Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր երկրների մշակութային ֆենոմենը

Հոկտեմբեր 04,2012 14:14

Մեկնաբանում են Սիմոն Տոպչեսկին եւ Գեւորգ Հակոբյանը

Ըստ Սիմոն Տոպչեսկիի, փոքր երկրների արվեստագետների համար կարիերայի սկզբում դժվար է աշխարհին ներկայանալը:

Գեւորգ Հակոբյանը ոչ մի հեղինակավոր բեմ չի փոխի հայրենականի հետ:

Փոքր երկրների արտիստները դատապարտված են աշխարհում ավելի շատ  շրջագայելու՝ իրենց արվեստը ճանաչելի դարձնելու նպատակով: Նման երկրների արտիստների համար սա կենսական պահանջ է, մինչդեռ մեծերի համար՝ նաեւ հաճելի շրջագայություն: Կա տեսակետ, թե փոքր երկրի, ասենք՝ երաժիշտը, առաջին իսկ առիթի դեպքում կզոհաբերի հայրենիքում կատարվող աշխատանքը դրսի որեւէ  հռչակավոր մշակութային օջախում ելույթ ունենալու համար: Այս առիթով զրուցեցինք երկու անվանի արվեստագետների՝ Մակեդոնիայի երաժշտության դեսպան համարվող  դաշնակահար Սիմոն Տոպչեսկիի եւ ՀՀ վաստակավոր արտիստ, Ազգային օպերային թատրոնի մեներգիչ Գեւորգ Հակոբյանի հետ:

«Համամիտ եմ, որ դժվար է լինել փոքր երկրի  մշակույթի կրող, այնպիսին, ինչպիսին են, օրինակ, Հայաստանն ու Մակեդոնիան: Իսկապես, երկու երկրների արվեստագետներիս համար, մանավանդ կարիերայի սկզբում՝ դժվար էր աշխարհին ներկայանալը: Էլ չխոսեմ այն մասին, որ մեծ երկրները, ի տարբերություն փոքրերի, մշակույթի ոլորտում էլ մեծ խաղեր են խաղում: Ամեն դեպքում, սիրում եմ ամեն ինչ չափի մեջ: Երբեք նույնիսկ «Կարնեգի հոլլ» դուրս գալը չեմ փոխի երկրիս բեմահարթակի հետ: Համոզված եմ, որ հայաստանցի կոլեգաներս էլ են այդպես կարծում: Ի վերջո, երաժիշտը 6-7 տարեկանից սկսում է տառապել մինչեւ հանրահայտ դառնալը մեկ նպատակի համար՝ հաճույք պատճառել ունկնդրին: Իմ դեպքում ունկնդրի ազգությունն ինձ համար կապ չունի»,- ասաց Սիմոն Տոպչեսկին, հավելելով, որ չի պատրաստվում համերգային շրջագայությունների պատճառով կյանքի կեսն անցկացնել ինքնաթիռների մեջ:

Գեւորգ Հակոբյանն էլ, ով վերջերս է վերադարձել Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ՝  «Օդեսան դիմավորում է ընկերներին» արվեստի եւ մշակույթի երկրորդ միջազգային փառատոնից, հայտնեց հետեւյալը. «Ժամանակին մերժել եմ մեծանուն դիրիժոր Ձուբին Մեհտայի՝ Իսպանիայում 5 անգամ Վերդիի «Աիդա» օպերայում Ամոնասրոյի դերերգով հանդես գալու առաջարկը, քանի որ այդ ժամանակ մեր թատրոնում ընթանում էին «Աիդայի» փորձերը: Արտիստի համար հյուրախաղերը անհրաժեշտ են կոլեգաների ու այլազգի հանդիսատեսի հետ շփման, ինֆորմացիայի եւ այլնի առումով: Ի վերջո, հյուրախաղերը մեծ պատասխանատվություն են պահանջում. չէ՞ որ երկիրդ ես ներկայացնում»: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, թե ինքը նախ կարեւորում է հայաստանցի հանդիսատեսի առջեւ հանդես գալը, սակայն մյուս կողմից էլ, երգչի խոսքերով՝ եթե հյուրախաղերը չլինեն, ապա արտիստը «կդոփի» նույն տեղում, ինչն արվեստում համազոր է նահանջի:

Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Սիմոն Տոպչեսկիի մենահամերգը՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան) հետ, իսկ Գեւորգ Հակոբյանին արվեստասերները կարող են հանդիպել հոկտեմբերի 6-ին՝ Ազգային օպերային թատրոնում, «Համերգ ճեմասրահում»  նոր նախագծի շրջանակներում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031