«Առավոտի» տեղեկություններով, 2012 թվականի սեպտեմբերի 19-ին Հրազդանի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ Ռադիկ Հարությունյանը իր աշխատասենյակում ծեծի է ենթարկել եւ բռունցքներով ու ոտքով հարվածելով աշխատասենյակից դուրս է հանել 62-ամյա, «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» հ/կ անդամ Գալուստ Կիրեղյանին: Ըստ նախնական տեղեկությունների, դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վերջինս փորձել է հետաքրքրվել, թե ինչու է ուշանում քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի որոշումը՝ երեք դեռահաս երեխաներին մոր հետ տեսակցելու կարգ սահմանելու մասին:
2012 թվականի օգոստոսի 2-ին «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» հ/կ դիմում է ներկայացրել Հրազդան քաղաքի բնակչուհի Կարինա Նասոյանը եւ հայտնել, որ նախօրեին իր ամուսինը՝ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ Արմեն Սերոբյանը, իրեն ծեծի է ենթարկել, սպառնացել, որ դանակով կսպանի եւ գիշերվա ուշ ժամի տնից դուրս է վռնդել: Նա ունի երեք դեռահաս երեխա՝ 8 տարեկան, 6 տարեկան եւ 2 տարեկան, որոնց հետ ամուսինը չի թույլատրում հանդիպել: Խնդրել է, որ կազմակերպությունը հասարակական կարգով իրավական աջակցություն ցուցաբերի երեխաներին տեսակցության կարգ սահմանելու եւ իր խնամքին հանձնելու հարցերի շուրջ: ԻՀՄԱ նախաձեռնությամբ, համաձայն դիմումատուի դիմումի, օրենքով սահմանված կարգով կազմվել է հանձնաժողով եւ համապատասխան պետական մարմինների, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի գյուղապետի եւ համայնքի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի անդամների մասնակցությամբ կազմակերպվել է երկու հանդիպում- տեսակցություն երեխաների հետ: Հետագա օրերի ընթացքում կրկին երեխաների հայրը՝ Ա. Սերոբյանը, չի թույլատրել մորը հանդիպել իր երեխաների հետ:
Հայցադիմում է ներկայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ երեխաներին մոր խնամքին հանձնելու հայցապահանջով: Միաժամանակ ԻՀՄԱ կողմից դիմում է ներկայացվել Հրազդանի քաղաքապետին, ով ի պաշտոնե հանդիսանում է համայնքի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նախագահը՝ միջդատական ժամանակահատվածում երեխաներին տեսակցության կարգ սահմանելու վերաբերյալ:
«Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Մարոզյանի տեղեկացմամբ՝ «քաղաքապետարանի հիշյալ որոշումը չկա առ այսօր, որի ուշացման պատճառները հասկանալի չեն, առավել եւս վիճաբանող կողմերի՝ դիմումատու Կարինա Նասոյանի եւ Արմեն Սերոբյանի միջեւ նման որոշման բացակայությունը լարվածությունն արհեստականորեն սրում է, իսկ մեր կազմակերպության փորձերը՝ պարզել խնամակալության մարմնի՝ երեխաներին տեսակցություն սահմանելու որոշման ուշացման պատճառները, ավարտվում են պետական պաշտոնատար անձի կողմից իր աշխատասենյակում այլ անձանց եւ աշխատակիցների ներկայությամբ տարեց մարդուն եւ երրորդ կարգի հաշմանդամին ծեծի ենթարկելով եւ դուրս վռնդելով»: Խաչիկ Մարոզյանը «Առավոտի» հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ դեպքի օրը տուժած Գ. Կիրեղյանը դիմում է ներկայացրել Կոտայքի մարզի դատախազին: Մինչ այդ Ռադիկ Հարությունյանը շարունակում է պաշտոնավարել՝ անգործության մատնելով համայնքի բնակչության համար կարեւոր նշանակություն ունեցող խնամակալության եւ հոգաբարձության մարմինը:
Կարդացեք նաև
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ