Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը «Հայացք» ակումբում անդրադարձավ Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին:
Ըստ նրա՝ «ոչ ոք չէր սպասում, որ այսպիսի զարգացումներ տեղի կունենան Վրաստանում, եւ խոսքն ամենեւին չի գնում նրա մասին, որ Սահակաշվիլիի կուսակցությունը դժվար կարողանար լուրջ ձայներ հավաքել, բայց բոլորը, ելնելով տասնամյակների փորձերից, համոզված էին, որ նրա իշխանությունը օգտագործելով՝ ադմինիստրատիվ ռեսուրսները կկարողանա իր համար նպաստավոր իրավիճակ ստեղծել, եւ եթե նույնիսկ տանուլ տային մայրաքաղաքում, ապա շրջաններում Սահակաշվիլիի կուսակցությունը կկարողանար ձայների մեծամասնությունը ստանալ»:
Մինասյանի խոսքերով, այն իրադարձությունները, որ Վրաստանում տեղի ունեցան սեպտեմբերին, ինչպես նաեւ հայտնի բանտերի հետ կապված սկանդալը, լուրջ ազդեցություն թողեցին ադմինիստրատիվ ուժային կառույցների վրա՝ «Այն փաստը, որ երկու նախարար ընտրություններից մեկ շաբաթ առաջ հրաժարական տվեց, բայց դրա հետ մեկտեղ չի բացառվում այն, որ Սահակաշվիլիի իշխանությունը չկարողացավ օգտագործել ադմինիստրատիվ ռեսուրսը, դա նաեւ կախված էր վարչապետի կողմից նեյտրալ կեցվածք ընդունելու պատճառով: Շատերն են փաստում, որ վարչապետը վերջին շրջանում բավականին հեռացել էր այդ կուսակցությունից, եւ ցույց էր տալիս իր նեյտրալիտետը»:
Կարդացեք նաև
Քաղաքագետը գտնում է, հասկանալի է, որ Վրաստանում ընդդիմության հաղթանակը մեծամասամբ կախված է այն փաստից, որ այնտեղ քաղաքական պատկերը կիսվել էր, եւ քաղաքական պայքարը գնում էր իշխանամետ ազգային շարժման եւ վրացական «Երազանք» կուսակցության միջեւ:
«Ընտրությունների արդյունքները ընդունելու հետ կապված Սահակաշվիլիի կեցվածքը բավականին բարձրացրեց նրա համբավը որոշ արեւմտյան երկրներում եւ կառույցներում, ինչն էլ 2013 թվականին կարող է մեծ դեր խաղալ քաղաքական պայքարում»,-ասաց Մինասյանը, ավելացնելով՝ այն, որ ընդդիմությունը ստացել է խորհրդարանը ղեկավարելու հնարավորություն, դա դեռ չի նշանակում, որ քաղաքական պայքարը Վրաստանում վերջացած է, բայց այն իրադարձությունները, ինչ տեղի ունեցան՝ աննախադեպ էր:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ