Լրահոս
Օրվա լրահոսը

Հարս-սկեսուրի վեճով փաստաբաններն էին դատարանում

Հոկտեմբեր 04,2012 14:08

Հայցվորի ներկայացուցիչը:

Պատասխանող կողմը:

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ելենա Քոչարյանի նախագահությամբ, այսօր սկսվեց Հասմիկ Չուխաջյանի հայցն ընդդեմ «Հովնանյան Ինթերնեյշընլ» ՍՊ ընկերության, երրորդ անձ ճանաչված Հրաչ Լեւոնի Գասպարյանի օրինական նեկայացուցիչ Վերոնիկա Ալեքսանյանի հայցով նախնական նիստը:

Հասմիկ Չուխաջյանը հայցով դիմել էր դատարան՝ հանգուցյալ որդու՝ Լեւոն Գասպարյանի եւ «Հովնանյան Ինթերնեյշընլ» ՍՊ ընկերության միջեւ կնքված Երեւանի «Վահագնի» թաղամասի Հրազդանի 14 տան եւ 1355 քմ հողամասի առուվաճառքի 24.08.05 նախնական պայմանագիրը եւ 11.08.07թ. 1374 առուվաճառքի պայմանագիրը գնորդի մասով անվավեր ճանաչելու, Հ. Չուխաջյանին որպես գնորդ ճանաչելու, 13.06.08թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի 5996 վկայագիրը տան մասով մասնակի անվավեր ճանաչելու եւ 18.06.08թ. տան սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջներով: Տեղեկացնեմ, որ Հասմիկ Չուխաջյանի (սկեսուր) լիազոր ներկայացուցիչն էր փաստաբան Լուսինե Օհանյանը, իսկ Վերոնիկա Ալեքսանյանի (հարս) ներկայացուցիչն է Նազելի Վարդանյանը: Դատական վեճը սկսվել է այն բանից հետո, երբ մահացել է Վերոնիկայի ամուսինը՝ «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ում անհատ ձեռնարկատեր, ոսկյա իրերի առեւտրով զբաղվող Լեւոն Գասպարյանը: Այսօրվա դատական նիստին մասնակցում էին միայն փաստաբանները: Հասմիկ Չուխաջյանի ներկայացուցիչը հանդես եկավ հայցադիմումի լրացմամբ՝ պահանջելով, որպեսզի «Հովնանյան Ինտերնեյշընլ» ՍՊԸ-ն պայմանագիր կնքի Հասմիկ Չուխաջյանի հետ: Նազելի Վարդանյանի կողմից այն առարկվեց հետեւյալ պատճառաբանությամբ. Վերոնիկա Ալեքսանյանի ներկայացուցիչը գտնում էր, որ Հասմիկ Չուխաջյանը ապրիլի 16-ին դատարան ներկայացրած իր հայցադիմումով կարող էր այդ պահանջը ներառել, մինչդեռ նա տարբեր միջնորդություններով ձգձգել է դատական հերթական նիստերը: Նա հարցրեց՝ ինչո՞ւ մինչ օրս այդ միջնորդությամբ հանդես չեք եկել, ինչին Հասմիկ Չուխաջյանի ներկայացուցիչը պատասխանեց, որ դա իրենց դատավարական իրավունքն է, նշելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի այն հոդվածը, համաձայն որի՝ նախնական նիստերի ժամանակ մինչ դատաքննություն սկսելը, հայցվորն իրավունք ունի լրացումներ կատարելու: Ըստ Նազելի Վարդանյանի, այս միջնորդությունը փոխում էր հայցի բովանդակությունը եւ բնավ լրացում չէր: Բանը հասավ փոխադարձ վիրավորանքներին. Նազելի Վարդանյանն ասաց, որ քննարկում ենք ծնողազուրկ երեխայի, այրի կնոջ հարց եւ ողջամիտ չէ դատարանում ներկայացվածը: Հասմիկ Չուխաջյանի ներկայացուցիչը, հակադարձելով իր գործընկերոջը, հայտարարեց. «Իզուր եք վարկաբեկում թերթերով Հասմիկ Չուխաջյանին, ասելով, թե երեխային՝ Հրաչ Գասպարյանին տատը զրկել է ամեն ինչից, մինչդեռ նա ամեն ամիս $1500 գումար է փոխանցում Վերոնիկա Ալեքսանյանին, որին նվիրել է 120 կտոր ոսկյա իրեր՝ մոտ 600.000 դոլարի, թոռանը՝ վիճելի տան 50% սեփականության իրավունքը, այն դեպքում, երբ հարսը չի թույլատրում տեսնել թոռանը»: Նախագահող Ե. Քոչարյանը հորդորեց այլ դատարաններում քննության դրված գործերը չհիշատակել:

Հայցվոր կողմը միջնորդեց, որպեսզի դատարան կանչվեն եւ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ճանաչվեն նոտար Ռոզա Սահակյանը եւ անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանման ներկայացուցիչը:

Ն. Վարդանյանը իր առարկություններն էր ներկայացրել դատարան, գտնելով, որ Հասմիկ Չուխաջյանը ի սկզբանե իմացել է իր որդու՝ Լեւոն Գասպարյանի կողմից տան ձեռքբերման մասին, սակայն երբեւիցե չի վիճարկել այդ փաստը, որ իր հանգուցյալ որդին հանդիսանում է նշյալ տան գնորդն ու սեփականատերը: Հակառակը, ըստ Ն. Վարդանյանի, Հ. Չուխաջյանը իր որդու մահից հետո ինքն է դիմել նոտարական գրասենյակ, հայտարարել եւ մտցրել ժառանգական զանգվածի մեջ «Վահագնի» թաղամասի Հրազդանի 14 տան եւ 1355 քմ հողամասը՝ որպես Լեւոն Գասպարյանի սեփական գույք, ընդունել է որդու մահից հետո այդ ժառանգությունը, ստացել 5996 ժառանգության իրավունքի վկայագիրը, գրանցել է իր սեփականության իրավունքը անշարժ գույքի կադաստրում եւ ստացել է տան 50%-ի սեփականության իրավունքի վկայական: «Նշված հայցադիմումը ոչ միայն անհիմն է, այլ նաեւ անբարո, քանի որ հայցվորը խեղաթյուրելով իրականությունը, փորձում է վիճարկել իր հանգուցյալ որդու կողմից կնքված տան առուվաճառքի պայմանագիրը, զրկելով հորից զրկված իր 5-ամյա թոռանը նրան ժառանգությամբ անցած հոր տան 50%-ի իրավունքից, թողնելով վերջինիս անօթեւան, այն դեպքում, որ հայցվորը, բացի վիճարկվող տան 50%-ից, սեփականության իրավունքով ունի 3 սենյականոց բնակարան, 2 հարկանի սեփական տուն: Սա խոսում է միայն այն մասին, որ հայցվորը ցանկանում է շորթել իմ վստահորդին պատկանող գույքը եւ անհիմն հարստանալ»,- ասում է Ն. Վարդանյանը:

«Հովնանյան Ինտերնեյշընլ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Անդրանիկ Օհանյանը, երբ հայցվորը լրացրեց հայցադիմումը, ասաց, որ ունեն առարկություններ, ինչը կներկայացնեն գրավոր:

Դատական հաջորդ նիստի մասին դատավորը խոստացավ ծանուցել կողմերին, ինչից դժգոհ մնաց պատասխանողի ներկայացուցիչը՝ Ն. Վարդանյանը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031