ մենք՝ հայերս վերջապես քաղաքակիրթ երկրի տեսք կունենանք.

«Ցանկացած կենդանի էակի հանդեպ գթասիրտ կամ առնվազն հանդուրժողական վերաբերմունքն այն հիմնարար սկզբունքն է, որով առաջնորդվող հասարակությունը զարգանում է ներդաշնակության եւ խաղաղության գաղափարներով: Կյանքի յուրաքանչյուր ձեւի հանդեպ հարգանքը եւ, այդուհանդերձ, առանձին կենդանատեսակների զանգվածային ոչնչացման մերժումը լոկ մարդասիրական դրույթներ չեն: Կենդանիների գլխաքանակի վերահսկման օրինակով՝ դրանք նաեւ հանրային առողջապահության եւ անվտանգության ապահովման պարտադիր պայմաններ են: Ցանկացած իրավախախտում, ցանկացած աննորմալ իրավիճակ, միանշանակ հովանավորվում է պետական մարմինների կողմից ու դրա համար պատասխանատու են ոչ թե շարքային քաղաքացիները, այլեւ օլիգարխիկ տարրերը»:

Բանախոսի պնդմամբ սեփական երկրի բնությունը փչացնելը դավաճանություն է: Առաջին հերթին սա քրեորեն պատժելի հանցագործություն է, որով պետք է զբաղվի ոստիկանությունը եւ հուսով է, որ քաղաքակիրթ երկրի ազգային ժողովը ծուլության չի մատնվի եւ վերջապես ոստիկանությունը տեղից կշարժվի:

ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը կարծում է, որ եթե մի երկրում մարդու հանդեպ են դաժան վարվում, ուր մնաց կենդանիների հանդեպ չվարվեն.

«Մարդիկ կարծում են, որ ծառը նրա համար է, որ կտրեն խորոված սարքեն, տաքանան, բայց չեն հասկանում, որ դա թթվածին է, եւ ոչ ստամոքսի պահանջները բավարարելու միջոց, բնության նկատմամբ անտարբերություն նույնպես կա: Արվեստը, բնությունը, կենդանին, ամեն ինչը փոխկապակցված են, եթե մարդը կարող է քացով ու քարով խփել շանը եւ սատկացնել, ուրեմն դու ապրում ես մի տեղ, որտեղ շատ հանգիստ կարելի է մարդուն նույնպես սպանել: Եթե հարց չբարձրացվի, ապա ես ինքս որպես քաղաքացի այս հարցը կբարձրացնեմ, որովհետեւ մարդու կյանքի խնդիրն է»:

«Դինգո» կենդանասերների կամավորական խմբի ներկայացուցիչ Լուսի Հարությունյանի խոսքով կենդանիների բարեկեցության, հատկապես թափառող կենդանիների հիմնախնդրի կարգավորման ոլորտում, կամավորական դերն անգնահատելի է.

« Ընդհանուր առմամբ կենդանիների բարեկեցության ոլորտում հաջողություններ գրանցելու եւ վերջնական արդյունքների հասնելու միակ ուղին պետական պատկան մարմինների շարունակական համագործակցությունն է հասարակության եւ դրա մաս կազմող կենդանասեր կազմակերպությունների հետ»:

Վերջերս ներկայացուցիչը ու կամավորական խումբը փրկարարների օգնությամբ օդատար խողովակից հանել են կիսամեռ շան ձագի, որին այնտեղ են գցել փոքրիկ երեխաները. «Դաժան է, երբ արդեն փոքր տարիքից երեխան զվարճանում է նման բան անելուց: Դեպքերը բազմաթիվ են, իսկ դաժան գնով փրկված 620 կենդանիներին մենք մի կերպ ենք օգնել»:

Կենդանիների համաշխարհային օրը նշում են աշխարհի շատ երկրներում: Կենդանիների բարեկեցության միջազգային եւ հասարակական կազմակերպությունների կողմից մանկապարտեզների, դպրոցների, համալսարանների, կրոնական միավորումների, ակումբների եւ անհատների մասնակցությամբ կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ: 2008թ.-ից ի վեր Հայաստանը եւս նշում է հոկտեմբերի 4-ը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031