«Արգո թի» թեյարանների ցանցի հիմնադիր Արսեն Ավագյանն անցած շաբաթ Լիբանանում բացեց արտասահմանում գտնվող իրենց առաջին թեյարանը: Հաղորդում է «Վորլդ թի նյուզ» լրատվականը:
«Բեյրութը պատուհան է Մերձավոր Արևելքի համար», – 37-ամյա Արսեն Ավագյանի, որը մեծացել է Երևանում, խոսքն է փոխանցում լրատվականը: Նա և իր պատանեկության ընկեր՝ ծրագրավորող Սիմոն Սիմոնյանը ԱՄՆ են գաղթել 1990-ականներին, որտեղ նրանք միացել են ֆրանսիացի կառավարման խորհրդատու Դանիել Լիդվազերին ու 2003թ. սկսել իրենց գործունեությունը:
Լրատվականը, հիմնվելով «Թայմ» հանդեսին, գրում է՝ «Արգո թի» մասնավոր ընկերության շահույթը գնահատվում է 20 միլիոն դոլար: Ընկերությունն ունի 30 գործող վայր, հիմնականում Չիկագոյում, որտեղ նրա գլխամասն է:
Ավագյանն ասում է, որ իրենք ուզում են թեյի համար սարքել այն, ինչ «Սթարբաքս»-ը սարքել է կոֆեի համար: