Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերենը վտարված է ԵՊՀ-ում անցկացվելիք միջազգային գիտաժողովից

Հոկտեմբեր 04,2012 14:21

Երբ անկախության քսան տարիների ընթացքում Հայաստանում ապօրինի գործող օտարալեզու դպրոցների եւ դասարանների գոյությունը օրինականացնելու նպատակով երկու տարի առաջ փոփոխվեց Լեզվի մասին օրենքը, վերջինիս պաշտպանները զգուշացնում էին, որ սա միայն սկիզբն է. բավական է հանձնենք պաշտպանության այս գիծը եւ հետեւելու են նոր ոտնձգություններ։ Մեզ փորձում էին համոզել, թե սա ոչ մի կերպ չի վտանգում հայոց լեզվի ապագան, այլ գիտե՞ք, հակառակը. նպաստում է նրա զարգացմանը, քանի որ առանց օտար լեզվի իմացության զարգացում չի կարող լինել, որ գիտությունը ազգություն չի ճանաչում, որ բավական է դասավանդել հայոց լեզուն որպես առարկա, իսկ մնացած առարկաները նպատակահարմար է անցնել այլ լեզուներով (իմա՝ անգլերեն եւ ռուսերեն)։ Առավել ուղղախոսները պարզապես անվանում էին մեզ հետամնաց, գավառամիտ։ Մենք պատասխանում էինք, որ օտար լեզվի ուսուցումը կապ չունի օտարալեզու ուսուցման հետ, որ լեզվի զարգացումն անհնար է առանց դրա ամենօրյա գործածության, որ հայոց լեզուն պիտի զարգանա սպասարկելով հայի կենսագործունեության բոլոր ոլորտները, այդ թվում եւ գիտությունը, եւ որ վերջապես, գավառամտությունը հենց այն է, երբ չես նկատում, որ ամբողջ աշխարհը շարժվում է փոքր լեզուների դերակատարության աճի ուղղությամբ, ինչի լավագույն վկայությունն է այն, որ ներկայումս բարձր տեխնոլոգիաների ոլորտի բոլոր փոքրիշատե խոշոր ընկերությունները ձգտում են տեղայնացնել իրենց արտադրանքը նույնիսկ այնպիսի լեզուներով, ինչպիսիք են տիգրինյան ու իգբոն, իսկ քրդերենի կամ կատալոներենի մասին չենք էլ խոսում, եւ այլն, եւ այլն։

Բայց օրենքը փոփոխվեց, եւ մեր երկրում նոր օտարալեզու դպրոցներ բացվեցին, ծնունդով հայ հարյուրավոր երեխաներ իրենց «առաջադեմ» ծնողների նախաձեռնությամբ ոտք դրեցին ոչ հայկական առաջին դասարաններ, ավելացավ այն երեխաների թիվը, ովքեր առօրյայում բացատրվում են բացառապես ռուսերեն (չգիտես, թե ինչո՞ւ ոչ անգլերեն), մինչդեռ մեզ համոզում էին, որ, դե, տանը, միեւնույն է, հայերեն ենք խոսելու (խոհանոցում, գարաժում՝ տուլկի-կլադիշ փոխելուց…), կրկնապատկվեցին ՈP տառաշարի համարանիշով ավտոմեքենաները՝ հաստատելով մեր լեզվի ՈP-ի վիճակը… Ի դեպ, լատինական տառերի հետ համընկնող հայոց չորս Լ, Ո, Ս, Օ տառերով եւ հինգ արաբական թվերով կարելի էր կազմել 3.2 միլիոն համարանիշ (իսկ ՊՆ եւ ՊԲ տառազույգերով էլ լրացուցիչ եւս 400 հազար)։ Այդ ինչո՞ւ հանկարծ անցանք լատինական մյուս տառերին։ Մի՞թե արդեն յուրաքանչյուր հայ քաղաքացու՝ ծծկեր երեխաներին ներառյալ, առանձին ավտոմեքենա է հասնում։

Բայց այս ամենը սոսկ որպես նախաբան։ Վերջերս տեսա հայտարարություն այն մասին, որ կազմակերպվում է «Autochtonous Peoples of the Caucasian-Caspian Region, International Conference, 5-7 Oct., 2012, Yerevan, Armenia» կամ «МЕЖДУНАРОДНАЯ КОНФЕРЕНЦИЯ: Коренные народы Кавказко-Каспийского региона», Ереван, Армения, 5-7 октября, 2012։ Իսկ քիչ անց ասված էր, որ «The working languages of the conference are English and Russian» կամ «Рабочие языки конференции – английский и русский»։ Կարծում եմ՝ մեր առաջադեմ երկրում կարիք չկա թարգմանելու այստեղ բերված անգլերեն եւ ռուսերեն տողերը։ «Առավոտի» այն հարցին, թե ինչ եմ ես մտածում working languages-ի մեջ հայերենը ներգրավված չլինելու վերաբերյալ, ես ասացի մոտավորապես այն, ինչ շարադրել եմ սույն հոդվածի նախաբանում, նշելով նաեւ, որ համաձայն մեր երկրի Սահմանադրության եւ Լեզվի մասին օրենքի դեռեւս գործող դրույթների՝ «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները (ընդգծումն իմն է, Ռ. Թ.)», «համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների եւ պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը»։ Հետեւապես բավական է կատարել օրենքի այս դրույթը, եւ հայոց լեզուն ինքնաբար կդառնա այդ գիտաժողովի աշխատանքային լեզուն։ Ընդամենը կատարել օրենքի պահանջները։ Որպեսզի յուրաքանչյուր հայ, ով ցանկություն կունենա ունկնդրել Leiden-ից կամ Boston-ից ժամանածների զեկուցումները, կամ հնարավորություն ունենա մասնակցելու գիտաժողովի աշխատանքներին, կարողանա դա անել իր մայրենի լեզվով, այլ ոչ թե պարզի, որ իր երկրի մայրաքաղաքի մայր Համալսարանում անցկացվող միջազգային գիտաժողովում հայոց լեզուն արգելված է։ Իսկ հարգարժան հյուրերն էլ տեսնեն, որ իրենք արժանապատվության զգացում ունեցող եւ սեփական օրենքների նկատմամբ հարգանք տածող ժողովրդի երկիր են ժամանել։ Բնականաբար, անհրաժեշտ կլինի միջոցառման բյուջեում այլ ծախսերի կողքին նախատեսել նաեւ համաժամանակյա թարգմանություն ապահովող թարգմանիչների վարձատրությունը, ինչպես նաեւ միջոցառման հետ կապված հրապարակումները կրկնօրինակել մայրենի լեզվով նույնպես։ Չգիտեմ, կհասցնեն կազմակերպիչները իրականացնել այս վերջին պահանջը, բայց համաժամանակյա թարգմանությունն ապահովելը շատ ժամանակ չի պահանջի։

Սակայն կազմակերպիչները կարծես թե տրամադրված էլ չեն ինչ-որ բան փոխելու. երեւի լավ իմանալով, որ առնվազն ատենախոսությունների վրա օրենքի վերոհիշյալ դրույթն այլեւս չի տարածվում։ Գիտաժողովի կազմկոմիտեի քարտուղար Դր. Խաչիկ Գեւորգյանը Ֆեյսբուքում այսպես է արտահայտվել. «Օրենքը չի գործում եւ վերջ ու պետք է փոփոխության ենթարկվի։ Անհնար է, որ գիտաժողովները հետեւեն այդ օրենքի հենց այդ կետին։ Օրենսդրական նախաձեռնություն է անհրաժեշտ, որին ես ձեռնամուխ կլինեմ շուտով ու կփորձեմ այդ կետը փոխել»։ Ինչպես տեսնում ենք, Խաչիկ Գեւորգյանը մոռացել է լատինական իմաստուն խոսքը. Dura lex, sed lex։ Ասել է թե, դաժան է օրենքը, որ պարտադրում է մայրենի լեզվով վարել գիտաժողովը, բայց քանի դեռ այն չի փոխվել, նրան պարտավոր ես հետեւել։ Ճիշտ է, փոխելն էլ, գիտենք, դժվար չէ, բայց հազիվ թե դա հաջողվի անել հինգ օրվա ընթացքում։ Ի դեպ, հետաքրքիր է՝ ինչպե՞ս է ՀՀ օրենսդրությունը վերաբերում օրենքին չհետեւելու հրապարակային կոչերին։ Թո՛ղ իրավաբաններն ասեն։

Ըստ «Առավոտ» թերթի, գիտաժողովի կազմկոմիտեի անդամ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դոցենտ Վարդան Ոսկանյանն ասել է. «Նշված միջոցառումը խիստ մասնագիտական եւ գիտական հրատապություն ներկայացնող խնդիրների արծարծմանն է ուղղված, վերաբերում է զուտ արեւելագետներին եւ կովկասագետներին (Հավանաբար, սա պետք է հասկանալ այսպես. մեզ, արեւելագետներիս համար լեզուների իմացությունը խնդիր չի. մնացածներն էլ թող քթները չխոթեն): Ցանկացած գիտական միջոցառում ունի իր աշխատանքային լեզուն, որի խնդիրը ապահովելը չէ գիտաժողովի հանրային ընկալելիության աստիճանը, որովհետեւ կոնկրետ սա քաղաքական միջոցառում կամ հասարակական լայն ակցիա չէ (համեմատիր հաջորդ նախադասության ընդգծված խոսքի հետ – Ռ. Թ.), նեղ մասնագիտական է, ու նպատակն այն է, որ միջոցառման մասնակիցները կարողանան հասկանալ մեկը մյուսին, գիտական թեզերի հետ համաձայնեն, քննարկեն, բանավիճեն (այս ամենին պատասխանում է Լեզվի մասին օրենքի վերեւում բերված կետը): Կովկասյան եւ Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդների խնդիրը նաեւ ունի իր որոշակի քաղաքական նշանակությունը. քաղաքական որոշակի լիցքեր է պարունակում (տե՛ս վերեւում. առանց մեկնաբանությունների- Ռ. Թ.), հետեւաբար հայերենով նման միջոցառման անցկացումը դադարեցնելու է դրա ուղղվածությունը հիմնական թիրախներին։ Տվյալ ժողովուրդների ներկայացուցիչները, որոնք բնակվում են համապատասխան վայրերում եւ չեն տիրապետում հայերենին, զրկված են լինելու համապատասխան «մեսիջներ» ստանալուց եւ դրանց ծանոթանալուց: Իսկ մենք ցանկանում ենք, որ լեզուներն ընկալելի լինեն հենց տեղաբնիկ ժողովուրդներին»։

Իսկ սա արդեն «շպիոն Օնիկի» շարքից է. կազմակերպիչները կարծես թե իրենք իրենց շատ լուրջ են ընկալում։ Ինչպես ասում էր Լեոնիդ Ֆիլատովի հայտնի հերոսը. շ Ջ վպ տՐՏրՑՏ ոՈսՈոՏվþ! շ Ջ տՏսՌՑՌՍց ՉպՊց! (հուսով եմ ինձ կներվի այս «աշխատանքային լեզվի» գործածումը. այն անհրաժեշտ էր «մեսիջի» համար)։

«Չգիտես ինչու, «Լեզվի մասին օրենքի» կետերը, որ տվյալ պահին չեն տարածվում այս միջոցառման վրա (տարածվել-չտարածվելու հարցով տե՛ս մեջբերումն՝ օրենքից), հիշում են, եթե քննադատության օբյեկտը չակերտավոր թույլ է, ու որեւէ մեկը չի անդրադառնում, ենթադրենք, որեւէ զվարճանքի օբյեկտի, կազինոների, տաքսիների անվանումներին: Հիմնական թիրախը, որտեղ խախտվում է լեզվի մասին օրենքը, օրինակ հենց Ամերիկյան համալսարանում հայերենով դասավանդում չի իրականացվում, շատերը գիտեն ու որեւէ մեկը չի բողոքում»:

Ի՞նչ կարելի է պատասխանել. «դո՛ւ ասացիր»։ Ես չէի համեմատի գիտաժողովը կազինոյի հետ։ Բայց դե երեւի ինձ ինչ-որ հանգամանքներ հայտնի չեն։ Ինչեւէ։

Ինչ վերաբերում է «թույլ» լինելուն, ապա դա կերեւա հոկտեմբերի 5-ին. եթե կազմակերպիչները կատարեն օրենքի, եւ Լեզվի տեսչության պահանջները (հուսով եմ, գոնե այս անգամ Լեզվի տեսչությունը օրենքի կողմը կընդունի) եւ ապահովեն միջոցառման համաժամանակյա թարգմանությունը՝ ուրեմն իրենք իրոք թույլ են. ինչպես մեր ամբողջ հայկական գիտությունը։ Իսկ եթե կարողանան մինչեւ վերջ հասցնել ապօրինությունը, ուրեմն տաքսիների ու կազինոների պես զորեղ են։

Աստված վկա, չգիտեմ, թե որ տարբերակն է ավելի վատը։

ՌՈՒԲԵՆ ԹԱՐՈՒՄՅԱՆ

30.09.2012

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031