Լրահոս
Օրվա լրահոսը

«Արայ»-ի սեփականատերը դիմում է ՀՀ նախագահին

Հոկտեմբեր 04,2012 13:48

Մեծարգո պարոն նախագահ, 2011 թվականի հոկտեմբերի 16-ին, տղայիս «ինքնասպանության» դեպքից հետո, համապատասխան քննչական գործողություններն առավել օբյեկտիվ եւ անաչառ իրականացնելու խնդրանքով նամակով դիմեցի Ձեզ: Որպես արդյունք՝ տղայիս հետ առնչվող բոլոր գործերը ՀՀ Ոստիկանության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնից եւ Կոտայքի մարզային քննչական վարչությունից տեղափոխվեցին ՀՀ Ոստիկանության գլխավոր քննչական վարչություն: Այս մարմին տեղափոխվեց նաեւ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի հետաքննչական ծառայության վարույթում գտնվող ինձ պատկանող, 25 տարվա անբիծ պատմություն ունեցող, կենցաղային էլեկտրոնիկայի հայաստանյան շուկայի առաջատար «Արայ» ընկերության նկատմամբ շատ հանկարծակի սկսված հարկային ոլորտի խախտումների վերաբերյալ գործը:

Ինչեւէ, բոլոր գործերի` ՀՀ Ոստիկանության գլխավոր քննչական վարչություն տեղափոխումը ինձ հուսադրեց, որ վերջապես արագ եւ օբյեկտիվ  քննություն կանցկացվի: Սակայն այդ  հույսերս չիրականացան: Իսկ այն բանից հետո, երբ հայտնվեց տղայիս ահաբեկման ու սպանության պատվերի մասին վկայող տեսաերիզը, որտեղ տղայիս քաղաքացիական կինը եւ իմ թոռնուհու մայրը՝ Տատյանա Չադենկովան, եւ ոմն Արթուր պարզ խոսում են տղայիս սպանությունը ծրագրելու մասին, «ինքնասպանության» գործը անհասկանալի պատճառներով կանգ առավ: Ավելին՝ Տատյանա Չադենկովան ոչ միայն ազատության մեջ է, այլեւ պարբերաբար այցելում է Հայաստան եւ տարբեր անհայտ հովանավորների օժանդակությամբ փորձում է  խլել թոռնիկիս:

Տեսաերիզում սպանության կազմակերպման մասին խոսակցությունը տեղի է ունեցել 2010թ. դեկտեմբեր ամսին, որից հետո Տատյանա Չադենկովան, ինչպես ինքը նշել է Արաբկիր համայնքի խնամակալության մարմնում, 2011թ. փետրվարից ապրիլ ամիսներին, որդուս մահից 5 ամիս առաջ, գտնվել է Հայաստանում: Ի՞նչ է նա արել Հայաստանում, ի՞նչ նպատակով է  եկել, ինչո՞վ է զբաղվել, ովքե՞ր են նրան հովանավորում եւ ինչո՞ւ քննչական մարմինը որեւէ քայլ չի ձեռնարկել այդ եւ շատ ավելի հարցեր պարզաբանելու ուղղությամբ՝ ինձ համար անհասկանալի է: Փոխարենը իմ նկատմամբ Հայաստանից բուժման նպատակով բացակայելու համար անհեթեթ հիմնավորումներով Արաբկիր վարչական շրջանի դատախազության եւ քննչական բաժնի համապատասխան պաշտոնատար անձանց «օպերատիվ» աշխատանքի արդյունքում միջազգային հետախուզում հայտարարվեց եւ ընտրվեց կալանք՝ որպես խափանման միջոց:

Եթե նա երեխայի մասին անհանգստանում էր կամ ցանկանում էր երեխայի խնամքով զբաղվել, ապա ինչու նա երբեւէ չի հայտնել երեխայի խնամքով զբաղվելու իր ցանկության մասին եւ չի կատարել դրան ուղղված գործողություններ, այլ երեխայի գոյության մասին հիշել է միայն որդուս մահից հետո՝ երեխային դարձնելով իր ֆինանսական բարեկեցության խնդրի լուծման գործուն միջոց:

Իհարկե, ես իրավասու չեմ քննարկելու քննչական մարմինների եւ դատական համակարգի գործունեությունը՝ դրա ճիշտ եւ արդյունավետ կազմակերպման առումով, սակայն կարծում եմ՝ նման դեպքերում, երբ շոշափվում են ՀՀ քաղաքացի մանկահասակ երեխայի շահեր, հովանավորչությունը, ուղղորդումը եւ կողմնակալությունն անթույլատրելի են եւ պետք է բացառվեն:

Հարգարժան նախագահ, մեկ անգամ եւս հայցում եմ Ձեր աջակցությունը եւ միջամտությունը՝ ընտանիքիս առնչվող գործերով օբյեկտիվ եւ անաչառ քննություն իրականացնելու հարցում՝ հույս ունենալով, որ այսուհետ քննչական եւ դատական մարմիններին ուղղորդող միակ հանգամանքը կդառնա անչափահաս երեխայի լավագույն շահը:

Հարգանքներով՝ ԿԱՐԻՆԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031